Լրահոս

23.01.2017 12:43


Կյանքից հեռացել է Զախար Խաչատրյանը

Կյանքից հեռացել է Զախար Խաչատրյանը

Կյանքի 92-րդ տարում իր մահկանացուն կնքեց մեր կերպարվեստի երևելի դեմքերից մեկը՝ Հայաստանի ժողովրդական և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Զախար Ավագի Խաչատրյանը:

Խաչատրյանը ծնվել է 1924 թվականին Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղում: Դեռ չէր հասցրել դպրոցն ավարտել, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Նա մեկնեց ռազմաճակատ: Պատերազմի ավարտից հետո վերադառնում է հայրենիք և 1946-ին ընդունվում Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, որն ավարտել է 1948 թվականին: Շնորհաշատ երիտասարդը արդեն 1950 թվականին Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի ուսանող էր, որն գերազանցությամբ ավարտեց 1956 թվականին: 1959-1962 թթ. աշխատել է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս Ալեքսանդր Գերասիմովի արվեստանոցում: 1962 թվականին վերադառնալով հայրենիք նա ակտիվ մասնակցություն է ունենում հանրապետության մշակութային-հասարակական կյանքին: Մասնակցում հանրապետական ու համամիութենական ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ ունենում Պետերբուրգում, Ժնևում, Մոսկվայում, Երևանում, Էջմիածնում, արժանանում մրցանակների ու դիպլոմների:

Նրա սքանչելի կտավները կատարված պրոֆեսիոնալ բարձր մակարդակով աչքի են ընկնում գաղափարական նպատակաուղղվածությամբ, որոնք արտացոլում են հանրապետության առաջընթաց կյանքը:

1970-1992 թվականներին, այնուհետև 2012-ից մինչ կյանքի վերջը դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, 1981-1994 թթ. ղեկավարել է գծանկարի ամբիոնը՝ իր ողջ գիտելիքներն ու հմտությունները հաղորդելով ապագա մանկավարժների երիտասարդ սերնդին:

Նա իր հայրենի՝ Սիսիան քաղաքի պատվավոր քաղաքացի էր, Սանկտ-Պետերբուրգի պատերազմի նկարիչ վետերանների խորհրդի նախագահը:

Զախար Խաչատրյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի և կարմիր աստղ շքանշանով, արժանացել պետական բազմաթիվ պարգևների, միջազգային մրցանակների:

Հայրենասերի, իսկական քաղաքացու և մեծաշնորհ արվեստագետի հիշատակը վառ կմնա իր մտերիմների և գործընկերների սրտում:

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այս խորագրի վերջին նյութերը