Մեկնաբանություն

04.03.2017 11:50


Փարիսեցիության անօրինակ նմուշ

Փարիսեցիության անօրինակ նմուշ

«Եվրանյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե իշխող Հանրապետականի ընտրական ցուցակում Սերժ Սարգսյան անունը չկա, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ դուք լքում եք քաղաքականությունը՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Դա նշանակում է, որ մենք հաշվի ենք առնում ընդդիմության անհանգստությունը, որ խորհրդարանական ընտրություններում մենք կօգտագործենք վարչական ռեսուրս: Դա նաև նշանակում է, որ մենք հնարավորություն ենք տալիս երիտասարդներին դրսևորել իրենց քաղաքականության մեջ»:

ՀՀԿ ղեկավարի այս պատասխանը փարիսեցիության անօրինակ նմուշ է: Նախ՝ ընդդիմությունը եթե երբևէ պահանջ է ներկայացրել, ապա դա վերաբերել է ոչ թե իշխող ուժի նախընտրական ցուցակում այդ ուժի ղեկավարի անունը չընդգրկելուն, այլ Սերժ Սարգսյանի հրաժարականին:

Ինչ վերաբերում է ընտրություններում վարչական ռեսուրսի օգտագործմանը, ինչին մշտապես դիմել է իշխող ուժը, ապա այդ մասին ընդդիմությունը խոսում է անհիշելի ժամանակներից. տարիներ շարունակ ոչիշխանական ուժերը բարձրաձայնել են այդ խնդիրը, սակայն ձայն բարբառո հանապատի: Բայց հիմա հանկարծ Սարգսյանը որոշեց «հաշվի առնել ընդդիմության անհանգստությունը»:

Նախագահության երկրորդ ժամկետը գլորող Սերժ Սարգսյանն անցած 9 տարիներին ոչիշխանական ուժերի կողմից արտահայտված բազում խնդիրների վերաբերյալ մտահոգություններ է լսել: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ ոչիշխանական դաշտից ներկայացվող որևէ մտահոգության կամ անհանգստության չի արձագանքել: Հակառակը՝ դեռ մի բան էլ ստիպեց, որ մեծությամբ երկրորդը համարվող խորհրդարանական ուժի առաջնորդը հեռանա քաղաքականությունից: Չենք խոսում արդեն սահմանադրական «բարեփոխումների», խայտառակ ԸՕ-ի մասին, երբ նա հաշվի չառավ ոչ մեկի կարծիքը և մեր վզին փաթափեց սեփական վերարտադրության խնդրի լուծման նպատակով «ընդունած» նոր Սահմանադրությունը ու «բոլորը բոլորի դեմ» ռեյտինգային ընտրակարգը:

Չարժե հիշեցնել նաև նրա իրականացրած արտաքին և ներքին քաղաքականության մասին, որոնցում միայն ձախողումներ է «վաստակել»: Մինչդեռ հերթական «նախաձեռնողական» գործընթացից առաջ ոչիշխանական ուժերի մեծ մասը զգուշացնում էր, որ սխալ ճանապարհով է գնում, և հետևանքները բացասական են լինելու, որոնք էլ հիմա «վայելում» ենք:

9 տարի ոչ մեկի արտահայտած տեսակետն ու գնահատականը հաշվի չի առել, բայց հիմա հանկարծ «փափկել» է ու որոշել է «շարժվել» ընդդիմության «ասածով»:

Եթե քարոզարշավում ներգրավված են ՀՀԿ-ական նախարարներ ու մարզպետներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, ապա ցուցակում առանց Սարգսյան անվան գոյության էլ վարչական ռեսուրսն օգտագործվելու է («Եվրանյուզը» ընտրակաշառքի համատարած բաժանման, մարդկանց «երամով» այլ տարածքներում գրանցելու մասին խաբար էլ չի, որ գոնե կեսբերան այդ մասով էլ հարց ուղղեր):

Երևի ընդդիմության «անհանգստությունը» հաշվի առնելով է նաև ՀՀԿ ղեկավարը որոշել թաքնվել վարչապետ Կարեն Կարապետյանի թիկունքում, որին «բրդել» է առաջ ու ասել՝ գնա, քարոզարշավին մասնակցիր: Ակնհայտ է, թե ինչ նպատակով է վարչապետին (որի անունը նույնպես ցուցակում չկա) այդպիսի «լայն հնարավորություններ» տվել: Իր դեմքն ատելի է ժողովրդի համար ու սեփական ներկայությամբ կարող է միայն վնասել ՀՀԿ-ի քարոզարշավին: եթե ինքը դուրս գա ժողովրդի առաջ, ապա քարոզարշավի ձախողման հավանականությունը մեծանում է: Իսկ Կարեն Կարապետյանի ֆիգուրն առայժմ ժողովրդին չի բարկացնում: Ահա՛ այսպիսի մանր խորամանկություն:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը