Լրահոս

01.03.2017 16:04


Պետք է ամեն ինչ անենք, որ Արցախը երկրորդ անկախ հայկական պետությունը լինի. ՕՐՕ դաշինքի անդամ

Պետք է ամեն ինչ անենք, որ Արցախը երկրորդ անկախ հայկական պետությունը լինի. ՕՐՕ դաշինքի անդամ

NewsBook-ի զրուցակիցն է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

-Պարոն Բոզոյան, Ձեր ուժն արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ ի՞նչ տարաձայնություններ ունի իշխող ռեժիմի հետ:

-Օհանյան դաշինքի անդամներս, հասկանալի պատճառներով, փաստացի մերժում ենք Կազանյան փաստաթուղթը: Իրենց ելույթներում և ծրագրային դրույթներում, ըստ էության, կարևորվում է ԼՂՀ ինքնորոշման իրավունքը, որ այն դառնա գերակա խնդիր, և ինքնորոշումը փաստացի լուծում ստանա: Մինչդեռ Կազանյան փաստաթղթում ԼՂ ինքնորոշման խնդիրը բավականին տեսական ձևով է ներկայացվում, որին դրական գնահատական է տվել հայկական կողմը: Ես չգիտեմ՝ ՀՀԿ-ն ի՞նչ դիրքորոշում ունի Կազանյան փաստաթղթի վերաբերյալ, բայց քանի որ Լավրովը հայտարարեց, որ Կազանյան փաստաթղթի վերաբերյալ հայկական կողմը դրական դիրքորոշում է ունեցել, ենթադրում եմ, որ դրական դիրքորոշում ունի նաև իշխող ՀՀԿ-ն՝ ՀՅԴ-ի հետ միասին: Մինչդեռ մեր դաշինքն այլ տեսակետ ունի: Դաշինքը համարում է, որ Կազանյան փաստաթուղթը շահեկան չէ հայկական կողմի համար և հնարավոր էր ավելի լավ դիրքային առավելություններ ունենալ բանակցությունների հարցում: Հենց այս խնդրի շուրջ էլ տարբերություն կա:

-Արցախը պե՞տք է անկախ լինի, թե՞ Հայաստանի կազմում:

-Դա հնարավորության խնդիր է: Իհարկե, եթե իմ և Ձեր ցանկությամբ լիներ, հաստատ կուզեինք, որ Արցախը Հայաստանի կազմում լինի: Բայց ժամանակակից խաղի կանոնները չեն ենթադրում նման միացումներ: Օրինակ՝ Կիպրոսի միջազգային հանրությունը հակված է այն գաղափարին, որ Կիպրոսը պետք է մնա անկախ պետություն: ժամանակակից աշխարհում նման խնդիրների դեպքում չի խրախուսում, որ միացման պրոցեսներ գնան: Պատճառն այն է, որ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի տրամաբանությունը բերեց նրան, որ այդ խաղի կանոնը կարող է բերել մեծ պատերազմի: Դրա համար, կարծում եմ, որ այդ թեզը տանելը, որ Ղարաբաղը միանա Հայաստանին, կոնտր-պրոդուկտիվ թեզ է: Այսինքն՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ Արցախը երկրորդ անկախ հայկական պետությունը լինի: Կարծում եմ` այդ «մեկ ազգ, երկու պետություն» մոդելով կարող ենք ավելի լուրջ և ուժեղ դիրքային առավելություններ ունենալ ապագայում: Այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում և կարծում եմ, որ դա ամենաճիշտ տարբերակն է:

-Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի դերը խաղաղ կարգավորման գործընթացում:

-Ընդհանրապես թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ռուսաստանը, և թե՛ Ֆրանսիան, այնուամենայնիվ, բովանդակային դեր չեն կարող խաղալ: Այստեղ որևէ մեկը չունի մենաշնորհ, և քանի որ որևէ մեկը չունի մենաշնորհ, նշանակում է՝ որևէ մեկը թե՛ Հայաստանին, և թե՛ Ադրբջանին այս կան այն լուծումը չի կարող պարտադրել: Ճիշտ է՝ մեկը մի քիչ ավել մեծ դեր ունի, մյուսը՝ քիչ, բայց հնարավոր չէ ասել, թե այդ երկրներից մեկը կարող է այնպիսի որոշում կայացնել, որ կողմերից մեկին կամ երկուսին խնդրի լուծման իր տարբերակը թելադրել: Այդ իմաստով ամեն ինչ մեզնից է կախված: Եթե մենք բոլոր առումներով լինենք ուժեղ, բնականաբար, կհասնենք մեր նպատակներին և խնդիրը կլուծենք այնպես, ինչպես մենք ենք ցանկանում:

Մանրամասները՝ NewsBook–ում։

Այս խորագրի վերջին նյութերը