Մեկնաբանություն

22.02.2017 10:45


Ընտրությունը յուրաքանչյուրինն է

Ընտրությունը  յուրաքանչյուրինն է

Ընտրական Հայաստանը կրկին անհանգիստ է։ Անհանգստության աղբյուրն էլ կրկին հասարակական գիտակցված և հրամցվող իրականությունների անհամատեղելիությունն է։ Այդ անհամատեղելիությունն էլ նորից ժողովրդի քվեի յուրացման և մեխանիկական փոփոխության ենթարկելու արմատացած ավանդույթի հիմնավոր կասկածներից է բխում։ Իսկ կասկածներն արդեն հանրային հիշողության և քաղաքական ցանկացած գործընթացի նկատմամբ անսահման անվստահության վրա են հիմնված։

Հանրահայտ այս շղթան ամբողջական կամ մաս-մաս դիտարկելուց, առաջինն աչքին զարկողը դրա պարբերական և կրկնվող լինելն է։ Հատկանշական է նաև այն, որ արատավոր այդ շղթայի և´ օբյեկտը, և´ սուբյեկտը հասարակությունն է։

Ամեն ընտրական ցիկլի ժամանակ քաղաքական գործընթացներին ու որոշումներին գրեթե մշտապես անհաղորդ ժողովրդին արհեստականորեն ակտիվացնում և ապահովում են նրա բեմականացված մասնակցությունը, որից հետո բազմից փորձված ու հաջողությամբ կիրառված մեթոդներով կրկին մեկուսացնում են իր իսկ ճակատագրի մասին որոշումներ կայացնելու գործընթացից։ Եվ ամեն անգամ, անկախ անփոփոխ քաղաքական գործիչների ու թիմերի կրկնվող ու երբեք չկատարվող կենաց-խոստումներից, հանրությունն արդեն սովորական դարձած իր «միամտությամբ» կուլ է տալիս հնարավոր բարեփոխման մասին կայծն ու հերթական անգամ հոժարակամ վերածվում քաղաքականությունը անձնական բիզնեսի վերածած, իսկ իշխանությունն էլ ընդամենը սեփական բարեկեցությունն ապահովելու համար օգտագործող թայֆայի համար գործիքի։

Աշխարհում ամեն տեղ էլ իշխանությունը «ձևավորվում է» ժողովրդի «մասնակցությամբ» և իրականացվում է ժողովրդից անջատված: Բայց միայն անտարբեր և ցանկացած ապօրինություն թույլ տվող հասարակության դեպքում է, որ իշխանությունն իրականացվում է ժողովրդին անտեսելով։ Եվ տվյալ դեպքում, խոսքը ոչ միայն տվյալ երկրի տվյալ իշխանության մասին է, այլ նաև այն ընդդիմությունների, որոնք նույնպես ճանաչելով հանրային անտարբերությունն ու ամենաթողությունը, օգտագործում են ժողովրդական ընդվզումները, որպեսզի հետագայում իշխանության գալով, կրկին անտեսեն այդ նույն ժողովրդին։

Այսօր Հայաստանում առաջացած քաղաքական թնջուկն առավելաբար վերաբերում է հենց հասարակությանն ու նրա համոզմունքների և սեփական պատկերացումների պաշտպանմանն ու կյանքի կոչելուն։

Որքան էլ քաղաքական դերակատարները չփորձեն անհաջող ձևակերպումներով սվաղել ընտրական ճգնաժամի առկայությունը, որքան էլ քաղաքական դաշտի հատվածները չփորձեն տնօրինել իրավիճակը, որքան էլ գործընթացի իրական գնահատականը չփորձեն ամրապնդել միջազգային դիտորդների եզրակացություններով միևնույն է` հիմնական խնդիրը մնում է ժողովրդի համատարած տարակուսանքն ու անվստահությունը։ Եվ հույս ունենալ, թե որևէ քաղաքական գործիչ կամ թիմ ունակ է կամ ցանկություն կարող է ունենալ փարատելու այդ տարակուսանքը, առնվազն կլինի հերթական «միամտությունը», որին կրկին հոժարակամ կարող է կուլ գնալ հասարակությունը։

Սակայն անընդհատ կրկնվող «միամտությունը» կամ պետք է վերագրել անթաքույց սադոմազոխիստական հանրային հակումներին, կամ սեփական ճակատագրի տնօրինումը անվերապահորեն իրենից օտարելու, պատասխանատվություն չվերցնելու, չստացվածի համար մեղավորությունը հանկարծ չկիսելու, խոհանոցում անդադար փնթփնթալուց ավելի որևէ գործողությանը մասնակից չդառնալու, կրավորական կեցվածքին։

