Քաղաքական

12.01.2017 15:06


ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կարող է փակվել (լրացված)

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կարող է փակվել (լրացված)

Պաշտոնական Երևանը ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարացման հարցում չի կարողացել հասնել կոնսենսուսի, և այն կարող է փակվել:

ԵԱՀԿ գրասենյակից Մեդիամաքս–ին հայտնել են, որ ԵԱՀԿ անդամ երկրները դեռ կոնսենսուսի չեն եկել կազմակերպության մի շարք դաշտային առաքելությունների մանդատը երկարաձգելու վերաբերյալ:

«ԵԱՀԿ Նախագահությունը շարունակում է բանակցությունները՝ այդ հարցի շուրջ արագ համաձայնության հասնելու համար»,-ավելացրել են ԵԱՀԿ գրասենյակից:

Իսկ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը NEWS.am-ին ևս հայտնել է, որ հնարավոր չի եղել համաձայնության հանգել ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի երկարաձգման որոշման շուրջ:

«Հայաստանը սատարում է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի գործունեությանը և վերջինիս մշտապես աջակցություն է ցուցաբերում, մասնավորապես, ԵԱՀԿ-ում ընդունվող համապատասխան որոշումների շրջանակներում։

Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումից հետո, Երևանի գրասենյակը հանդիսանում է Հարավային Կովկասում ԵԱՀԿ միակ լիարժեք ներկայությունը: Երևանի գրասենյակի դերը արժևորվում է նաև ինչպես ԵԱՀԿ նախագահության, քարտուղարության, կազմակերպության այլ մարմինների, այնպես էլ մասնակից երկրների բացարձակ մեծամասնության կողմից, բացառությամբ մեկի:

Ինչպես գիտեք, ԵԱՀԿ-ն գործում է կոնսենսուսի սկզբունքով և չնայած նման լայն աջակցությանը, այս պահի դրությամբ հնարավոր չի եղել համաձայնության հանգել Երևանյան գրասենյակի երկարաձգման որոշման շուրջ: Ներկայումս ԵԱՀԿ ավստրիական նախագահությունը շարունակում է որոշման նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները և Հայաստանը, որպես գրասենյակը հյուրընկալող երկիր, մաս է կազմում այդ խորհրդակցություններին:

Քանի որ բանակցությունները շարունակվում են, այս պահի դրությամբ, նպատակահարմար չենք համարում խորհրդակցությունների մանրամասների ներկայացումը»,–ասել է Բալայանը:

***

Ավելի ուշ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակից հայտնել են. «ԵԱՀԿ նախագահությունը շարունակում է բանակցություններ վարել այս հարցի շուրջ՝ վաղ համաձայնություն ձեռք բերելու նպատակով: Մինչև մասնակից երկրների կողմից մանդատների երկարաձգման հետ կապված սպասվող համաձայնության կայացումը, դաշտային առաքելությունները բաց կմնան և կշարունակեն ադմինիստրատիվ և մանդատի հետ կապ չունեցող աշխատանքները: Քանի որ բանակցություններն այս պահին ընթացքի մեջ են, մենք չենք կարող ենթադրություններ անել դրանց վերաբերյալ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը