Տնտեսական

24.02.2017 12:45


Խնդիրներ՝ TV market-ների միջոցով վաճառվող ապրանքների շուկայում

Խնդիրներ՝ TV market-ների միջոցով վաճառվող ապրանքների շուկայում

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը մի շարք բողոքների հիման վրա կատարել է ուսումնասիրություն հեռուստատեսային խանութների (TV market), այլ կերպ ասած՝ հեռուստատեսային գովազդի միջոցով վաճառվող ապրանքների շուկայում: Ստացված բողոքների համաձայն, նման կերպ առաջարկվող ապրանքները ոչ միշտ են համապատասխանում գովազդին: Մասնավորապես, ձեռք բերման պայմանները և անգամ գնային առաջարկները երբեմն ներկայացվում են ոչ հավաստի՝ մոլորեցնելով սպառողներին: Վերոնշյալ շուկայի ուսումնասիրության ընթացքում Հանձնաժողովը պարզել է, որ, իսկապես նման գործունեությամբ զբաղվող որոշ տնտեսվարողների գործունեության մեջ կան անբարեխիղճ մրցակցության տարրեր:

Մասնավորապես, հեռուստատեսային գովազդի միջոցով սպառողին տեղեկացվում է, որ տվյալ ապրանքը վաճառվում է 70 տոկոս զեղչված գնով, սակայն պարզվում է, որ զեղչն իրականում շատ ավելի քիչ է: Մեկ այլ դեպքում տնտեսվարողը գովազդում է, որ վաճառվող ապրանքը հնարավոր է ձեռք բերել ընդամենը 19.900 դրամով, այն դեպքում, երբ այդ ապրանքի իրական գինը իբրև 115 հազար դրամ է: Սակայն ՏՄՊՊՀ-ը պարզել է, որ 115 հազար դրամ արժողություն ունեցող ապրանքի անվան տակ գովազդվող ապրանքը մատակարար ընկերությունից հնարավոր է գնել մինչև 25 հազար դրամով: Ստացվում է, որ տնտեսվարողը ուռճացված է ներկայացրել գինը՝ հնարավորինս շատ վաճառք իրականացնելու նպատակով: Խնդրահարույց է նաև այն հանգամանքը, երբ տնտեսվարողը գովազդի ժամանակ նշում է. «Շտապեք, զանգահարեք հենց հիմա, քանի որ առաջիկա հինգ րոպեների ընթացքում պատվիրողները կստանան անակնկալ նվերներ», այն դեպքում, երբ ՏՄՊՊՀ-ը պարզել է, որ ցանկացած դեպքում գնորդներին տրվում են այդ «անակնկալները»:

Որոշ դեպքերում էլ ապրանքի բաղկացուցիչ մաս հանդիսացող իրը ներկայացվում է իբրև նվեր, մինչդեռ ապրանքի մի մասը վաճառելը իսկ մյուս մասը իբրև նվեր ներկայացնելը սպառողներին մոլորեցնելու տարրեր է պարունակում: Գնորդները դժգոհում են նաև, որ հեռարձակվող գովազդներում ապրանքների առաքման համար լրացուցիչ պայմանների, ներառյալ առաքման վճարի մասին տեղեկատվությունը բացակայում է, չնայած այն հանգամանքին, որ ընկերությունները գնորդներից առաքման համար լրացուցիչ գումար են գանձում: ՏՄՊՊՀ որոշմամբ, տնտեսվարողները պարտավոր են սեղմ ժամկետներում շտկել վերոնշյալ խնդիրները: Ընկերությունների կողմից հեռարձակվող գովազդում պետք է հստակ ներառված լինի էական նշանակություն ունեցող բոլոր պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը: Հետևապես Հանձնաժողովը տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ նման գործելաոճից և վաճառվող ապրանքի վերաբերյալ սպառողներին ներկայացնել միայն լիարժեք, հավաստի և ամբողջական տեղեկատվություն: Հարկ է նշել նաև, որ ուսումնասիրության ընթացքում որոշ տնտեսվարողների մոտ բարձրացված հարցերն արդեն իսկ շտկվել են: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովը լինելու է հետևողական՝ բարձրացված խնդիրների լիարժեք լուծման հարցում:

ՏՄՊՊՀ

Այս խորագրի վերջին նյութերը