Լրահոս

23.01.2017 11:05


Իր կոչմանը հավատարիմ

Իր կոչմանը հավատարիմ

Բնական ավանդույթ է․ Ախալքալաքի շրջանի, ողջ Ջավախք աշխարհի մտավորականության շարքերը համալրվում ու շարունակում են համալրվել հիմնականում Մայր Հայաստանի բուհերի ու միջնակարգ մասնագիտական կրթօջախների շրջանավարտներով։ Այդ շարքերում է նաև վաստակած մանկավարժ, Երևանի Խ․Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետի շրջանավարտ Վաչագան Սոսի Ռստակյանը։ Ինչպես ինքն է հաստատում, մանկավարժ դառնալու մտահղացումը նրա մոտ եղել է դեռևս պատանեկան հասակից։ Եվ, իրոք, երբ ծեծեց Աբովյանականի դռները 1957-ին, նա արդեն ձևավորված մանկավարժ էր՝ Ախալքալաքի մանկավարժական ուսումնարանն ավարտած մանկավարժ-դասվար։ Այդ թվականից էլ նա ընդունվեց և 1962թ․ բարձր առաջադիմությամբ ավարտեց ինստիտուտը՝ միջնակարգ դպրոցի հայոց լեզվի, հայ գրականության և պատմության ուսուցչի որակավորումով։

Կադրերի ընտրության և տեղաբաշխման հանձնաժողովի որոշմամբ Վրաց․ՍՍՀ Լուսավորության մինիստրության պահանջով Վ․Ռստակյանը գործուղվում է Ջավախք։

1962-74 թվականներին Վ․Ռստակյանը վարում է հայրենի գյուղի՝ Մեծ Սամսարի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի, գրականության և պատմության ժամերը՝միաժամանակ զբաղեցնելով դպրոցի տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալի պաշտոնը։

Մանկավարժի բարեխիղճ,արդյունավետ աշխատանքը, հասարակական կյանքում դրսևորած ակտիվությունն աննկատ չի մնում․ տեղի իշխանությունների երաշխավորմամբ Ռստակյանը ստանձնում է շրջանի ժողկրթբաժնի տեսչի պաշտոնը։ Եվ՜որպես տեսուչ, և՜ որպես հետագայում մեթոդիստ,նա դառնում է շրջանի դպրոցների ղեկավարության և համապատասխան մասնագետների խորհրդատուն ու մտերիմը։

«Այո՜,-հաստատում են բոլորը,-նա իր դիտողություններում շատ կիրթ էր ու ընկերական»։

Վ․Ռստակյանի ավանդը նշանակալի է ուսման առաջավոր փորձի մասսայականացման գործում։

Տևական էր Ռստակյանի մանկավարժական գործունեությունը ժողկրթբաժնում ու նրան կից մեթոդկաբինետում՝ շուրջ երեք տասնամյակ, թեև դրանից հետո էլ նա հեռու չմնաց բաժնից ու նրա ենթակա դպրոցներից։Երբ նա ղեկավարում էր Բավրայի միջնակարգ դպրոցը և ապա ՝Ախալքալաքի № 116 ուսումնարանը, ուսուցիչների պահանջով շարունակեց մնալ որպես հայոց լեզվի ու գրականության գլխավոր մասնագետ,մասնակցեց ուսուցիչների որակավորման մրցույթին և նվաճեց «Գերազանց ուսուցիչ» պատվավոր կոչումը։

1982թ․Վ․Ռստակյանը հրավիրվում է մասնակցելու Սփյուռքի հայ ուսուցիչների մանկավարժական ընթերցումներին, ուր ելույթ է ունենում «Հայոց լեզվի և գրականության դասավանդման դրվածքը շրջանի դպրոցներում» թեմայով, ապա մասնակցում այդ կապակցությամբ կազմակերպված եթերային ասուլիսին։ՀՍՍՀ Լուսավորության մինիստրության, Ուսուցիչների կատարելագործման ինստիտուտւտը և «Հայոց լեզուն ու գրականությունը դպրոցում» հանդեսի խմբագրությունը նրա ակտիվ ու արդյունավետ մասնակցությունը նշանավորում են «Ստեղծագործող ուսուցիչ» մեդալով, գովասանագրերով։

Վաչագան Սոսևիչը իր հոդվածներով և ակնարկներով հանդես է գալիս Վրաց ՍՍՀ, Հայկական ՍՍՀ կենտրոնական թերթերում և հանդեսներում՝ դրվատելով մանկավարժի շնորհակալ աշխատանքը, ընթերցող լայն շրջաններին ներկայացնելով կոլեկտիվներին, աշխատանքում իրենց արդարացրած շնորհալի անհատներին։

Ռստակյանը իր մանկավարժական գործունեության մի քանի տարիները նվիրեց դասախոսական աշխատանքին․ վարեց Երևանի Քըրք Քըրքորյանի անվան տնտեսագիտական ինստիտուտի և ապա Գյումրիի «Պրոգրես» համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղի հայոց լեզվի և պատմության դասաժամերը՝ իր նպաստը բերելով դպրոցները համապատասխան կադրերով ապահովելու գործին։

2009թ․ Վ․ Ռստակյանն արժանացավ Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալին՝ սփյուռքահայ սերնդի հայեցի կրթության ու դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար։

Փետրվարի 5-ին Վ․Ռստակյանը բոլորում է իր 80-րդ տարին։

Ութսունամյա մանկավարժը այսօր էլ, իր կոչմանը հավատարիմ, շարունակում է աշխատել․ նա վարում է Ախալքալաքի Համո Օհանջանյանի անունը կրող կրթամշակութային կենտրոնի հայ ժողովրդի պատմության խմբերը և իր սաներին պատգամում՝ քաջատեղյակ լինել իր ժողովրդի պատմությանը, դասեր քաղել նրանից և հավատարիմ մնալ ազգային ավանդույթներին։

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը