Խմբագրական

Նոյեմբեր 15, 2010 00:01

Ազատվել քաղաքական բալաստից

Ազատվել քաղաքական բալաստից

Հասկանալու համար թե ինչպիսի հիվանդությամբ է տառապում մեր քաղաքական համակարգը ու որքան խորն է ախտահարված հանրային օրգանիզմը կոռուպցիոն և այլ հիվանդություններով՝ անհրաժեշտ են լրջագույն հետազոտություններ։ Այդպիսի աշխատանքներ քաղաքականության, տնտեսության, մարդու իրավունքների և այլ բնագավառներում, անշուշտ, արվում են և բուժման ուղիներ առաջարկվում են, բայց ակնհայտ է, որ մեզանում առկա խնդիրները համալիր ուսումնասիրություններ և լուծումներ են պահանջում, որն անհնար է իրականացնել առանց մարտավարական խնդիր հանդիսացող իշխանափոխության։ Սակայն իշխանափոխությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է՝ ՀՀ-ում համակարգային փոփոխությունների հասնելու համար։  

Իշխանափոխությունը հստակ գաղափարական հիմնավորվածություն պետք է ունենա։ Իշխանափոխության ձգտող ուժերը պետք է նախապես հայտարարեն, թե ինչն ինչով և ինչպես են փոխելու։ Իսկ երբ ասվում է, թե եկեք վատ թագավորին բարի թագավորով փոխարինենք՝ դա արդեն քաղաքական կռապաշտություն է, որը բացարձակապես կապ չունի ժողովրդավարության ու քաղաքացիական արժեքների հետ։ 

Հետևաբար՝ ներկա իրավիճակի փոփոխությամբ շահագրգիռ սուբյեկտները նախևառաջ պետք է հստակեցնեն գաղափարական ու ծրագրային առանցքային քայլերը, որոնք արվելու են իշխանությունը վերցնելուց հետո, ու նոր միայն դնեն անձերի կամ լիդերների հարցը։ Եթե «ի՞նչ անելը» հստակեցվի, ապա «ովքե՞ր պետք է դա անեն»  հարցի պատասխանն այնքան էլ հիվանդագին դրսևորումներ չի ունենա։

Մեր պատկերացմամբ՝ Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ արժեհամակարգային փոփոխությունները պետք է ներառեն հետևյալ 2 հիմնական կետերը.

  1. Նոր Սահմանադրություն, որը ՀՀ-ում կսահմանի խորհրդարանական կառավարման համակարգ։ «Մեկ մարդու» կառավարման մոդելը, որը ձևավորվեց  անկախացումից հետո և իրավական տեսք ստացավ 1995-ին «ընդունված» սահմանադրությամբ՝ չի կարող երկիրը դուրս բերել անընդհատ ձգվող ճգնաժամից, այլ ընդհակառակը՝ է՛լ ավելի կխորացնի բոլոր հիվանդությունները (2005-ին հիմնական օրենքում արված փոփոխությունը քայլ առաջ էր, բայց բովանդակային առումով էական տեղաշարժ չապահովեց)։ Սահմանադրական փոփոխությունները պետք է ներառեն նաև պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման համակարգերի արմատապես նոր փիլիսոփայության ամրագրումը, որի դեպքում ներհամայնքային հարաբերությունները ապաբդեշխացման կենթարկվեն և տեղերում քաղաքական կյանքը մեռյալ վիճակից դուրս կգա։ Մասնավորապես՝ Երևանում պետք է անցնել քաղաքապետի ու տեղական ներկայացուցչական մարմնի ուղղակի ընտրությունների։ Այդ նույն մոդելն ի վերջո անհրաժեշտ է ներդնել նաև բոլոր մարզերում։  

Վերը նշված սահմանադրական փոփոխությունները, համոզված եմ, գործուն  նախադրյալներ կստեղծեն իրավական պետության ստեղծման համար։ Իհարկե ես հասկանում եմ, որ այդ ամենը մեկ օրում չի լինելու, բայց զարգացման վեկտորի ճիշտ ընտրությունը և սկզբունքային հարցերի ամրագրումը շատ կարևոր է։ Իսկ առայժմ մենք ճահճային իրականության մեջ ենք ապրում, և ելքը չի երևում, քանի որ քաղաքական դաշտի հիմնական խաղացողները (և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր կոչվող ճամբարներում) վաղու՜ց իրենց սպառել են և, մեծ հաշվով, ստեղծված իրավիճակն իրենց ձեռնտու է և նրանք համառորեն չեն ուզում լքել քաղաքական դաշտը։ Եվ չեն լքի այնքան ժամանակ, քանի դեռ նոր մտածողության սերունդն իր մասին չի բարձրաձայնել։

Նկատենք, որ երիտասարդ ակտիվիստների առկայությունը այս կամ այն ճամբարում դեռ չի խոսում նոր սերնդի մասին։ Շատ կարևոր է, թե հանուն ինչի են պայքարում նրանք։ Եթե պայքարում են, որպեսզի «բազեանան» և իշխանական կերակրատաշտին մոտ գալու հնարավորությունից օգտվեն, ապա դա պատեհապաշտություն է։ Եթե պայքարում են, որպեսզի իշխանական «չար» դեմքին փոխարինեն ընդդիմադիր համարվող «բարի» դեմքով ու երջանկան, ապա դա պատեհապաշտություն չես համարի, բայց վերջնարդյունքում նույն բանը կստացվի։

«Չարին» «բարով» փոխարինելու գաղափարով ապրելը միամտություն կամ ինքնախաբեություն է։ Ավելին՝ դա քաղաքական «միաբջիջ» վարքաբանության դրսևորում է։ Մենք չենք կարող այս կամ այն անձի գերին դառնալ, հետո սպասել քաղաքական մեսիայի, ով ընդամենը սովորական դեմագոգ կարող է լինել։

Որքան հիշում եմ, մեր հանրության մի մասը հավատացել էր «Ջրի մեջ մտնողը թրջվելուց չի վախենա» կամ «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» խոսքերն արտասանողի «սուպերմենությանը», բայց 2008-ի մարտի 1-ին 10 զոհ եղավ, որոնց թվում, բնականաբար, «սուպերմենը» չկար։ Հարցն այն չէ, որ նա  անպայման պետք է զոհվեր, որպեսզի մեզ ապացուցեր նահատակվելու իր պատրաստակամության անկեղծությունը։ Հարցն այն է, որ իշխանությունը ներկայացնող մեկ մարդու դեմ պայքարը չպիտի մղվի մեկ այլ մարդու օգնությամբ ու վերջինիս անդեմ գործիքը դառնալով։ Դա բերում է զոմբիացման, իսկ զոմբին չի կարող առաջադեմ հասարակության ու ժողովրդավարական պետության կառուցման շարժիչ լինել։ Զոմբին ընդամենը մեկ մարդուն մեկ այլ մարդով փոխարինելու գործիք է, որին դեն են նետում իշխանության գալուց անմիջապես հետո։ Ի վերջո, զոմբիական կոդով երեկվա ընդդիմադիրները շատ հանգիստ կարող են դառնալ սերժական տիրույթի ներկայացուցիչներ, ինչն արդեն իսկ նկատվում է։ Հետևաբար՝ զոմբիացած կամ վկայի կարգավիճակով «ընդդիմադիրները» որևէ օգուտ չեն կարող բերել քաղաքացիական հասարակության կայացմանը, որքան էլ որ նրանց գործողություններն առաջին հայացքից լինեն քաղաքացիական պայքարի անվան տակ։ Զոմբին, որպես կանոն,    բավական ուշացած է գլխի ընկնում, որ օգտագործվել է, ինչից հետո սկսում է իբր հակազոմբիություն անել ու ընկնել մյուս ծայրահեղության գիրկը, բայց միևնույն է մնում է զոմբի, քանի դեռ անձերի մակարդակից չի եկել գաղափարական հարցերի տիրույթ։ Կան դեպքեր, երբ զոմբին այդպես էլ մնում է նույն կարգավիճակում, բայց դա արդեն մեզ չհետաքրքրող երևույթ է։ Այլ բանի վրա կուզենայի հրավիրել ձեր ուշադրությունը։

Տեսե՛ք. Սերժ Սարգսյանը միանձնյա և գիշերային որոշումների կայացման մեծ սիրահար է, բայց այդպիսին է նաև «ընդդիմադիր» Լևոն Տեր-Պետրոսյանը. որոշումների կայացման և «շեֆը միշտ ճիշտ է» կարգախոսով առաջնորդվելու առումով նույն վիճակն է նաև տերպետրոսյանական համակարգում։  ՀԱԿ-ի շարքերը և կոնգրեսի անդամ կազմակերպությունների ղեկավարների մեծ մասը հանրահավաքի ժամանակ են իմանում, թե տվյալ փուլում իրենք պայքարում են «Եղիազար Այնթապցու» հլու-հնազանդ «էջմիածնական միաբանը»  դառնալու՞, թե՞ «Սերժի՛կ, հեռացի՛ր»  գոռգոռալու մարտավարությամբ։ Տեր-Պետրոսյանը ինչպես որոշի՝ այնպես էլ կլինի։

Եվ ուրեմն՝ ո՞րն է Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ոճերի բովանդակային տարբերությունը։ Զուտ ձևական տարբերություն նրանց միջև, իհարկե, կա։ Ցանկության դեպքում կարելի է տարբերել ու համակրել ՀՀ գործող կամ առաջին նախագահին։ Մեկին կարող է բարձրահասակ մարդը դուր գալ, մյուսին՝ ցածրահասակը։ Ճաշակին ընկեր չկա, բայց չէ՞ որ քաղաքական գիծը և համակրանքը արտաքին տվյալներով չեն որոշվում։ Քաղաքական գիծը չի որոշվում նաև լավ կամ վատ ճառելու կարողությունները գնահատելով։ Անշու՛շտ, ցանկալի է, որ քաղաքական լիդերն օժտված լինի հռետորական հատկանիշներով, բայց կարևորը ասելիքի բովանդակությունն է, և նոր միայն խոսքի վարպետությունը։ Ի դեպ, հռետորական  լավ հատկանիշներ ունեին նաև ֆաշիստներն ու բոլշևիկները։ Հետո ի՞նչ։  

Համակարգային փոփոխությունների առաջին կետին վերաբերող մեկնաբանություններս ավարտելով նկատեմ, որ եթե մեր հասարակությունը շարունակի քաղաքական կռապաշտությունը, ապա Սերժ Սարգսյանին կհաջողվի կյանքի կոչել իր թուրքմենբաշիական ծրագրերը։ Դրանում մեղավոր կլինենք նաև մենք, որ չկարողացանք կանխել այդ ամենը։ Այնպես որ ժամանակն է հրաժարվել մեկ մարդուն ապավինելու վարքագծից և գնալ գաղափարական քննարկումների ճանապարհով, ձևավորել հասարակական լայն կոնսոլիդացիա և անցնել գործի։    

  1. Սեփականության ինստիտուտի պաշտպանության իրական երաշխիքների ստեղծում և բիզնեսի զարգացման նախադրլաների ապահովում։ Դրան կարող է նպաստել ինչպես տնտեսական օրենսդրության ու իրավակիրառական պրակտիկայի փոփոխությունը, այնպես էլ հարկային համաներում իրականացնելու քաղաքական կամքը, որից հետո պետք է տնտեսական կյանքի փոխադարձաբար ընդունելի կանոններ սահմանվեն ու պաշտպանվեն։ Խոշոր, միջին ու փոքր բիզնեսը պետք է հնարավորություն ստանան զարգանալու։ Խոշոր բիզնեսը, ի համեմատ փոքրի ու միջինի, պետք է երկրի ներսում հայտնվի պրոգրեսիվ հարկման համակարգի ճնշման տակ, որպեսզի ոչ խոշորները ևս կարողանան կայանալ ու աճել, սակայն արտադրության և արտահանման պարագայում նույն խոշոր բիզնեսը առավելագույն չափով օրենսդրական աջակցություն պետք է ստանա պետությունից։  Դա պետք է արվի ոչ թե պետական ձեռնարկություններ բացելու, այլ եղածներին չխանգարելու, հարկաբյուջետային ու դրամավարկային խթանող քաղաքականություն վարելու և պետական հնարավորությունների օգտագործմամբ արտաքին շուկաներ փնտրելու միջոցով։ Հասկանալի է, որ այս պարագայում իշխանությունն ու բիզնեսը պետք է տարանջատված լինեն, այլապես կոռուպցիայի դեմ պայքարն անհնար կլինի և տնտեսությունն էլ չի զարգանա։  Ի դեպ, խոշոր բիզնեսը, որոնց ընդունված է օլիգարխիա անվանել, մեր երկրի թշնամին չէ. դա մեկ։ Երկրորդը՝ օլիգարխները երկրի բարձրագույն իշխանավորներն են, ովքեր փորձում են թաքնվել կեղծ բարեպաշտության, աստվածավախության, ոչինչ չասող ճառերի, տերտերա-դասախոսական առոգանության ու «հայրենասիրական» պաթոսի տակ։

