Մեկնաբանություն

12.01.2017 00:05


Ստեղծել իշխանության դեմ ճակատ

Ստեղծել իշխանության դեմ ճակատ

Ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե ով կլինի ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետը:

Ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչպիսի համամասնական ցուցակ է կազմում ՀՀԿ-ն. վարչապետը լինելո՞ւ է, թե՞ ոչ այդ ցուցակում:

Ընդհանրապես ականջներս փակում եմ, երբ ՀՀԿ-ականներից հերթականը երդվում է, թե արդար ու անբիծ ընտրություններ են անցկացնելու: Նույնքան անտարբեր եմ իշխող ուժի «ռեյտինգավորված» թեկնածուների բանակի կազմի վերաբերյալ տարատեսակ տեղեկությունների հանդեպ:

Ինձ նույնիսկ չեն հետաքրքրում նոր Ընտրական օրենսգրքով նախատեսված հոդվածները, համաձայն որոնց իբր պետք է ընտրական գործընթացը, քվերակությունը, քվեները հաշվելու «սուրբ արարողակարգը» ավելի վերահսկելի ու թափանցիկ դառնան:

Այն, ինչը կազմակերպում և անցկացնում է գործող իշխանությունը, չի կարող դյուզն-ինչ հավատ ներշնչել: Անգամ եթե որոշեն ընտրական տեղամասերը ձևավորել եկեղեցիներում:

Հիմա արդեն այս ու այն կողմից լուրեր են տարածվում, որ պետական հիմնարկներում ինչ-որ ցուցակներ են կազմում (հասկանալի է, խոսքն ինչի մասին է. որպեսզի պետծառայողներն աշխատանքը չկորցնեն, հիմիկվանից պետք է ստորագրությամբ հաստատեն, որ քվեարկելու են ՀՀԿ-ի օգտին): Ուրեմն՝ ընտրական գործընթացի հանդեպ արժանահավատության հիմք չունեմ: Միակ հույսն այն է, որ մինչև ապրիլի 2-ը իրական ընդդիմությունը կարողանա համախմբվել և դաշինք կազմել, որն ավելի շատ պետք է իշխանության դեմ ճակատ ստեղծելու նման լինի: Մեկ կոնկրետ նպատակին ծառայող այնպիսի ճակատ, որը ժողովրդի, ընտրողների շրջանում ոչ միայն կասկածներ չի հարուցի, այլև՝ մարդիկ կհավատան համախմբված այդ ուժերի և գործիչների՝ երկրում իրավիճակ փոխելու իրական մտադրությանն ու ցանկությանը: Այս պարագայում միայն ժողովուրդը կարթնանա, ոտքի կկանգնի և կփորձի ամեն կերպ աջակցել ընդդիմությանը՝ ակնհայտորեն իր վերարտադրմանը ձգտող ՀՀԿ-ին պարտության մատնելու գործում: Այլապես, մեզ վիճակված է լինելու այդ լուծը քաշել էլի երկար տարիներ: Ինչը, առանց չափազանցության, պետությանը մահվան տանող ճանապարհ է: Մինչդեռ, հնարավոր է կանխել «մահը» և փրկել պետությունը՝ այն փլուզող, նրան անխնա հարվածող «քանդող բրիգադից»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը