Մեկնաբանություն

28.01.2017 16:35


Կապիտան Հովսեփի՛ տոնը

Կապիտան Հովսեփի՛ տոնը

Ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Հովսեփ Կիրակոսյանի երկու զավակներն են՝ Գեղամը և Էրիկը: Այս տարի նրանք ոչ զորամաս կգնան հայրիկի մոտ, ոչ էլ տանը նրան կշնորհավորեն:

Այս տարի նրանք իրենց հայրիկի համար ծաղիկներ են բերել հուշարձան: Գեղամն ու Էրիկը հայրիկին շա՜տ են կարոտել և դեռ սպասում են, չնայաց գիտեն, որ հայրիկը հերոսացել է իր սխրանքով, գիտեն, որ իրենք հերոսի զավակներ են. ապրիլյան պատերազմում քաջաբար կռված ու իր կյանքը հայրենիքին նվիրած հերոսի:

Երբ մեծանան, կիմանան, որ իր իրենց հայրիկն իսկական զինվորական էր, ազնիվ զինվորական և զավակներին թողնելով հայրենիքին՝ առանց մտածելու շրջվեց դեպի հայրենիքը: Իսկ հիմա փոքր են դեռ, և չնայած ծաղիկները ձեռքին վազում են հուշարձան՝ պապայի մոտ, հարցին, թե ինչ կուզեիր ամենաշատը՝ ավագ որդին՝ Գեղամը, ասում է. «Կուզեմ պապան շուտ գա, գիտեմ, որ երկնքից է մեզ նայում, բայց կուզեմ գա ու փաթաթվեմ, ու էլ չեմ թողնի գնա»:

Նրանք դեռ փոքր են ու լավ չեն հասկանում՝ ինչու աշխարհի տարբեր ծայրերից իրենց տուն մարդիկ են գալիս, այո՛, ապրիլյան պատերազմից անցել է 9 ամիս, բայց մարդիկ մինչև այսօր գալիս են կապիտան Հովսեփի տուն, խոնարհվում ծնողների, կնոջ առաջ, այն փոքրիկ անկյան, որտեղ կապիտանի նկարն է, պարգևները, շքանշանները, աշխարհի տարբեր ծայրերից ամեն օր տասնյակ զանգեր՝ Հովսեփի հարազատներին: Գալիս են նաև զինվորները, ովքեր ծառայել են կապիտան Կիրակոսյանի հրամանատարությամբ, զինվորական ընկերները ու ամեն անգամ մի նոր պատմություն Հովսեփի մասին, ամեն անգամ հպարտանալու մի առիթ:

Ահա պատմություններից մեկը. ապրիլյան պատերազմից ամիսներ առաջ էր, վատ եղանակի պատճառով Հովսեփի հրամանատարը պատահմամբ ականի վրա էր կանգնել և պայթյունից կորցրել ոտքը: Նրան տեղափոխել էին հիվանդանոց: Բժիշկն ասել էր, որ եթե արագ գտնեն ոտքը բերեն կկարողանան վիրահատել և վերականգնել: Հովսեփը այդ ականապատ տարածքում փնտրել էր ոտքը, գտել, հասցրել տեղ: Վիրահատությունից հետո հրամանատարն իսկապես քայլեց:

Իր զինվորների նկատմամբ սերը և պատասխանատվությունն իսկապես մեծ էր (միշտ ասում էր՝ տղաներիս բան չպատահի, և իր ուզածով եղավ. զիվորները բոլորը ողջ և առողջ են), այնքան մեծ, որ իր կյանքով կյանք տվեց իր տղաներին: Նրանց հետ պահելով՝ ի՛նքը զոհվեց՝ մինչև վերջին պահը չդադարելով հրամաններ արձակել ու կրկնել՝«Տղե՛րք, ես լավ եմ, դուք կռվե՛ք»:

Կապիտան Հովսեփ Կիրակոսյանի վերջին բառերը հավերժացել են իր անվան պուրակում տեղադրված հուշարձանի վրա, որտեղից էլ սկսվեց հայրենի բնակավայրում՝ Ապագայում, Բանակի տոնը: Համագյուղացիները, զինվորները, գյուղապետը, ապրիլին կամավորական մեկնածները բոլորը լուռ խոնարհվեցին, ծաղիկներ դրեցին:

Հովսեփի հուշարձանին այցելում են նաև բանակ մեկնողները և առաջին երդումը հենց այստեղ են տալիս՝ քաջ Հովսեփին, խստանալով լինել իր պես ազնիվ, անվախ ու անմնացորդ նվիրյալ հայրենիքին: Իսկ բանակից վերադարձողներն էլ հայերնիքին ծառայելու համար շնորհակալագրերն ստացան արդեն հերոս Հովսեփ Կիրակոյանի նկարով:

Այսօր հայկական բանակի տոնն է: Այսօր Հովսեփի՛ օրն Է: Հովսեփն իր երկրի իսկական զավակն էր: Այսօր Հովսեփի՛ ու իր հետ հավերժացած տղաների՛ օրն է (ու նաև այն տղաների, ովքեր այսօր սահմանին են): Նրանց շնորհիվ է, որ մենք այսօր տոնը նշելու հնարավորություն ունենք: Տղերքն իրենց կյանքով պահեցին սահմանը: Տղերքն իրենց արյունով գծեցին սահմանը: Նրանք չկան, բայց այսօր հենց նրա՛նց տոնն է: Ղարաբաղյան առաջին պատերազմում կռվածների, մեր սահմանները պահողների տոնը։ Եվս մեկ անգամ հիշելու տղաների սխրանքները, հպարտանալու նրանցով: Եվս մեկ անգամ արտասանելու նրանց անունները, որոնք սրբացան նորագույն հայոց պատմության էջերում:

Շնորհավո՛ր տոնդ կապիտան Կիրակոսյան, շնորհավո՛ր տոնը տղաներ:

Շնորհավո՜ր և շնորհակալությու՜ն:

Հավերժ Փառք ձեզ, տղանե՜ր:

Մարինե Խաչատրյան

Այս խորագրի վերջին նյութերը