Կարծիք

10.01.2017 12:52


Ինչո՞ւ եք այդքան մեծ խանդավառությամբ ծաղրում ինքներդ ձեզ

Ինչո՞ւ եք այդքան մեծ խանդավառությամբ ծաղրում ինքներդ ձեզ

Հայաստանում երբեք ու երբեք անհանդուրժողականություն, ատելություն, ռասիզմ չի եղել: Ինչ–որ ուժեր արհեստականորեն թեմա բացեցին, թե, իբր, տեսեք-տեսեք, թե Հայաստանում ինչ է կատարվում. սեւամորթ ամուսին ունեցող ընտանիքին նեղում են (իրականում երբեք չեն նեղել, նեղելու մտադրություն էլ չեն ունեցել), հետո գրանտ են ստանալու, որ աջակցեն խառնամուսնությունների ընտանիքներին եւ ժողովրդի հետ բացատրական աշխատանք տանելու համար: Սա այնքան պարզ է, բայց, արի ու տես, որ մեր միամիտ, շատ միամիտ ժողովուրդը կուտը կերավ եւ ոտնատակ տալով իր արժանապատվությունը, իր գենը՝ սկսեց ծաղրել սեփական գենը, ավելի կոսմոպոլիտ կամ զարգացած երեւալու համար: Իմ հորեղբոր կանանցից երկուսը ռուս են: Երբեք որեւէ կերպ ակնարկ անգամ չի եղել, որ նրանք այլազգի են: Մեր հարեւանի կինն ադրբեջանուհի էր: Երբեք անգամ վիրավորանքի չի արժանացել: Սահմանային գյուղերից մեկում ապրում է մեկ այլ ադրբեջանուհի, որն ունի հարգանք եւ վայելում է համագյուղացիների համակողմանի աջակցությունը: Մեր գեղեցկուհի հարեւանուհին ամուսնացավ սեւամորթի հետ, ունեցան երեխա, եւ որեւէ մեկի մտքով չէր անցնում քարկոծել նրանց: Սիրում եւ հարգում էին: Այս օրինակները ձեզնից յուրաքանչյուրը կարող է շարունակել: Եւ հիմա հարց է առաջանում, թե այդ ինչո՞ւ եք այդքան մեծ խանդավառությամբ ծաղրում ինքներդ ձեզ, ձեր գենը, ձեր լեզուն, ձեր անցյալը ու նետվում ձեզ համար անհայտ մի դաշտ:
Ժողովրդավար, ազատական լինելու համար պարտադիր չէ ոտնատակ տալ ազգային արժանապատվությունը: Ժողովրդավար անգլիացիները, գերմանացիները, ֆրանսիացիները միլիարդներ են ծախսում իրենց լեզուն, իրենց գենը աշխարհով մեկ տարածելու, գերիշխող դարձնելու համար: Նույնն անում են չինացիներն ու ռուսները: Եթե այդ գենը, լեզուն այդքան անպետք լիներ, չէին անի, չէ՞: Եւ մեր գենի դեմ այս ծիծաղելի եւ տխուր արշավից հետո հասկանում ես, թե ինչու են գտնվում հայեր, որոնք նետվում են Բաքու, եւ ինչու չի գտնվել գոնե մեկ ադրբեջանցի, որը նույն քայլին կդիմի: Չեմ ցանկանում ավելի խիստ գրել, ավելի սուր անկյուններով ներկայացնել տեղի ունեցածը եւ տեղի ունեցողը, բայց մի՛ վիրավորեք մեզ եւ ամեն կերպ ցույց մի՛ տվեք, որ ավելի երջանիկ եւ կայացած են այն հայ աղջիկները, որոնք ամուսնացել են այլազգիների հետ: Սա շատ վտանգավոր եւ մեր ազգի ու պետության դեմ իրականացվող կեղտոտ խաղ է:

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը