Մեկնաբանություն

22.02.2017 12:10


Նախընտրական խճանկար

Նախընտրական խճանկար

Ապրիլին կայանալիք ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական միավոր՝ 4 դաշինք և 5 կուսակցություն:

Ամեն մի ուժ իր տեղը, դերը և կշիռն ունի նախընտրական խճանկարում:

Հիմնական ուժեր

Դատելով ամենից՝ երեք ուժ է հավակնում ապագա ԱԺ-ում էական դերակատարման: Խոսքը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի (ՕՐՕ), «Ծառուկյան» դաշինքի և ՀՀԿ-ի մասին է:

ՀՀԿ-ի մասով ամեն ինչ պարզ է. Սերժ Սարգսյանը ձգտում է վերարտադրման և օգտագործում է այդ կուսակցությունը որպես գործիք: Նա մի կողմից փորձում է սեփականության վերաբաշխման հիմքերը դնել, իսկ մյուս կողմից՝ օգտագործել սեփականության վերաբաշխման ապագա զոհերին:

Բացի այդ՝ Սերժ Սարգսյանի համար կա վարչապետ Կարեն Կարապետյանի հարցը, որը դեռ կուլիսային մակարդակում է շրջանառվում, սակայն ուղղակիորեն առնչվում է ընտրական զարգացումներին:

Սարգսյանը հույս ունի ձևավորել այնպիսի խորհրդարան, որը հնարավորություն կտա նրան 2018-ից հետո դառնալ վարչապետ: Թե ինչքանով դա կստացվի, կախված է մյուս քաղաքական ուժերից, ՀՀԿ-ի առողջ թևի վարքագծից ու ամենակարևորը՝ հանրությունից:

«Ծառուկյան» դաշինքը լուրջ հայտ է ներկայացրել և հավակնում է առնվազն իր դիրքերի պահպանմանը: Ուշագրավ է, որ այդ դաշինքի դեմ իշխանական մամուլի հարձակում գործնականում չկա: Ճիշտ է, Գագիկ Ծառուկյանի վերադարձն այնքան էլ չէր տեղավորվում նախագահականի սցենարի մեջ, սակայն «Ծառուկյան» դաշինքը չէ Սարգսյանի հիմնական գլխացավանքը:

Բ26-ին կից «անկախ» մամուլին, «ազատ» փորձագետներին ու ընտրարշավին մասնակցող մի քանի ուժերի ցուցում է տրված աշխատել ՕՐՕ-ի դեմ: Պատճառը հասկանալի է. անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի ուժ է ներկայացնում Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինքը, և անկախ այն բանից, թե որքան ձայների հավակնություն ունի, ՕՐՕ-ն, թերևս, միակ քաղաքական ուժն է, որի վրա Բ26-ը չունի լծակ, և որի ցուցակի կազմման վրա Սերժ Սարգսյանն ունեցել է զրոյական ազդեցություն: Իսկ դա շատ լուրջ պատճառ է, որպեսզի բոլոր «մաստի» հաճախորդներին տան «ֆաս» հրաման՝ ընդդեմ ՕՐՕ-ի: Վերջինս միակ ուժն է, որի դեմ տոտալ հարձակում կա իշխանական շրջանակների կողմից՝ սկսած Վարդան Օսկանյանի որդու դեմ գործ սարքելուց մինչև լրատվական բամբասանքների տարածում:

Եվ այսպես, քաղաքական դաշտի հիմնական ուժային կենտրոնները երեքն են՝ ՕՐՕ-ն, «Ծառուկյան» դաշինքը և ՀՀԿ-ն:

Սահմանային ուժեր

Խորհրդարանական անցողիկ շեմի հաղթահարման տիրույթում են գործում ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը: Վերջինս հանդես է գալիս «Հայկական վերածնունդ» անվան տակ:

ՀՅԴ-ի համար գերխնդիրը իշխանական լծակների օգնությամբ 5 տոկոս շեմն անցնելն է: Կախված իրավիճակից և ապագա ԱԺ դասավորությունից՝ Դաշնակցությունը կարող է կրկին կցվել Սերժ Սարգսյանին, կարող է նաև հակառակ քայլին գնալ:

Նույն 5 տոկոսը հաղթահարելու խնդիրն է լուծում նաև Արթուր Բաղդասարյանի գլխավորած ուժը, որի համար կարևոր է ԱԺ անցնելն ու խաղի մեջ մնալը:

Կհաջողվի՞ այս ուժերին անցնել խորհրդարան, դժվար է ասել: Նախնական դիտարկումներով՝ ՀՅԴ-ն այս հարթության մեջ զիջում է «Հայկական վերածննդին»: Մնացածը «հերձումը» ցույց կտա:

Լուսանցքայիններ, նեոգեղամյաններ և «օլիմպիականներ»

Ընտրվելու հայտ ներկայացրած կոմունիստները մասնակցում են մասնակցելու համար՝ շատ լավ իմանալով, որ 5-տոկոսանոց շեմը հաղթահարելու շանս չունեն: Այսինքն՝ ՀԿԿ-ն տվյալ դեպքում առաջնորդվում է օլիմպիական սկզբունքով՝ կարևորը մասնակցությունն է, այլ ոչ թե հաղթանակը:

Տեղին է հիշեցնելը, որ կոմունիստները նորանկախ Հայաստանի խորհրդարանական բոլոր ընտրություններին էլ մասնակցել են: Այսինքն՝ ՀԿԿ-ի մասնակցությունը չպետք է ստանդարտից դուրս դիտարկել: Նրանք կհավաքեն 5-ից 7 հազար ձայն, և վերջ:

Ինչ վերաբերում է մյուս ուժերին՝ ՀԱԿ-ին, «Ազատ դեմոկրատներին» ու «Ելք» դաշինքին, ապա այս ուժերը նույնպես խորհրդարան անցնելու շանս չունեն (թեև ամեն մեկի ականջին իշխանությունները փսփսած կլինեն, որ դուք անցողիկ եք), բայց մասնակցում են, քանի որ ունեն ֆունկցիոնալ պարտականություն:

ՀԱԿ-ը քիրվայական կոդն է անընդհատ թմբկահարելու: Դա ձեռնտու է և՛ Սերժ Սարգսյանին, և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային: Դա է պատճառը, որ սերժսարգսյանական մամուլը սիրով է վերաբերվում ՀԱԿ-ին, մինչդեռ նախկինում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը միացել էր համաժողովրդական շարժմանը, ՀԱԿ-ին նույն լրատվամիջոցները քարկոծում էին: Ինչևէ:

«Ազատ դեմոկրատների» ցուցակին նայելիս պարզ է դառնում, որ իշխանություններն իրենց հաճախորդաց դասի արտադրական թափոնին տեղավորել են այդտեղ: Այսինքն՝ ում չեն կարողացել «Ելք»-ում տեղավորել, դարձրել են «ազատ դեմոկրատ»:

Ինչ վերաբերում է «Ելք»-ին, ապա պարզ երևում է, որ Բ26-ն այս դաշինքին է հռչակել իր թիվ մեկ հաճախորդը և ամեն կերպ աջակցում է:

Իշխանությունները չեն էլ թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանի, Էդմոն Մարուքյանի ու Արամ Սարգսյանի «կուռացիան» իրենք են անում, այլապես «մուտիլովկաների» վրա մասնագիտացած «ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր և վաղուց բացահայտված «ական» Արման Բաբաջանյանին չէին նշանակի «Ելք»-ի ոչ պաշտոնական մամլո խոսնակ:

«Ելք»-ի հիմնական ֆունցիան Սերժ Սարգսյանի ընդիմախոսներին ընդդիմանալն է, այսինքն՝ ՕՐՕ-ի դեմ հանդես գալը:

. . .

Եվ այսպես, այս ընտրարշավի հիմնական գեղամյանությունն անելու են «Ելք»-ը, «Ազատ դեմոկրատների» ցուցակում հայտնված մի քանի մանրապճեղ հաճախորդներ և «անկախ» մամուլը: Հիմնական խաղացողներն են ՕՐՕ-ն, «Ծառուկյան» դաշինքը և ՀՀԿ-ն: Անցողիկ շեմի համար կռիվ են տալիս ՀՅԴ-ն ու «Հայկական վերածնունդը»:

Սա՛ է քաղաքական դաշտի քարտեզը:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը