Մեկնաբանություն

01.02.2017 21:25


ՀՀԿ–ում հոգեբանական «դրամա» է

ՀՀԿ–ում հոգեբանական «դրամա» է

Առվակները հերթով պոկվում են մայր գետից՝ ապացուցելով, որ մայր գետի հունն իսկապես մխտռված է և ոչ թե առվակները, այլ մայր գետն է դատապարտված լինելու չորանալ:

Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալու մասին դիմում ներկայացնելուց հետո նախկին վարչապետի օրինակին հետևեցին ևս 13 հանրապետականներ, որոնք Արարատի մարզից են, ավելի կոնկրետ՝ Արտաշատից: Հեռացածների շարքում կան ՀՀԿ խորհրդի անդամներ, պատգամավոր և նախկին պատգամավոր, Արարատի նախկին մարզպետ, Արտաշատի քաղաքապետարանի պաշտոնյաններ ու աշխատակիցներ: Ավելին, կուսակցությունից դուրս գալու մասին դիմում ներկայացրած պատգամավոր Կարինե Պողոսյանը ՀՀԿ Արարատի տարածքային խորհրդի նախագահն է:

ՀՀԿ խորհուրդը կուսակցության բարձրագույն մարմինն է և եթե կուսակցական վերնախավի անդամներն էլ են հեռանում, ապա կարելի է ենթադրել, որ իշխող ուժի ներսում իրավիճակն օր-օրի բարդանում է, և ՀՀԿ ղեկավարի «ամենակարողության» մասին միֆը հօդս է ցնդում: Դե, իսկ Արտաշատի քաղաքապետարանի պաշտոնյաներին լավ օրեր չեն սպասվում. եթե հեռանում են հարազատ կուսակցությունից, ուրեմն՝ պաշտոնեական կարգավիճակից, այն է՝ աշխատանքից զրկվելու «պահը» կարող է օրերի հարց լինել:

Ժամանակին ՀՀԿ ղեկավարն ասում էր, չէ՞, որ 5 րոպեում աշխատանքից կազատի բոլոր նրանց, ովքեր իշխանության տեսակետը չեն կիսում: Այնպես, որ ՀՀԿ-ից հեռացող ցանկացած հանրապետական, որն աշխատանք ունի, կուսակցությունից դուրս գալու մասին դիմումը գրելու հետ միաժամանակ իր աշխատասենյակից «վեշերն» է հավաքում: Իսկ եթե դիմում են գրում, նշանակում է՝ գիտակցում են, որ իշխող ուժը և նրա ղեկավարը երկիրը հասցրել են մի վիճակի, որ այլևս հնարավոր չէ նրանց հետ ճանապարհը շարունակել:

ՀՀԿ-ից հեռացողները ժողովրդից լավ գիտեն, թե ինչ աղետալի վիճակում է հայտնվել երկիրը և անհապաղ պետք է ուղիներ գտնել տիրող քաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյական ճգնաժամերից երկիրը դուրս բերելու համար: Ճգնաժամ է ամենուր, ինչը սպառնում է երկրի անվտանգությանը:

Որքան էլ ՀՀԿ գործիչներից ոմանք իրենց դեմքին «խաղաղ» արտահայտություն նկարելով ասեն, թե՝ ոչինչ, խնդիր չկա, թող էս երկուսն էլ հեռանան, էն 4-ն էլ հեռանան, էս մի 13-ն էլ հեռանան, այնուհանդերձ, հանրության աչքում իշխող ուժի ներքին փլուզման նախանշաններն առկա են, որն այս պահին դժվար է ասել՝ ինչով կամ ինչպես հնարավոր կլինի կանխել:

Այն, որ ՀՀԿ-ն հոգեբանորեն փլուզված է, դա հաստատ է: Իսկ թե ինչի է հանգեցնում հոգեբանական փլուզումը, չարժե բացատրել:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը