Մեկնաբանություն

02.02.2017 17:20


Պաշտոնական վիճականկարչություն

Պաշտոնական վիճականկարչություն

Թե անկախ հայաստանի 25-ամյա պատմության մեջ քանի անգամ է համապետական ընտրություն ու հանրաքվե անցկացվել, նույնիսկ ամենաերդվյալ քվեարկողները չեն հիշի: Բայց բոլորը կհիշեն եվրոպական ու էլի չգիտեմ՝ ինչական դիտորդների գնահատականները «մի քայլ առաջի», «թափանցիկ, բայց ոչ արդարի», այս կամ այն չափանիշներին համապատասխանելու կամ չհամապատասխանելու մասին: Նույն պարբերականությամբ էլ փողոցային ընդիմությունը, որ միշտ էլ պարտվել է, կոկորդ է պատռել ընտրախախտումների, ընտրացուցակների խայտառակ անճշտությունների ու «մեռած հոգիների» մասին: Ու ամեն անգամ հերթական ընտրություններից առաջ իշխանությունը, որքան թոքերում ուժ կա, հայտարարել է, որ հաջորդ ընտրությունն ավելի լավ ու արդարացի է լինելու: Հիմա դրա մասին որքան էլ գրեմ, կգրեմ: Բայց մասնավորեցնեմ:

Օրերս Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը ներկայացրեց 2016 թվականի ՀՀ ժողովրդագրական տվյալները: Ու միանգամից հայաստանցիների աչքերը թռան ճակատները:

Բանից պարզվում է, որ հիմա մեր երկրում մշտապես ապրում է ոչ ավել, ոչ պակաս 2.986.500 մարդ: Եթե մեր վիճակագրության «կարկառունները» մշտապես իրենց գերատեսչության բունկերում չեն ապրում ու գոնե «պերերիվի» համար շենքից դուրս են գալիս, ապա իրենց տված թվերի համար մինիմում պետք է կարմրեն: Եթե նրանք գոնե պետականորեն «մեծ շուքով» նշվող մեռելոցներին էլ իրենց հարազատների շիրիմներին են այցելում, ուրեմն հենց տեղում պետք է գետինը մտնեն, որովհետև նույնիսկ ամենամեծ լավատեսության դեպքում այս երկրում 3 միլիոն մարդ չեն տեսնի:

Չկա այդքան մարդ, որովհետև ամեն օր առևտրի ու սպասարկման ոլորտի տասնյակ օբեկտներ են փակվում, քանի որ իրենց ծառայություններից օգտվողներ չկան: Այս երկրում այդքան մարդ չի ապրում, որովհետև նույնիսկ մայրաքաղաքի ծայրամասային դպրոցներում դասարաններն ամբողջությամբ աշակերտներով համալրված չեն, որովհետև հեռավոր ու սահմանամերձ գյուղերում Հայրենական պատերազմի տարիների պես արդեն կանայք են տրակտորի ղեկին:

Մեր երկրում այդքան մարդ չի ապրում, որովհետև չկա այնքան աշխատատեղ, որ 3 միլիոն մարդ կերակրի, որովհետև դժվար թե գտնվի մի հայաստանյան ընտանիք, որ արտերկրում աշխատող ու փող ուղարկող կամ մշտապես արտագաղթած չունենա: Մեր երկրում այդքան մարդ չի ապրում, որովհետև նույնիսկ բանակային զորակոչի պլանը չի կատարվում: Կարող եք այս շարքն ինքներդ էլ շարունակել ու հաստատ օրինակների պակաս չեք ունենա: Բայց ցավն այն է, որ պաշտոնական վիճակագրությունն այն աստիճան փնթի է կատարվում, որ հենց նույն վիճակագրության մեջ տարբեր տվյալներն իրար չեն «բռնում»:

Մասնավորապես, նշվում է, որ անցյալ տարի Հայաստանում մոտ 3 միլիոն, իբր, մշտական բնակվողների ընտանիքներում ծնվել է ընդամենը 40.638 երեխա: Ես ժողովրդագրության մասնագետ չեմ, բայց բնակչության թվի տարեկան 1 տոկոսից քիչ ավելի ծնունդ ունենալը պարզապես աղետ է, ու այդ երկրի ղեկավարը (իմա՝ սերժ Սարգսյանը) առնվազն պետք է հայելուն նայի։

Իսկ ահա 2016 թվականին մեր մահացած հայրենակիցների թիվն ուղղակի խայտառակում է պաշտոնական վիճակագիրների թվանկարչությունը: Պարզվում է, որ գրեթե 3 միլիոն, իբր, մշտական բնակչություն ունեցող երկրում անցյալ տարի մահացել է 28.129 մարդ: Նույն գերատեսչության վերջին երեք տարիների տվյալներով՝ մահացածության տոկոսը 1000 բնակչի հաշվարկով նվազագույնը 9 տոկոս է եղել: Բայց, արի ու տես, որ 2016-ին հարազատ «կուսակցության ու կառավարության» եսիմ՝ որ ջանքերի շնորհիվ այդ թիվը 1 տոկոսից էլ քիչ է:

Հետևություն՝ կա՛մ մշտական բնակչության թիվն է ուռճացված, կա՛մ մահացածների թիվն է կրճատված:

Հիմա՝ մոտիվացիայի մասին: Թե ինչ իմաստ ունի մահացածների թիվը խեղաթյուրելը, երևակայությունս չի հերիքում, չեմ ասի, բայց ահա մշտապես բնակվողների թվի ուռճացումը բացառապես նախընտրական երանգավորում ունի: Ու թող դիտորդներն ու վստահված անձինք անընդհատ գոռան, որ մարդ չի գալիս քվեարկության: Պաշտոնական վիճակագրությանն ինչ թիվ ասեն՝ կխփի:

Տեղամասերում տեսախցիկներից էլ նորություն չկա…

Մարտիկ Ֆիդանյան

Այս խորագրի վերջին նյութերը