Մեկնաբանություն

04.02.2017 00:30


Օհանյանի գրառումներն ու հարակից ժխորը

Օհանյանի գրառումներն ու հարակից ժխորը

Հայը թթու, կծու բաներ շատ է սիրում, և երբ ասում ես՝ հերի՛ք է նման բաներ օգտագործես, ախր, կվնասես առաղջությանդ, զարմանում է, չի հավատում ու մեծ հաճույքով շարունակում է ուտել ու վնասել առողջությանը:

Հայը նաև հայհոյանք ու անեծք է շատ սիրում, և երբ ասում ես՝ հերի՛ք է, այդ հայհոյանքներն ու անեծքները քո վիճակը չեն լավացնելու, դարձյալ զարմանում է ու չի հավատում: Գերադասում է նույն կյանքով ապրել, առավոտից երեկո իր բաժին թթուն ու կծուն ուտել ու ամեն օր 24 ժամ հայհոյել ու անիծել: Դրանից, իհարկե, նրա կյանքը չի փոխվում, հակառակը՝ ավելի է վատանում, բայց, միևնույն, է, չի ցանկանում ըմբռնել «հերի՛ք» է բառի իմաստը, չի ուզում հավատալ այն բանին, որ հնարավոր է վերջ տալ իր գետնաքարշ գոյությանը, փոխել իր վիճակը ու ապրել արժանապատիվ կյանքով:

Հայը «Հերի՛ք է» արտահայտությունից մի տեսակ վախենում է: Ա՛յ, ուրիշ բան, եթե թունդ հայհոյանք ու անեծքների տարափ լսեր, ջարդել-փշրելու մասին դատարկ սպառնալիքներ լսեր: Կասեր՝ օխա՜յ, սիրտս հովացավ, ու նորից կսուզվեր թմբիրի մեջ՝ սրտատրոփ սպասելով հերթական հայհոյանքների ու սպառնալիքների «ալիքին», որից, կրկնում ենք, մեր կյանքում բան չի փոխվում. ավելի ու ավելի են վատթարանում թե՛ ժողովրդի կյանքը և թե՛ երկրի վիճակը:

Այս կեղտոտ ջրափոսում մնալը հանրության ինչ-որ հատվածի շատ էլ դուր է գալիս: Ու գործող իշխանությունն էլ իրեն «ապահովագրված» է զգում, որ իր մրցակիցներից գլխավորը, որի դեմ է հանել վարձկան գրագիրների, «քաղաքագետների» ու «վերլուծաբանների», ըստ էության, չի կարող հանրության գիտակցությանը հասցնել սեփական մտահոգությունները, տագնապները, գաղափարներն ու ծրագրերը:

Իսկ ի՞նչ է ասում Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 20-ից մինչ օրս: Մոտ մեկուկես ամիս նա իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառումներում հանդարտ, հավասարակշռված ու հիմնավորված ներկայացնում է երկրում տիրող իրավիճակը՝ մեկ առ մեկ անդրադառնալով ոլորտային խնդիրներին և հանրային շերտերին: Բնականաբար, առանցքային տեղ հատկացնելով ղարաբաղյան հիմնախնդրի լուծման սեփական մոտեցմանը, իսկ մեծ հաշվով՝ երկրի անվտանգությանը:

Կա՞ առարկություն, որ այսօր, իսկապես, բանակին ամուր թիկունք է պետք (ցավոք, դատարկվող սահմանագոտին, ընդհանրապես, ահագնացող արտագաղթը ամուր թիկունք ապահովելու հարցում, մեղմ ասած, լավատեսություն չեն ներշնչում): Կա՞ առարկություն, որ պետք է փոխել այս արատավոր համակարգը, որ աղքատությունը հատել է վտանգավոր սահմանագիծը, որ «քաղաքացիական հասարակություն» կոչվածը լուրջ բարեփոխման կարիք ունի (Բ26-ի ձեռնասուն քաղակտիվիստներով խնդիրները ոչ թե լուծվում են, այլ գոլորշին բաց թողելու խնդիր է լուծում իշխանությունը), որ մտավորական խավը, ուսուցիչը, գիտնականը գրոշների դիմաց անում են գրեթե անհնարինը, և, որ ցավալի է, հաշտվել են այդ վիճակի հետ: Մինչդեռ արդարության և ազատության հասնելու խիստ անհրաժեշտություն կա:

Սեյրան Օհանյանի ասածներն անառարկելի ճշմարտություն են: Եթե շատ արագ այս հիմնահարցերին լուծումներ չտրվեն, ապա կարող ենք երկիրը կորցնել: Կարո՞ղ եք առարկել ու ասել, որ նա խտացնում է գույները, որ մեր իրականությունը վարդագույն է, ու մենք նման մարտահրավերներ չունենք: Չե՛ք կարող առարկել: Փոխարենը՝ հայտնի կենտրոնի հանձնարարությամբ ու ՀՀԿ ղեկավարի սիրած բառով՝ «ժխոր» եք հրահրում մարդու դեմ: Բայց մեկ բան պետք է լավ իմանաք, որ հայն, ի վերջո, արձագանքելու է «Հերի՛ք է» կոչին: Հենց դանակը հասնի ոսկորին, կարձագանքի: Հիմա հենց այդ վիճակին ենք հասել:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը