Մեկնաբանություն

09.01.2017 00:05


Նախընտրական հարցականներ և հանգուցալուծումներ

Նախընտրական հարցականներ և հանգուցալուծումներ

Ապրիլի 2-ին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ:

ԿԸՀ-ն արդեն հրապարակել է ընտրությունների հետ կապված ժամանակացույցը: Փետրվարի 6-ից սկսած՝ կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները պետք է ներկայացնեն պատգամավորության համամասնական և ռեյտինգային թեկնածուների ցուցակները: Այսինքն՝ շատ ժամանակ չի մնացել՝ հասկանալու համար, թե ով ում հետ և ինչպես է մասնակցելու ընտրություններին:

Շատ ժամանակ չի մնացել, բայց բազմաթիվ նախընտրական հարցականներ կան ինչպես իշխանական, այնպես էլ ոչիշխանական տիրույթում:

Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ակտիվորեն մասնակցելու է առաջիկա ընտրական գործընթացներին: Դատելով ամենից՝ պաշտպանության նախկին անկուսակցական նախարարը դաշինքային տարբերակով մասնակցության կողմնակից է, սակայն դաշինքի մասնակիցների կազմը դեռևս վերջնական տեսքի չի բերվել (դաշինքի կազմը չի հայտարարվել, ինչը նշանակում է, որ բանակցություններն այդ մասով դեռ չեն ավարտվել): Սակայն շատ ժամանակ չկա, և շուտով ամեն ինչ պարզ կդառնա:

Սամվել Բաբայանը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրական գործընթացներին, այսինքն՝ չի լինելու որևէ կուսակցության կամ դաշինքի համամասնական ցուցակում, սակայն եթե ոչիշխանական դաշտում լինի լայն համախմբում, ապա ինքն ամեն կերպ կաջակցի այդ ուժին: Թե ինչպիսի զարգացումներ կլինեն, պարզ կդառնա մոտ ապագայում:

Գագիկ Ծառուկյանը դեռևս չի հստակեցրել իր՝ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու հարցը: Ակնհայտ է, որ նրա ցանկացած որոշում ազդեցություն է թողնելու ընտրական արդյունքների և քվեների բաշխվածության վրա:

ՀՀԿ-ի ներսում կան անորոշություն և փոխադարձ անվստահություն: Սերժ Սարգսյան - Կարեն Կարապետյան - Սամվել Կարապետյան - Հովիկ Աբրահամյան հարաբերությունների տիրույթում դեռևս բազմաթիվ հարցականներ կան: Օրինակ՝ հստակ չէ, թե սույն գործիչներն ինչ չափով են, այսպես ասած, փայ ունենալու ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, ինչպիսի հերթականությամբ է կազմվելու ՀՀԿ-ի ցուցակը և այլն:

Սերժ Սարգսյանը չի թաքցնում, որ ցանկություն ունի 2018-ից հետո մնալ պետական կառավարման ղեկին և այդ նպատակով էլ օրենսդրական շիլաշփոթ է ստեղծել՝ «ռեյտինգային» ականի տեսքով: ՀՀԿ ղեկավարի ցանկությանը, սակայն, դեմ են ինչպես իշխանական, այնպես էլ ոչիշխանական հատվածներում: Եվ որ ամենակարևորն է՝ մեր հանրության ճնշող մեծամասնությունը հոգնել է այս վիճակից և նոր որակի իշխանություն ունենալու սուր պահանջ է առաջ քաշում:

Վարչապետ Կարեն Կարապետյանը, ով գործարար Սամվել Կարապետյանի հետ միասնական շահերի համակարգ ունի, հայտարարում է, որ ինքն ամենևին էլ ճամպրուկային տրամադրություններ չունի և չի պատրաստվում կարճ ժամանակով գլխավորել գործադիր մարմինը:

Հասկանալի է, որ իր տեղն ու դերն ունենալու կռիվ է փորձելու տալ նաև Հովիկ Աբրահամյանը, և այդ տեղն ու դերը հաստատ ՀՀԿ նախընտրական շտաբի պետ լինելը չէ:

Այլ ուժերի և անհատների հետ կապված էլ կան բազմաթիվ հարցականներ, սակայն առաջիկա քաղաքական գործընթացների արդյունքները վերը նշված անձանց վարքագծից են կախված լինելու:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը