Լրահոս

01.03.2017 19:16


Լեռնանիստում հայտնաբերվել է ստորգետնյա գազատար խողովակներով անցնող գազի մեծ արտահոսք

Լեռնանիստում հայտնաբերվել է ստորգետնյա գազատար խողովակներով անցնող գազի մեծ արտահոսք

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու 2017 թվականի փետրվարի 14-ին Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում 2 անձի մահվան պատճառ հանդիսացած խանութի փլուզման պատճառները։

Քրեական գործի նախաքննության շրջանակներում Լեռնանիստ գյուղում փետրվարի 14-ին փլուզված շինության հարակից տարածքում այսօր «Գազպրոմ» ՀԲԸ «Կոտայք» ԳԳՄ-ի մասնաճյուղի աշխատակիցների մասնակցությամբ և համապատասխան սարքավորման կիրառմամբ կատարվել է տեղանքի զննում՝ ստորգետնյա գազատար խողովակից հնարավոր գազի արտահոսքի ստուգման նպատակով: Արդյունքում պարզվել է, որ փլուզված շինության հետնամասի հատվածում առկա է գազի մեծ արտահոսք:

Նշված տարածքում գտնվում են բնակելի տներ, ինչպես նաև` գյուղի միջնակարգ դպրոցը։ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մ.Վարդանյանի հանձնարարությամբ` գյուղի դպրոցի աշակերտները ու ուսուցչակազմը տարհանվել են։ Հնարավոր վտանգավոր հետևանքներից խուսափելու համար գրություն է ուղարկվել «Կոտայք» ԳԳՄ-ի ղեկավարին՝ տվյալ տարածքի գազամատակարարումն անմիջապես դադարեցնելու համար, ինչպես նաև` լրացուցիչ մասնագետներ տրամադրելու՝ 02.03.2017թ նշված տեղանքում ստորգետնյա գազատար խողովակները հողից մաքրելու, գազի արտահոսքի աղբյուրը պարզելու և տեղում վերացնելու նպատակով:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, փլուզվել են Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի միջնակարգ դպրոցի հարևանությամբ գտնվող առևտրի սրահի պատերն ու տանիքը, ինչի հետևանքով նույն գյուղի բնակչուհիներ Ալմիդա Մեսրոպյանը և Անուշ Սարգսյանը մնացել են փլատակների տակ և ստացած վնասվածքներից տեղում մահացել: Եվս երեք հաճախորդ՝ նույն գյուղի բնակիչներ Տաթևիկ Սարգսյանը, Սարգիս Ալոյանը և Հրազդան քաղաքի բնակիչ Արթուր Ալոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան ԲԿ» ՓԲԸ։

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը