Քաղաքական

31.01.2017 15:30


«Human Rights Watch»-ը կոչ է անում ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին

«Human Rights Watch»-ը կոչ է անում ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին

«Human Rights Watch»-ը կոչ է անում ազատ արձակել ընդդիմադիր ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանին: Այս մասին հայտնում է «Ազատությունը»:

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը տարածած հաղորդագրությամբ անդրադառնում է «Նոր Հայաստան» շարժման ղեկավար անդամի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու որոշմանը: Անցյալ շաբաթ տեղի ունեցած լսումների ժամանակ, ինչպես արձանագրում են իրավապաշտպանները, մեղադրող կողմը պահանջել է երկարաձգել կալանքի ժամկետը՝ հաշվի առնելով մեղադրանքների ծանրությունը, մինչդեռ կազմակերպությունը մատնանշում է տեսանյութը, «որում Ղուկասյանը ցուցարարներին հանդարտության կոչ է անում և հորդորում ոստիկանների հետ բախումների չգնալ»:

«Դատարանը ուսումնասիրել է այդ տեսանյութը, սակայն մերժել է Ղուկասյանի պաշտպանի միջնորդությունը՝ թույլ տալ բողոքի ցույցերին ականատես լրագրողներին և ցուցարարներին ցուցմունք տալ», - ընդգծում է իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան:

«Human Rights Watch»-ը վկայակոչում է Եվրոպական դատարանի դիրքորոշումը առ այն, որ նախնական կալանքը ծայրահեղ միջոց է, իսկ դա կիրառելու համար «չպետք է բերվեն ընդհանուր ու աբստրակտ պատճառաբանություններ»:

Գոգիան ընդգծում է, որ քննիչները պետք է վերանայեն Անդրիաս Ղուկասյանի նախնական կալանքի իրենց պահանջը և ազատ արձակեն նրան մինչև արդար դատավարությունը, ինչը ցույց կտա, որ Հայաստանը լիովին հարգում է մարդու իրավունքների բնագավառում իր պարտավորությունները:

«Ազատություն»

Այս խորագրի վերջին նյութերը