Կարծիք

20.01.2017 12:56


Ընդդիմության ընդդիմությունը կամ հաստիքային ընդդիմությունը

Ընդդիմության ընդդիմությունը կամ հաստիքային ընդդիմությունը

Մեր քաղաքական դաշտը մի հետաքրքիր առանձնահատկություն ունի՝ այն բաժանված է երեք սեգմենտի։ Առաջինն իշխանությունն է, իշխանական կուսակցությունը, որը ժառանգություն ենք ստացել Սովետական Միությունից։ Երկրորդն ընդդիմությունն է, որը փորձում է վերջ տալ հետադիմական այս երևույթին, ձգտում է իշխանափոխության, քաղաքական պատասխանատվություն ստանձնելուն։

Կա նաև երրորդ սեգմենտ՝ ընդդիմության ընդդիմությունը կամ հաստիքային ընդդիմությունը։ Այս հատվածն իշխանության չի ձգտում և, ըստ էության, իշխանական համակարգի մաս է։ Այստեղ ներգրավված են քաղաքական գործիչներ, «վերլուծաբաններ», կուսակցություններ, մարդ-կուսակցություններ, որոնք իշխանության պատվերով պարբերաբար քրֆում են իշխանությանը, գոռգոռում, ճվճվում, երբ իշխանությանն իրական այլընտրանք չկա, և սպասում, թե որ ուժն է գլուխ բարձրացնելու իշխանության դեմ։

Իսկ երբ դա տեղի է ունենում, իրենք հանկարծ հիշում են «մեր ժողովրդի ցավերը»՝ մարտի 1, ղարաբաղյան պատերազմ, կոռուպցիա, և սկսում քննադատել այդ ընդդիմությանը, որը փորձում է իրական պայքար ծավալել իշխանության դեմ։ Նրանց հենց դրա համար են վարժեցնում։ Դե, պարզ է՝ գործող իշխանությունն այդ թեմաների մասին խոսել չի կարող, քանի որ հենց մարտի 1-ով այդ մարդիկ եկել են իշխանության, հենց նրանք են կոռուպցիայի աղբյուրն ու պատճառը, հենց նրանք են վտանգում Հայաստանի ու Ղարաբաղի անկախությունը։

Դրա համար էլ մեր իշխանությունը ստեղծել է այդ ընդդիմության ընդդիմությունը, որը կեղծ օրակարգով պայքարում է հողմաղացների դեմ, ստեղծում քաղաքական պայքարի իմիտացիա։ Նրանք, իբր, սկզբունքային են, չեն սիրում այս իշխանությանը, բայց սպասում են մի առաքինի հրեշտակի, որը կգա և ամեն ինչ կփոխի։ Բայց համոզված եմ, որ եթե նույնիսկ մի հրեշտակ իջնի երկնքից և փորձի Սերժ Սարգսյանից ազատել Հայաստանը, նրանք էլի դժգոհելու են․․․դրա համար են նրանք վճարվում։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը