Կարծիք

01.03.2017 17:00


Հիշենք՝ Մարտի 1-ի օրը հավաքված ժողովուրդն ինչ էր պահանջում

Հիշենք՝ Մարտի 1-ի օրը հավաքված ժողովուրդն ինչ էր պահանջում

Ինձ համար գարնան առաջին օրը Մարտի 2-ն է: Արդեն 9 տարի շարունակ մարտի 1-ը հայ ազգի համար ոչ թե գարնան առաջին ու ուրախ օր է համարվում, այլ ողբերգական. հայը հային սպանելու ցավալի հիշողությունների և սգո օր: Ուղիղ 9 տարի առաջ Երևանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետևանքով զոհվեց 10 քաղաքացի, 10 հոգու համար գարունն այլևս չկա:

2008-ի մարտի 1-ում լիքը կյանք ու ջերմություն կար, բայց 2008-ից հետո այդ օրը բոլորիս համար դարձավ անմեղ զոհերով սևացած, ցավի մի օր։

Մենք, թերևս, այնքան ժամանակ չենք հաղթահարի այս ցավն ու վիշտը, մինչև այս իշխանության վերջին պաշտոնյան չհեռանա իր աթոռից, մինչև չլինի այդքան սպասված իշխանափոխությունը: Իհարկե, Մարտի 1-ի ողբերգության համար շատերն իրենց մեղավորությունն ունեն, ոչ ոք անմասն չի մնացել այդ օրը ողբերգական օր դարձնելու համար:

Բայց եկեք մի բան հիշենք՝ Մարտի 1-ի օրը հավաքված ժողովուրդն ինչ էր պահանջում, ինչու էր ամբոխը խելագարվել: Նրանց՝ կյանքի գնով պայքարի նպատակն այն էր, որ Սերժ Սարգսյանը չգա իշխանության, իսկ նա, ով այդ ամենի գլխավոր շահառուն էր, անգամ 10 զոհերին ոտնելով՝ իշխանության եկավ ու մինչ օրս ղեկավարում է բոլորիս կյանքն ու ճակատագիրը:

Սա միշտ հիշել է պետք, որ այսօրվա մեր ղեկավարը, երկրի գլխավոր հրամանատարն իշխանության եկան Մարտի 1-ի զոհերի գնով, միայն նրան էր ձեռնտու զինվորին, ոստիկանին հանել իր հարազատի, մտերիմների դեմ, քանի որ նրա դեմ էր պայքարը, հենց նրան հայ ժողովուրդը չէր ցանկանում տեսնել նախագահի աթոռին: Բայց Մարտի 1-ով սկիզբ դրվեց Սերժի իշխանությանը:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը