Քաղաքական

09.02.2017 15:20


Աղվան Պողոսյան. «Հերի՛ք է ապրենք դիմանալով, վախենալով, հանդուրժելով»

Աղվան Պողոսյան. «Հերի՛ք է ապրենք դիմանալով, վախենալով, հանդուրժելով»

Այսօր կայացած ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության հիմնադիր համագումարում միության նախագահ ընտրված Աղվան Պողոսյանի խոսքը.

–Ողջունում եմ ձեզ, համագումարի հարգելի՛ մասնակիցներ։ Շնորհակալ եմ բոլոր պատվիրակներին, կուսակից ընկերներին։ Շնորհակալ եմ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Երիտասարդական միության ղեկավար կազմի ընտրության և միության նախագահի պաշտոնում ինձ վստահության քվե տալու համար։

Ես այսօր ուզում եմ ասել այն, ինչը գրեթե բոլորի մտքում է՝ պետք է փոխենք վերջապես մեր կյանքը: Հերի՛ք է ապրենք դիմանալով, վախենալով, հանդուրժելով արժանապատվության ոտնահարումները՝ դպրոցից մինչև բուհ, բուհից մինչև աշխատավայր: Ես երիտասարդ եմ, նոր սկսում եմ աշխատել, ուզում եմ ապրել իմ երկրում իմ ազնիվ աշխատանքով, բայց կհաջողվի՞ դա ինձ, եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես հիմա է: Կգտնե՞մ արդյոք ես իմ ուզած աշխատանքը, եթե չեմ պատրաստվում փոխել իմ կարծիքը, եթե ցանկանում եմ պահպանել իմ համոզմունքները, հավատարիմ մնալ իմ սկզբունքներին: Եթե ցանկանում եմ ազատ քվեարկել, ազատ ընտրել, ազատ մտածել:

Բոլորը մի գլուխ պնդում են՝ մի՛ գնա Հայաստանից: Այո՛, ես ուզում եմ մնալ ու աշխատել, բարիք ստեղծել ու ընտանիքս պահել արժանապատիվ ձևով: Բայց դրա համար պետք է փոխեմ ինչ-որ բան: Հերի՛ք է ենթարկվենք ուրիշի խաղի կանոններին: Թող իրենք սկսեն խաղալ մեր կանոններով՝ օրենքով: Որովհետև մերն են Հայաստանի այսօրը, վաղը: Ոչ ոք չի ուզում թողնել ու գնալ իր երկրից, բայց այլ տարբերակ չեն թողնում: Խեղդում են ցանկացած լավ գաղափար, լավ առաջարկ, լավ նախաձեռնություն: Հայաստանում մթնոլորտը պղտորվել է, կյանքը կանգ է առել: Դա պետք է փոխի նոր մտածելակերպով, նոր արժեքներով երիտասարդությունը։ Պետք է փոխենք մե՛նք: Հերի՛ք է հանդուրժենք:

Մեզ բոլորիս հոգնեցրել են էկրաններից տարիներ շարունակ լսվող ամենօրյա սուտն ու խաբեությունը: Ամեն օր սուտ լսելը սովորական բան է դարձել մեզ համար: Ամեն օր մեզ համոզում են, որ մենք չհավատանք մեր իրական կյանքում տեսածին: Մեզ փորձում են անվերջ խաբել: Ես ուզում եմ ասել՝ հերի՛ք է: Հայաստանն այնքան փոքր է, որ բոլոր խնդիրները և դրանց մեղավորներին բոլորս գիտենք: Եվ մենք ասում ենք՝ հերի՛ք է, քանի որ ստի վրա կառուցված վիրտուալ երկիրը չի կարող դիմակայել իրական վտանգներին: Մենք հոգնել ենք կեղծիքից: Մեզ՝ երիտասարդներիս, վիրտուալ երկիր պետք չէ, քանի որ իրական կյանքի վտանգները հենց մեր ուսերին են դրվելու: Վաղը՝ խրամատում կլինի, աշխատավայրում թե Հայաստանի վարկային պարտավորությունները կատարելիս, մե՛նք ենք կրելու այդ ամբողջ հսկա կեղծիքի հետևանքները: Մենք իրական Հայաստանի իրական քաղաքացիներն ենք: Մենք ասում ենք՝ հերի՛ք է խաբել և խաբվել: Սկսենք կառուցել իրական Հայաստան: Միակ փոփոխությունը, որ տեսնում ենք իրական կյանքում, ուսման վարձերի բարձրացումն է:

Այսօր երիտասարդը, եթե սրա կամ նրա բարեկամը չէ, իր գիտելիքներով, իր կարողություններով ոչ մի հեռանկար չունի Հայաստանում: Ամեն տեղ անարդարություն է, բոլոր դռները փակ են մեզ համար: Սա է պատճառը, որ տասնյակ հազարներով մարդիկ հեռանում են Հայաստանից: Երիտասարդը չի կարողանում կրթություն ստանալ, աշխատանք գտնել, ընտանիք կազմել: Իսկապես հերիք է: Այս մթնոլորտն այլևս չի կարող շարունակվել: Տպավորություն է, որ մի խումբ մարդիկ ուզում են այնպես անել, որ միայն իրենք մնան Հայաստանում: Բոլոր բարիքներն իրենցը լինեն, բոլոր արտոնություններն իրենցը լինեն: Մնացածը՝ հեչ:

Ո՞վ է պահելու մեր սահմանները, ո՞վ է զարգացնելու տնտեսությունը, ո՞վ է գիտություն, մշակույթ ստեղծելու: Այս իրավիճակը կունենա իր տրամաբանական շարունակությունը, եթե շարունակենք հանդուրժել, շարունակենք նվաստանալ, շարունակենք հետևել, թե ինչպես են թալանում իմ ու ձեր երկիրը։

Սիրելի՛ երիտասարդներ, չհավատաք այն ասեկոսեներին, թե, իբր, իշխանությունը գնում է փոփոխության։ Չի՛ կարող ոչ լեգիտիմ ճանապարհով իշխանության եկած միավորումը մտածել ժողովրդի մասին։ Ապրիլի 2–ին կա իրական հնարավորություն՝ փոխելու վերոնշյալ արատավոր երևույթները, ուրեմն եկեք կառուցենք նոր երկիր՝ նոր որակի իշխանությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը