Մեկնաբանություն

18.01.2017 01:20


Գերքաղաքականացված հունվարի 17-ը

Գերքաղաքականացված հունվարի 17-ը

Հունվարի 17-ը հագեցած էր քաղաքական որոշումների հրապարակումներով, դրանց վերաբերյալ քաղաքական հայտարարություններով, զանազան մեկնաբանություններով ու հանրային արձագանքներով:

Բնական է, շատ քիչ ժամանակ է մնացել խորհրդարանական ընտրություններին, որոնք, իսկապես, մեզ համար ճակատագրական նշանակություն ունեն: Հետտոնական օրերն էլ են ավարտվել, և, բնականաբար, շատերն էին սպասում Սեյրան Օհանյանի խոսքին, ով ֆեյսբուքյան իր էջում արած գրառումով բոլորիս տեղեկացրեց, որ շարունակում է քաղաքական խորհրդակցությունները, որոնք արդեն եզրափակիչ փուլում են, և ինքը տալիս է այդ փուլի մեկնարկը:

«Շարունակում եմ քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ ձևավորելով համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք, որը հանրությանը կներկայացնի իրատեսական ծրագիր և մեր երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ճանապարհային քարտեզ: Միասնության շնորհիվ ստեղծված, արդարության պայմաններում հաստատված վստահության ալիքը հնարավորություն կտա ոչ թե շրջանցելու կնճռոտ հարցերը, այլ ընդառաջ գնալու և համարձակ քայլերով դրանց լուծումներ տալու»,- մասնավորապես նշված էր պաշտպանության նախկին նախարարի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Այնուհետև «Համախմբում» կուսակցության լրատվական ծառայությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ հանդիպում է տեղի ունեցել կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի միջև, որոնք քննարկել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր:

Այս տեղեկությանը հաջորդեց Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարության տարածումը: Իսկ քիչ ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները հրապարակել են համագործակցության համաձայնագիր՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ:

Մեկ օրում քաղաքական իրադարձությունների առատությունը, բնական է, որ պետք է իրարանցում առաջացներ դեռևս տոնական ու հետտոնական թմբիրը չհաղթահարած հանրության շրջանում: Իրար հաջորդած քաղաքական որոշումների այս քանակությունը մի տեսակ «անմարսելի» էր որոշակի շրջանակների համար, որոնք անշարժություն են սիրում և նախընտրում են դինջ ու կանխատեսելի առօրյան:

Ֆեյսբուքահայության մի մասը, որը տարին տասներկու ամիս իշխանությանն է անիծում ու հայհոյում, ՀՀԿ-ից ազատվելու համար անգամ բռնության ու անհնազանդության դիմելու կոչերով է հանդես գալիս, հանկարծ «մոռացավ» իշխանությանն ու Սերժ Սարգսյանին և սկսեց ակտիվորեն «խայթել» ու «հեգնել» վերոնշյալ որոշումների հեղինակներին՝ օդը տատանելով անհիմն ենթադրություններ, բամբասանքներ ու անկապ դժգոհություններ պարունակող գրառումներով:

Իրոք, զարմանալի է: Հետևում էի սրանց ու մտածում՝ իսկապե՛ս, ձեր նմաններն արժանի են միայն գործող իշխանությանը: Սրանց լուրջ ընդունելու դեպքում ստացվում է, որ ընտրություններին պետք է մասնակցի միայն ՀՀԿ-ն: Ուրիշ ոչ մի ուժ կամ դաշինք իրավունք չունի մասնակցելու: Այլապես, ինչպե՞ս հասկանալ սրանց անհեթեթ ագրեսիվությունը, որոնք, փաստորեն, մի կողմից գոռում են, թե հասե՜ք, փրկե՜ք, իշխանությունը կործանում է երկիրը, սակայն հիմա իշխանության այլընտրանքը տեսնելով՝ հարձակվում են վերջինիս վրա:

Ամո՛թ է, պարոնա՛յք, ու, մասամբ, նաև տիկնա՛յք, ամո՛թ, միայն դուք չեք ընտրողը: Իսկ եթե որոշել եք «Սերժ Սարգսյանի վկա» դառնալ, ապա այդպես էլ ասեք: Կգա օրը, և ցանկացած ընտրող սեփական ձայնը կտնօրինի այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Ձեր էս շուկայական որակի ղալմաղալը կարող է միայն ուրախացնել իշխող ուժին և նրա ղեկավարին, բայց ո՛չ երբեք ժողովրդին, որն անկեղծորեն երկրում իրավիճակ փոխելու օրվան է սպասում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը