Կարծիք

20.02.2017 14:55


Գոնե այնքան փող ուզեք, որ կարողանաք տոմս առնել ու հեռանալ

Գոնե այնքան փող ուզեք, որ կարողանաք տոմս առնել ու հեռանալ

Մոտենում են ընտրությունները, և մեր ազգը պառակտվում է, սկսվում են քաղաքական «գզվռտոցները», պայքարը, թշնամանքը․․․ մեր թշնամին էլ տեսնում ուրախանում է։ Մոտավորապես այսպես են, չէ՞, մեր «հայրենասեր» հանրապետականները խոսում։ Իսկ ես ձեզ և նրանց ասեմ, թե իրականում ինչից է ուրախանում մեր թշնամին։

Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը հրապարակել է սպառազինությունների առուվաճառքի ամփոփ զեկույցը, համաձայն որի՝ 2012-2016 թվականներին մեր հարևան Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է գնել, քան Հայաստանը։ Դե հիմա թող էդ ազգանվեր հայրենասեր հանրապետականները հեքիաթներ պատմեն, թե դա էական չէ, և կարևորը «զինվորի ոգին է»։ Մենք ապրում ենք 21-րդ դարում և, ցավոք, ոչ ամերիկյան կոմիքսներում, որտեղ գերմարդկային ունակություններով օժտված հերոսները կարողանում են հայացքով ու մարտական ոգով հրթիռներ օդում կանգնեցնել։ Իրական կյանքում այդպես չի լինում։

Իսկ ինչո՞ւ ենք թույլ տվել, որ այսպես լինի։ Որովհետև ազգի մասին մտածող մեր «գերագույն գլխավոր հրամանատարը» 4 տարի զբաղված էր սեփական իշխանության վերարտադրության, զուգահեռ նաև՝ հարստանալու խնդիր լուծելով։ Դրա համար ժողովրդին կեղեքում էր, փողերը հանում Հայաստանից ու տեղավորում օֆշորներում, հիմա էլ հանկարծ հիշել է այդ ժողովրդի, մեր անվտանգության ու թշնամու մասին։

Չգիտեմ՝ դուք ոնց, բայց ես չեմ ուզում, որ մեր սահմանները պահվեն միայն բարձր մարտական ոգով։ Սերժ Սարգսյանի իշխանությունը շատ թանկ է նստում մեզ վրա, իսկ այսօր դա նաև դարձել է ազգային անվտանգության, պատերազմի ու խաղաղության խնդիր։ Թշնամին պատրաստվում է պատերազմի, և մենք ժամանակ չունենք Սերժ Սարգսյանի քմահաճույքները բավարարելու համար։

Վաղը որ գան ձեր տուն ու փող առաջարկեն Սերժի կուսակցությանը ձայն տալու համար, հիշեք, որ դրանով դուք հավանություն եք տալիս մեր երկրի կործանմանը․․․գոնե այնքան փող ուզեք, որ կարողանաք տոմս առնել ու հեռանալ։ Իսկ եթե մնալու եք այս երկրում, գրողի ծոցն ուղարկեք դրանց, որովհետև այդ կաշառքը տրվում է մեր զինվորների անվտանգության հաշվին։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը