Կարծիք

17.01.2017 14:38


Հայկ Խանումյան. «Այս նախագիծը բերվել և մեր սեղաններին է դրվել Երևանից»

Հայկ Խանումյան. «Այս նախագիծը բերվել և մեր սեղաններին է դրվել Երևանից»

Հայկ Խանումյանի ելույթը սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ,

17 հունվարի, 2017թ.,

Ստեփանակերտ

Հարգելի՛ ներկաներ,
Անցյալ նիստի ժամանակ զեկուցողը ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Այժ ես կխոսեմ այդ գործընթացի մասին, որին մասնակցել եմ իմ կուսակցության վճռով: Այսպես, երբ փետրվարին տեղի ունեցավ խորհրդարանական կուսակցությունների ղեկավարների խորհրդակցություն սահմանադրական փոփոխությունների հարցով, ես առաջարկեցի համապատասխան հանձնաժողովը ստեղծել Ազգային ժողովին կից: Առաջարկը մերժվեց, հետո իմացանք, որ Հանրապետության նախագահին կից ստեղծված հանձնաժողովի նախագահ է դարձել ԱԺ նախագահը, որն ի դեպ նույնպես դեմ էր այդ հանձնաժողովը ԱԺ կից ստեղծելուն:
Փետրվարյան հանդիպմանը մասնակից կուսակցություններից երեքը՝ Ազատ Հայրենիքը, Դաշնակցությունը և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը կողմ էին կառավարման խորհրդարանական մոդելին, Շարժում-88-ը՝ կիսանախագահական, իսկ մենք ընդհանրապես դեմ էինք փոփոխություններին: Այնուամենայնիվ մենք որոշեցինք մասնակցել գործընթացին՝ մեր ընտրողների շահերը պաշտպանելու նպատակով: Գործընթացը պատկերացնում էինք այսպես. Կլինեն քաղաքական ուժերի անընդհատ խորհրդակցություններ, տարբեր դրույթների հետ կապված նրանց մոտեցումները կսահմանվեին և հայեցակարգի ապա նախագծի տեսք կստանային մասնագիտական հանձնաժողովի կողմից: Սակայն մի օր պարզվեց, որ ո՛չ քաղաքական ուժերը և ո՛չ էլ մասնագիտական հանձնաժողովը ոչինչ չեն որոշում: Խմբակցությունների հետ հանդիպեց հայեցակարգի փաստացի հեղինակը՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, որն էլ ներկայացրեց այժմյան նախագծի հիմքում ընկած հայեցակարգը:
Սա էր հիմնական գործընթացը, որ տեղի էր ունեցել սահամանդրական փոփոխությունների հետ կապված: Այս նախագիծը ո՛չ արտահայտում է Արցախի ժողովրդի, ո՛չ Արցախի քաղաքական ուժերի ցանկությունը: Այն բերվել և մեր սեղաններին է դրվել Երևանից:
Մեր կուսակցության տեսակետը հենց սկզբից բացասական է եղել սահմանադրական փոփոխությունների նկատմամբ ընդհանրապես: Մեր բացասական վերաբերմունքը մի քանի պատճառ ունի.
1. Սովորաբար թերզարգացած ժողովրդավարություններում սահմանադրությունը փոխում են իշխանության վերարտադրության համար: Այսօր արդեն կարող ենք ասել, որ սահմանադրությունը փոխվում է մեկ անձի իշխանության վերարտադրության համար:
2. Ամեն տասը տարին մեկ սահամանդրություն փոխելով մենք սպանում ենք ինստիտուցիոնալ զարգացման հույսը, քանզի ինստիտուտները, կառույցները կարող են կայանալ միայն խաղի հստակ և հաճախակի չփոխվող կանոնների պայմաններում:

Վերջերս մեզ ներկայացվեց հունիսին Արցախում անցկացված սոցոլոգիական հարցումների արդյունքները: Ըստ դրա, ժողովրդի ընդամենը 2 տոկոսն է կարծում, որ ԱԺ ի վիճակի է որևէ հարց լուծել: Ազգային ժողովի վերաբերյալ դիտարկումները ցույց են տալիս, որ ժողովրդի մեծ մասն այն դիտարկում է բարձր աշխատավարձ ստացող և ոչինչ չանող պաշտոնյաների ամբողջություն:
Այսօր Ազգային ժողովը հնարավորություն ունի ընդամենը մեկ քվեարկությամբ վերականգնել Ազգային ժողովի՝ որպես իշխանության կարևոր թևի համբավը և գործոն լինելը: Մերժելով այս նախագիծը՝ մենք կփոխենք Ազգային ժողովի մասին պատկերացումները, կմեծացնենք նրա դերը պետական կառավարման համակարգում, այն կդարձնենք իրական որոշում ընդունող: Դեմ քվեարկելով այս նախագծին՝ մենք հնարավորություն կտանք, որպեսզի իշխանությունների տարանջատման սկզբունքը գործի ոչ թե միայն թղթի վրա, այլ իրականության մեջ: Դեմ քվեարկելով այս նախագծին՝ մենք ցույց կտանք, որ որևէ մեկը՝ լինի դա Երևանում, թե Ստեփանակերտում չի կարող իր անձնական շահերից բխող և ժողովրդի շահերն արհամարհող որոշում ընդունել:
Ավելին ասեմ՝ ես վստահ եմ, որ այս նախագծի ընդունման դեպքում Ազգային ժողովը, որպես իշխանության թև, ընդհանրապես կորցնելու է իր հեղինակությունը և վերածվելու է Երևանի կամ Ստեփանակերտի նախագահականների որոշումները դակող մարմնի:
Չնայած այս նախագծի ընդունման դեպքում ոչ ոք կարծիք այլևս չի էլ հարցնելու: Որոշումներն ընդունվելու են առանց Ազգային ժողովի:
Ինչու՞ այսպես տեղի ունեցավ և ինչու՞ ընտրվեց այս մոդելը:
Ես ինձ թույլ եմ տալիս ենթադրել, որ այն մեծապես կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է տարածքային զիջումների հաշվին կարգավորման գնալու իր ցանկության մասին: Հայաստանի որոշ քաղաքական շրջանակների կողմից նա այս հարցում աջակցություն է ստացել: Փոխելով Արցախի սահմանադրությունը և խաղից հանելով Ազգային ժողովը, ասել է թե հիմնական քաղաքական ուժերին, ավելին՝ խաղից հանելով ժողովրդին՝ Սերժ Սարգսյանը հնարավորություն կունենա կարգավորման իր ցանկությունն իրականացնել իրեն լոյալ նեղ խմբի հետ:
Ես այս ամբիոնից զգուշացնում եմ, այս նախագծի ընդունման դեպքում մենք վաղը կանգնելու ենք Արցախի հարցում մտահոգիչ զարգացումների առջև: Եթե այստեղ նստածների մի մասն ապրիլին կարողացել է իր հստակ կարծիքը հայտնել զիջումների անհնարինության մասին, ապա հիմա դրա հնարավորությունն էլ չի լինելու, քանզի, կրկնում եմ, այս նախագծի ընդունման դեպքում, ԱԺ, քաղաքական ուժերն այլևս դերակատար չեն լինելու:
Եվ որպես վերջաբան ասեմ, որ դեմ եմ քվեարկելու սահմանադրական փոփոխությունների նախագծին:

Այս խորագրի վերջին նյութերը