Քաղաքական

03.03.2017 13:59


Սեյրան Օհանյան․ «Եթե կան խախտումներ, թող քննություն իրականացնեն»

Սեյրան Օհանյան․ «Եթե կան խախտումներ, թող քննություն իրականացնեն»

«Ազատության» հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը պարզաբանում է վարչապետի հայտարարությունը:

«Ազատություն»- Ինչպես կգնահատեիք վարչապաետի այն հայտարարությունը, որ ապրիլյան պատերազմի օրերին վառելիքն անորակ է եղել, ինչի հետևանքով ռազմական տեխնիկան չի աշխատել:

Սեյրան Օհանյան- Որքան հասկանում եմ, վարչապետի խոսքը վերաբերում է ներկայիս ներկրումներին, և համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում, որպեսզի ներկա ներկրումների որակը համապատասխանի այն դրվածքին, որ կա մեր հանրապետությունում: Եվ ընթացքում խոսք եղավ, որ այդ պատճառով եղել են նաև դեպքեր ապրիլայն պատերազմի ժամանակ, երբ տեխնիկան լիցքավորված է եղել ոչ այն վառելիքով, որն անհրաժեշտ է: Ես համարում եմ, որ եթե էդպիսի տեղեկություններ կան, ապա իրենք պետք է զբաղվեն:

Ես ինքս էլ կողմնակից եմ և պնդում եմ, որ դա իրականացվի և իրականացվի հանրային վերահսկողության ներքո: Բայց, իմ իմացությամբ, խոսքը վերաբերում էր ներկայիս ներկրումներին: Տարբեր մեկնաբանություններ կան, հիմա տարբեր մարդիկ ասում են՝ տանկերում բենզին չի եղել, չհասկանալով, որ տանկերը լիցքավորում են միայն դիզելային վառելիքով: Ապրիլյան պատերազմի ժամանակ պաշտպանության բանակի հրամանատարության կողմից այդպիսի տեղեկություններ չեն եղել, դրանք պարզապես ասեկոսեների կամ տարբեր մեկնաբանությունների արդյունք են:

«Ազատություն»- Այսինքն, դուք հերքու՞մ եք պնդումնեը, որ ապրիլյան պատերազմի ժամանակ նման խնդիրներ եղել են, երբ տանկերն այս կամ այն պատճառով չեն կարողացել տեղից շարժվել:

Սեյրան Օհանյան- Ապրիլյան պատերազմի ժամանակ դիզվառելիքի պակասության պատճառով պայմանավորված որևէ խնդիր չի եղել: Եթե իրենք ունեն էդպիսի տեղեկություններ, ես պնդում եմ՝ թող համապատասխան քննություն իրականացնեն: Ընդ որում՝ հանրությանն իրազեկելով:

«Ազատություն»- Վարչապետն, ամեն դեպքում, խոսում էր ապրիլյան պատերազմի շրջանի մասին, նշելով, որ կերոսինի անորակ լինելու պատճառով տանկերը չեն կարողացել աշխատել: Նա շեշտեց՝ այդ օրերին:

Սեյրան Օհանյան- Վարչապետի շեշտադրումը այսօրվա ներկրումների որակին և օրենքին համապատասխանեցնելուն էր վերաբերում:

«Ազատություն»- Այսինքն՝ դուք պնդում եմ, որ եթե կա խնդիր, ապա պետք է հարուցվի քրեական գործ, և դուք այդ հարցում շահագրգիռ կողմերից մեկն եք:

Սեյրան Օհանյան- Եթե կան խախտումներ, ես շահագրգիռ կողմերից մեկն եմ, որ բացահայտվի:

Այս խորագրի վերջին նյութերը