Եթե վերը նշված 2 կետերում նշված փոփոխությունները լինեն, ապա ամուր բազիս կստեղծվի հանրային կյանքի մյուս ոլորտներում քաղաքացիական հասարակությանը հարիր հարաբերություններ ձևավորելու համար։ Քաղաքացիական հասարակության կառուցման և մեր երկրի անվտանգության ապահովման այլ տարբերակ չի երևում։

Հասկանալի է, որ այս փոփոխություններին հնարավոր չէ միանգամից հասնել և անցումային փուլը դեռ որոշ ժամանակ կձգվի, բայց որքան շուտ գանք դրան՝  այնքան լավ։

Պարզ է, որ Նոր ուժի քաղաքական դիրքորոշումը այս շրջանակներում պետք է տեղավորվի, սակայն պարզ է նաև, որ   հեշտությամբ դա չի տրվելու։ Բայց ի՞նչն է հեշտությամբ տրվում։ Առանց պայքարի՝ արդյունք չի լինում։

Արված առաջարկները Հայաստանի ապագա իշխանությունների իրականացվելիք քայլերի «ճանապարհային քարտեզը» պետք է լինի, անկախ այն բանից, թե ով կլինի այդ նոր իշխանությունը։

Սարգսյանական թիմը, բնականաբար, չի կարող և չի ցանկանա գնալ սեփական իշխանության սահմանափակման ճանապարհով։ Դա է պատճառը, որ ես նույնիսկ տեսական մակարդակով չեմ քննարկում այն տարբերակը, երբ այս իշխանությունները կգնան սահմանադրական բարեփոխումների ու բիզնես դաշտի ազատականացման ճանապարհով։

Կլանաօլիգարխիկ համակարգը փոխելու ծրագիր չունի նաև «փողոցային» ընդդիմությունը։ Նրանց ծրագրի անունը «Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՀ նախագահ» է, ինչը ոչնչով չի տարբերվում իշխանությունների՝ «Սերժ Սարգսյանը՝ ՀՀ նախագահ» ծրագրից։ Ուշադիր հետևեք, թե ինչպիսի բառաֆոնդով են հանդես գալիս լևոնական ու սերժական թիմերը և ակնհայտ կդառնա նրանց նույն մեդալի տարբեր երեսներ լինելու հանգամանքը։ Եթե որևէ մեկն ինձ բովանդակային և ոճական տարբերություն ցույց կտա, ասենք, Ռազմիկ Զոհրաբյանի և տերպետրոսյանական նեղ թիմի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանի պահվածքների միջև, ապա անկեղծորեն կզարմանամ։ Նրանց միակ տարբերությունն այն է, որ մի կողմն  անվերապահորեն գովերգում է Սերժին, իսկ մյուսը՝ Լևոնին։ Ընդ որում, երկու ճամբարներում էլ ջանում են ցույց տալ շեֆի անսխալականությունը։ Մի խոսքով, երկուսի մոտ էլ նեխած համակարգ է, իսկ շարքերն ընդամենն օգտագործվում են՝ մեկի դեպքում ընտրակեղծիքներ անելու, մյուսի դեպքում՝ որպես գործիք ծառայելու և իշխանության գալու համար, որպեսզի հետագայում իրենք ընտրակեղծիքներ անեն և օգտվեն կոռուպցիոն լծակներից։ Նման կարծիք ձևավորվում  է այն պարզ պատճառով, որ նախկինում արված սխալները ՀԱԿ վերնախավը չի ընդունում։ Ավելին՝ նրանք հայտարարում են, թե գալով իշխանության՝ վերականգնելու են սահմանադրական կարգը, այսինքն՝ վերադառնալու ենք 1995-ի կոշտ ավտորիտար սահմանադրությանը։ Եթե ՀԱԿ-ում հայտարարում են, որ իրենք քաղաքացիական հասարակություն են ուզում կառուցել, ապա ինչու ճանապարհային քարտեզ չեն ներկայացնում։ Հայաստանի ապագայի հետ կապված նրանց միակ ճանապարհային քարտեզը Տեր-Պետրոսյանի հետևյալ միտքն է, որը նա պարբերաբար հայտնում է. «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարա­բե­րու­թյունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգա­մանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»։

Փաստորեն, քաղաքացիական հասարակության կայացմանն, ըստ Տեր-Պետրոսյանի, խանգարում են ոչ թե մեր ներքին կյանքում ձևավորված  հարաբերությունները, մենաշնորհները, «բեսպրեդելը», ընտրակեղծիքները, այլ Ղարաբաղյան հակամարտության ու հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելը։ Իսկ կարգավորելը ՀՀ առաջին նախագահը տեսնում է փուլային տարբերակով Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում թողնելու, իսկ Թուրքիայի մասով էլ Հայոց ցեղասպանության հարցը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից հանելու տարբերակով։ Եթե կան մարդիկ, ովքեր կստորագրեն տերպետրոսյանական այս կոդերի տակ, ապա նրանց հետ իմաստ չունի քաղաքացիական հասարակությունից ու ժողովրդավարությունից խոսելը։ Ղարաբաղի հարցը, հայ-թուրքական խնդիրը և ներքին կյանքի ժողովրդավարությունը միմյանց հակադրողներն իրականում ամենահակաժողովրդավարական ու հակապետական ուժերն են։

1988-ի շարժման էներգետիկան, ցավոք, մսխվեց և 90-ականների սկզբում մեզանում ձևավորվեց մի համակարգ, որը ավտորիտար էր և նպաստում էր կլանային տնտեսության ձևավորմանը։ Տեր-Պետրոսյանը, որպես իշխանության գլուխ, ընտրեց այդ ճանապարհը։ 1998-ին նա հեռացվեց պաշտոնից, բայց քանի որ համակարգը չփոխվեց, դա բերեց նրան, որ քաղաքական կյանքի շարունակական դեգրադացումը ՀՀ նախագահ դարձրեց Սերժ Սարգսյանին, որը մեզանում ձևավորված փտած համակարգի քայլող մարմնավորումն է։  

2008-ին, որպես հակաիշխանական ներկայացուցիչ, Տեր-Պետրոսյանը հնձեց այն ինչ ցանել էր իր իշխանության տարիներին ու հիմա մենք 1988-ից սկիզբ առած պարբերաշրջանը փակում ենք. Լևոնով սկսեցինք, Լևոնով էլ ավարտում ենք։

Այժմ թերևս շատերի համար (այդ թվում՝ Տեր-Պետրոսյանի երբեմնի կողմնակիցների կամ նրան ձայն տվողների համար) ակնհայտ է, որ իշխանությունը ներկայացնող Սերժ Սարգսյանի և գործող համակարգի կնքահայր Տեր-Պետրոսյանի մոտեցումներն ու նեոբոլշևիկյան մտածողությունը անախրոնիզմ են և յուրօրինակ քաղաքական բալաստ, որը խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը։ Ուստի՝ մեր պետության ապագայով մտահոգ բոլոր ուժերի խնդիրն այդ բալաստից ազատվելն ու տնտեսաքաղաքական նոր համակարգ ստեղծելն է։

Անդրանիկ Թևանյան  

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: