Կարծիք

14.02.2017 14:31


Օհանյանը դուրս եկավ Թալիշն «ամայի տարածք» համարող իշխանության տիրույթից

Օհանյանը դուրս եկավ Թալիշն «ամայի տարածք» համարող իշխանության տիրույթից

Երեկ՝ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրման արարողությունից հետո, Սեյրան Օհանյանը մի շատ կարևոր հայտարարություն արեց՝ ասելով, որ երկրի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է առաջին հերթին ամուր պահել բանակի «թիկունքը»։ Թիկունքն էլ այս դեպքում մեր տնտեսությունն է, մեր քաղաքացիների ազատությունն ու բարեկեցությունը։ Եվ իսկապես, միայն այդ պարագայում մենք կկարողանանք դիմակայել մեր երկրի առջև եղած մարտահրավերներին, կկարողանանք սանձել հակառակորդի լկտիությունը։

Կարծում եմ նաև, որ ապրիլյան պատերազմը հենց Սեյրան Օհանյանին ցույց տվեց, որ միայն հզոր բանակը բավարար չէ երկրի անվտանգության ապահովման համար։ Թշնամու հարձակման հետևանքով մենք, ճիշտ է, ունեցանք զոհեր և կորցրեցինք նաև տարածքներ, բայց բանակը կատարեց իր առջև դրված խնդիրը և շատ արագ ստիպեց հակառակորդին կանգ առնել։ Համոզված եմ, որ մեր բանակը կկարողանար նաև հետ վերադարձնել կորցված տարածքները, եթե Սերժ Սարգսյանը չշտապեր դրանք «անպիտան ամայի տարածք» անվանել։

Այստեղ արդեն բանակը, բանակի ղեկավարությունն ու Սեյրան Օհանյանը ոչինչ անել չէին կարող։ Այսինքն, չէ, Սեյրան Օհանյանը կարող էր և արեց հենց այն, ինչ պետք էր․ նա դուրս եկավ Թալիշը «ամայի տարածք» համարող իշխանության տիրույթից և որոշեց պայքարել այդպիսի ուժի դեմ, որը վտանգում է մեր երկրի ապագան։

Սեյրան Օհանյանը նաև նշեց, որ միայն նոր իշխանություն ձևավորելով մենք կկարողանանք վերականգնել մեր տնտեսությունը, ապահովել մեր քաղաքացիների բարեկեցությունը և ամրապնդել սահմանին կանգնած մեր զինվորների թիկունքը։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը