Մեկնաբանություն

24.02.2017 10:25


Ոչ անվտանգություն, ոչ էլ առաջընթաց

Ոչ անվտանգություն, ոչ էլ առաջընթաց

ՀՀԿ-ն նոր կարգախոս ունի՝ «Անվտանգություն և առաջընթաց»:

Փաստորեն, ում մոտ ինչ ցավում է, նա հենց դրանից է խոսում:

Սերժ Սարգսյանի նախագահության շրջանը պաշտոնական տվյալներով եղել է հետընթացի ժամանակահատված:

Եթե աճ գրանցվել է, ապա միայն բացասական առումով՝ աղքատության աճ, արտագաղթի աճ, կապիտալի արտահոսքի աճ և այլն:

Սերժ Սարգսյանը հետընթաց է ապահովել նաև արտաքին քաղաքական ոլորտում՝ տապալվելով «Ֆուտբոլային» դիվանագիոտթյան արդյունքում, ինչպես նաև կորցնելով Հայաստանի միջազգային վարկանիշն ինչպես Արևմուտքում, այնպես էլ Ռուսաստանում:

Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա նախորդ տարվա ապրիլյան պատերազմը ցույց տվեց, թե ինչպիսի ավերածությունների է հանգեցրել ՀՀԿ ղեկավարի ներքին ու արտաքին «նախաձեռնողականությունը», և ինչպիսի ազդեցություն է թողել այդ «նախաձեռնողականությունը» բանակի վրա:

ՀՀ անվտանգության թիվ մեկ պատասխանատուն հայտարարում է, թե 800 հեկտար տարածք կորցնելը խնդիր չէ, քանզի դա անպետք տարածք էր: Թե որքանով էր այդ տարածքը անպետք, հարցրեք իրենց տները լքած թալիշեցիներից:

Մի խոսքով, «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով ընտրությունների գնացող ՀՀԿ-ն պարզապես ինքնախոստովանական ցուցմունքի պես մի բան է ներկայացրել: Սարգսյանն այդպիսով ընդունել է, որ չի ապահովել անվտանգություն, և գրանցել է հետընթաց:

Ի դեպ, ուշագրավ է, որ փաստացի պատերազմող Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող մարդը դառնում է ՀՀԿ շտաբի պետ, իսկ բանակի թիվ մեկ պաշտոնյան գլխավորում է նույն այդ կուսակցության ցուցակն ու մասնակցում ընտրություններին, այսինքն՝ մեր երկրի անվտանգության հիմնական պատասխանատուները ընտրարշավով են զբաղվելու, այլ ոչ թե իրենց բուն գործով: Սա ցույց է տալիս, թե իրականում ում անձնական անվտանգության ու առաջընթացի համար է ամեն ինչ արվում:

Սա ցույց է տալիս նաև, որ անվտանգության հարցերը չորրորդական նշանակություն ունեն ՀՀԿ ղեկավարի ու նրա նեղ թիմի համար: Կարևորը տոկոս «խփելու» հարցում առաջընթաց ապահովելն ու կուտակած սեփականությունն անվտանգ պահելն է:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը