Մեկնաբանություն

16.02.2017 10:55


Դիմակազերծումը՝ որպես ուղիղ ճանապարհ. բոլշևիկները գրոհում են

Դիմակազերծումը՝ որպես  ուղիղ ճանապարհ. բոլշևիկները գրոհում են

Բանից պարզվում է, որ քաղաքական դաշտում նոր քաղաքական կատեգորիա է ի հայտ եկել` դիմակազերծում։

Քաղաքագիտական ամենապարզ բառարաններից բացակայող այս եզրույթն առանձնակի նշանակություն և գործառույթ է ձեռք բերում հայաստանյան քաղաքական բազարում, որովհետև այդ նույն բազարի հիմնական բաղադրիչները ոչ թե գաղափարական սկզբունքներն ու դրանց վրա հիմնված իրատեսական և կոնկրետ ծրագրերն են, այլ «էստի համեցեքի», առնետավազքի, հաճախորդացման և ցանկացած այլակարծությանն ու այլընտրանքին թշնամաբար վերաբերվելու մանր թայֆայական բազարային չարչիությունը։

Քաղաքական մրցակիցների հետ հարաբերվելու միակ ընդունելի ձևաչափը ոչ թե սեփական արժանիքներն ու երկրի ու ժողովրդի համար արդյունավետ ծրագրեր ներկայացնել է (դրանց վաղուց այլևս որևէ մեկը չի հավատում), այլ քաղաքականության հետ որևէ առնչություն չունեցող, մենթական «զամաշկեքով» հագեցած առերեսման կամ դիմակազերծման մասին նախազգուշացումը։

Չեկիստական ստոր ժամանակներից պահպանված, ցանկացած այլընտրանք ու այլախոհություն ֆիզիկապես և բարոյապես ոչնչացնելու այս նողկալի գործելաոճը որևէ դրական ազդեցություն չի կարող ունենալ դոսյեների և «անանիմկաների» հավաքածուներով հարուստ քաղաքական ու պետական այրերի վարկաբեկված կերպարների վերականգնման վրա։ Ավելին՝ վերջիններիս անսահման վարկաբեկվածությունն է՛լ ավելի կարժեզրկի նրանց կողմից ներկայացրած որևէ բացահայտում կամ դիմակազրկում, որովհետև համատարած անարդյունավետության, անվստահության և հասարակական արհամարհանքի մթնոլորտում ցանկացած «աղմկահարույց» մատնություն ընկալվելու է որպես հերթական շինծու և կեղծ ու ստահոդ մեղադրանք։

Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում էժանագին «բիրիքնոցի» վերածված քաղաքական դաշտն անընդհատ շուկա է հանել կրկնվող նմանությամբ իրարից ոչնչով չտարբերվող ապրանքներին, դրանց հաճախորդներին՝ անխնա օգտագործելով և ի ցույց դնելով ամենքի բարեմասնություններն, ու օգտագործելուց հետո դեն շպրտել։ Նույն անտարբերությամբ ու դաժանությամբ, անհրաժեշտության դեպքում, մատի թեթևակի շարժումով, կրկին հրապարակ են հանվել նրանցից յուրաքանչյուրն, ով հորթի հրճվանքով իր մշտական պատրաստակամությունն է հայտնել ցուցադրելու փորձություն անցած իր բարեմասնությունները, օգտագործվելու մինչև վերջին խազը և կրկին դեն նետվելու։

Գաղափարական և բարոյական սկզբունքներից զուրկ այս տոնավաճառի բոլոր թևերի ու գույների մասնակիցներին հասարակությունն անգիր ճանաչում է, և նրանց դիմակազերծելու համար որևէ ջանք թափելու կարիք չկա։ Անընդհատ անխնա աջ ու ձախ օգտագործվելուց բոլորի դիմակները վաղուց արդեն պատռված են։

Սակայն եթե քաղաքական պայքարի քաղաքական բաղադրիչի անհնարինությամբ և գաղափարական համոզիչ սկզբունքների սնանկությամբ անելանելի ցայտնոտում հայտնված խոսնակներն ու գրչակները, զինանոցում չունենալով այլ փաստարկներ, «հարկադրված» դիմելու են դիմակազերծման բոլշևիկյան КГБ-ական ֆիկստուլությանը, ապա ճիշտ կլինի բոլշևիկյան (հիշեցնենք, որ,թարգմանաբար և էությամբ ուղղակի նշանակում է մեծամասնություն ունեցողներ) հաստատակամությամբ և դաժանությամբ հայրենիքի դավաճանների ու սաբոտաժով զբաղվողների՝ անարդյունավետ կառավարիչների, կուլակների՝ օլիգարխների, պետական միջոցները մսխողների` ատկատներ տվող-վերցնողների, կոռուպցիան և հովանավորչությունը խրախուսողների` մանր ու մեծ պետական չինովնիկների, ռևիզիոնիստների` առնետավազքով գնացած ու հետ եկած հաճախորդների, բոլշևիկի անբասիր կերպարը աղավաղողների` բեսպրեդելի ու անպատժելության մեջ թաղված հարսնաքարային հաստավիզ ջիփազգիների, երկրի տնտեսության վնասարարների` մենաշնորհային մուծվողների և բազմաթիվ այլ արատավոր «հակահեղափոխականների» բացահայտման ու դիմակազերծման գործը սկսել հենց սեփական թիմից և ապացուցել, որ եղած մյուս բոլոր թայֆաներից հենց միայն այդ սկզբունքային և արդարամիտ թայֆան է մեր դարաշրջանի միտքը, պատիվն ու խիղճը։

Հասարակությանը փոփոխությունների նկատմամբ հավատ ընծայելու կոչ արած քաղաքական կարգախոսը որևէ կերպ չի կարող ենթադրել, որ անփոփոխ թողնելով երկիրը դատարկող ճահճային անհեռանկար միջավայրը՝ որպես փոփոխություն կարելի է ներկայացնել իշխանական սրի տակով անցնել չցանկացող որևէ քաղաքական մրցակցի դիմակազերծումը։

Թերարժեքության բարդույթից և խղճահարություն առաջացնող անկարողությունից դրդված ջղաձիգ հայտարարություններն ու հնարավոր ուժեղ մրցակցի հետ դիմակայությունից վախեցած անկանոն շարժումներն է՛լ ավելի ցայտուն են դարձնում այն իրականությունը, որ սթափ գիտակցելով իրենց նկատմամբ հասարակության լիակատար անվստահությունն ու ձախողված կառավարման հանրագումարը, երկրի ու ժողովրդի ճակատագրի համար կարևորագույն քաղաքական գործընթացում, որևէ այլ ռեսուրսի բացակայության պատճառով, գործածվում է ամենաճղճիմ փաստարկը` դիմակազերծելու նախազգուշացումը։

«Տրամաբանական», բայց, միևնույն ժամանակ, էժանագին այս հնարքը որոշ ժամանակ կարող է ապահովել գաղափարական և ծրագրային օրակարգից զուրկ խմբակի` որևէ կերպ ուշադրության արժանանալուն միտված շոուն, սակայն դրանով հնարավոր չէ երկար ժամանակ շեղել հասարակության ուշադրությունն այն ծայրահեղ անմխիթար ու վտանգավոր իրականությունից, որի պատասխանատվությունը դիմակազերծվողներից առավել, կրում են բացահայտումների համար անհրաժեշտ դոսյեներին տիրապետող դիմակազերծող «ջիգիթները»։

Դիմակազերծելը հերոսություն չէ։ Հերոսությունն, առանց աղմուկի, դիմակազերծման ենթակա կարգազանցներին ու հանցագործներին առանց կուսակցական ու քաղաքական խտրականության պատժելն է, բեսպրեդելն ու անպատժելությունը վերացնելն է, ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելն է, առողջապահության ու կրթության այնպիսի մակարդակի ապահովումն է, որպեսզի դիմակազերծողներն իրենց հարազատներին չփախցնեն դրսերում բուժվելու և սովորելու։

Հերոսությունը հայրենի բնությունն ու միջավայրը չապականելն ու չբռնաբարելն է, երկրի ամեն նորածնի վզին անընդհատ ավելացող պարտք չփաթաթելն է, երկիրը մեկ-երկու մենաշնորհող «օրթախին» չհանձնելն է, զինվոր ծեծող ու սպանող սպային պատժելն է, գյուղերն անտերության չմատնելն ու չդատարկելն է, քաղաքական մրցակիցներին հարգելն ու նրանց մեջ անպայման միայն թշնամի չտեսնելն է։ Հերոսությունը սեփական սխալները, ձախողումները, զանցանքներն ու հանցանքները ընդունելը, հետևություններ անելն ու դրանց համար ներողություն խնդրելն ու պատասխանատվություն կրելն է։

Չնայած, ոչ: Այս ամենը հերոսություն չէ։ Սրանք պարտականություններ ու պարտավորություններ են, որոնց համար պատասխանատվություն է «ստանձնվել» և ըստ որոշ հավաստիացումների նաև ժողովրդի մանդատ է «տրվել»։

Բայց չէ… ապաշնորհությունն ու անկարողությունն անհնար են դարձնում արդյունավետությունն ու պարտականությունների կատարումը, և արդյունքում մնում է ճահճացած միջավայրն ու դատարկվող Հայաստանը։

Դրա համար էլ… դիմակազերծման համար խելքներն իրենցը չէ…

Արտակ Բշտիկյան

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ

Այս խորագրի վերջին նյութերը