Բիրտ մեթոդներով սրսկված այն կործանարար միտքը, թե «ինձանից ոչինչ կախված չէ», կարծես թե սկսել է անշեղորեն աշխատել և հուրախություն դրա բոլոր ժամանակների հեղինակների, գրեթե ամբողջովին բացառել է հասարակական հակազդեցության, պահանջատիրության, պատասխանատվության հնարավորությունը։

Երկրում տիրող անտանելի սոցիալ-տնտեսական վիճակից, օրեցօր սաստկացող աղքատությունից, ահագնացող արտագաղթից, ավերված կրթական ու առողջապահական համակարգից, կաշառակերության մեջ թաղված չարդարադատությունից ու հարկային գելիոտինից, լպիրշ անպատժելիությունից, հովանավորչությունից, ամենաթողությունից, կեղեքվող բնությունից ու խեղդող մենաշնորհներից, դժգոհ են բոլորը։ Նույնիսկ նրանք, ովքեր այս ամենի ամենաակտիվ մասնակիցն ու հեղինակն են Այնպես որ անիմաստ է որևէ սպասում ունենալ, թե քաղաքական «վերնախավ» կոչվող խումբը կցանկանա կամ կարող է իրական փոփոխություններ կատարելով կոտրել այն արատավոր համակարգը, որը սնուցում և ավելացնում է սեփական բարեկեցությունը։

Իրական փոփոխություն հնարավոր է միայն ակնկալել, երբ իրավիճակի մեղավորության ու հետագա ճակատագրի պատասխանատվության հանրային գիտակցմամբ ձևավորված քաղաքական օրակարգի պարտադրման հանձնառությունն ու պահանջատիրությունը հասարակական հնչեղություն և մասնակցություն ստանա։ Իշխանությունն իր աշխատասենյակներում, ընդդիմությունը խորհրդարանում և հրապարակում անընդհատ պետք է զգան իրավատեր, պահանջատեր, պատասխանատու ժողովրդի շունչն ու ներկայությունը։ Քաղաքական գործիչը կամ թիմը ոչ թե իր շահերից ելնելով կամ ըստ սեփական հայեցողության պետք է ուզենա և որոշի առաջնորդել ժողովրդին, թե ոչ, այլ հասարակական մշտական ծանրակշիռ ներկայությունը պետք է ստիպի, ընտրության հնարավորություն չթողնի, որպեսզի քաղաքական դերակատարության հավակնություն ունեցող ցանկացած ոք իր գործողությունները կառուցի և իրականացնի միայն հասարակական շահերից ելնելով։

Այսօր կրկին ժողովուրդն անհանգիստ է։ Կրկին անվստահության և հավատի կարուստ է։ Կրկին իրականության և իրականի անհամատեղելիություն։ Կրկին թմբկահարվող հաղթանակների արանքում հայտնված հասարակություն, որը տարակուսած ու շվարած նայում է մեկ սրա, մեկ նրա դեմքին։

Հենց սա է որևէ տեղ չտանող ճանապարհը։ Այնքան ժամանակ, քանի դեռ ժողովուրդն է սրա-նրա դեմքին նայողը, լինելու է այս շվարած, հուսահատ, անպատասխանատու վիճակը։ Փոփոխություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ բոլորը նայեն ժողովրդի դեմքին, «դաբրո» տվողը լինի ժողովուրդը, պատժողն ու խրախուսողը լինի ժողովուրդը։

Փոփոխություն կլինի միայն այն ժամանակ, երբ որևէ մեծ ու փոքր գործիչ կամ գործիք իրեն իրավունք չի վերապահի սովորեցնել, դասեր տալ, սաստել կամ լռեցնել ժողովրդին։ Երբ այս բոլորը թաթիկների վրա լեզուները դուրս գցած կխնդրեն ժողովրդի ծառայի կարգավիճակը և կպարտավորվեն օր ու գիշեր աշխատել ժողովրդի բարեկեցությունն ու անվտանգությունն ապահովելու, երկիրը շենացնելու համար, կքաշեն իրենց շրջապատող հարազատ ու հեռու «պիտբուլների» գյամերը, կմաքրեն անարդյունավետ պորտաբույծ կառավարիչներին և անընդհատ հաշվետու կլինեն ժողովրդին։

Սակայն այս ամենը հնարավոր է միայն, եթե յուրաքանչյուրս ներկա և հանձնառու լինի։ Տանը փակվելով, փնթփնթալով ու մուննաթով, անձամբ չմասնակցելով ու չպահանջելով, ընդամենը հաստատում ենք այն ողորմելի և խղճուկ վիճակը, թե իբր մեզանից ոչինչ կախված չէ։ Այդ դեպքում, ուրեմն, իրոք մեզանից ոչինչ կախված չպետք է լինի, այլ ընդամենը հարկավոր է թուլանալ և հաճույք չստանալ։ Ընտրությունը յուրաքանչյուրինս է։

Արտակ Բշտիկյան

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ

Այս խորագրի վերջին նյութերը