Մեկնաբանություն

06.03.2017 20:50


Ներողությո´ւն…

Ներողությո´ւն…

Նախընտրական քարոզարշավի այս հագեցած ժամանակաշրջանում բազմաթիվ զավեշտալի ու ծիծաղաշարժ, իսկ ըստ էության` տխուր ու ամոթալի իրավիճակների ենք ականատես լինում։

Հերթագրված պատրաստակամությամբ իրար հաջորդող «ամփոփիչ» ասուլիսներն ու ժողով-հավաքներն ընդամենը սեփական «ես»-ը շոյելու և «գործընկերներին» ու մրցակիցներին «քողարկված» կամ անթաքույց մեսիջներ ուղարկելու համար են:

Սակայն հազիվ թե առիթն ունենանք համարձակ ու ազնիվ ինքնախոստովանական քննադատությանն ականատեսը լինելու։ Հասարակության գրեթե բոլոր շերտերի համար տեսանելի և անքննելի ձախողումների և բացթողումների հհկ-ական պատասխանատուներին դժվար է պատկերացնել ազնվության և թասիբի այնպիսի դրսևորմամբ, որ կարողանան խոստովանել իրենց մտքի ու գործի սնանկությունը։

Իշխանական լծակներին տիրող և հետևաբար պատասխանատվության համապատասխան բեռը պարտադրաբար կրելուն հանձնառու այրերը հազիվ թե արժանապատվության ու բարոյականության այնպիսի պաշար ունենան, որ անցնող տարվա ամփոփման հիմնաքարը դարձնեն ապաշնորհության, ինքնասիրահարված եսասիրության և ամբարտավանության արդյունքում ծրագրերի ձախողումն ու անհեռանկարայնությունը։

Քաջություն ու պարկեշտություն է հարկավոր ամփոփելու համար օրեցօր ահագնացող արտագաղթն ու դատարկվող Հայաստանը։ Հակառակ դեպքում, կարելի է բավարարվել այն տհաս և անճարակությունից կարկամած խղճուկ բացատրություններով, թե շեշտակի արագությամբ դատարկվող գյուղերն ու քաղաքի բազմաբնակարան շենքերը «ասնավանի» չեն խոսելու համար արտագաղթի ծավալների մասին, կամ էլ միշտ կարելի է ծիծաղելի ցինիզմով ընկղմվել խորհրդային վատագույն ջայլամականության մեջ։ Սակայն դրանից ոչ ցանկալի աչքկապությունն է ստացվում, ոչ էլ հասարակության վերաբերմունքն է փոխվում։

Ազնվության և տղամարդկության անհրաժեշտ պաշար է հարկավոր անցնող տարին ամփոփելիս, հիշատակել այն բոլոր անօգտակար քայլերն ու որոշումները, որոնց արդյունքում աննախադեպ չափերի է հասել մեր ու մեր երեխաների վզին փաթաթված պետական պարտքը, օրեցօր ամեն ինչ կլանող գնաճը, հարկային բեռի անտանելի մակարդակն ու հարկահավաքության անհնարինությունը։ Ամենաթողության և անպատժելության մթնոլորտում, ամփոփիչ ասուլիսների և ելույթների կեղծ ու անհարգալից` «պետք է ավելին անենք», «կատարված հսկայական աշխատանքը, իհարկե, դեռ բավարար չէ»-ների ետևում իրականում աճող կոռուպցիայի, բիրտ ու անօրեն «մրցակցության», մենաշնորհային «բեսպրեդելի» շքերթ է։

Նախընտրական հավաքների ու ճառերի ժամանակ պարկեշտություն է անհրաժեշտ, որպեսզի ինքնագովասանքից ու երեսպաշտությունից առաջ մեղքի իրական զգացումով, աչքերը խոնարհած ներողություն խնդրվի բանակում որդի կորցրած սգազգեստ մայրերից, անգրագետ, անտարբեր, հետևաբար մարդասպան բժիշկների անբարտավան սխալների արդյունքում հաշմանդամ դարձածներից և անօգնական մահացածների հարազատներից, ապականված ու անխնա բռնաբարվող բնությունից, կրթական համակարգի ամբողջական քայքայման զոհ դարձած և անհասկանալի փորձերի համար ճագարների վերածված մեր երեխաներից, աղքատության շեմն օրեցօր ավելի շատ հատող և արժանավայել կյանքով ապրելու հույսը վերջնականապես կորցրած ծերերից, Հայաստանում որևէ բան փոխելու մասին վստահությունը կորցրած քաղաքացուց, իր ճակատագրի տնօրինումը սրան-նրան հանձնելու նկատմամբ անտարբեր դարձած և աչքը ընտրակաշառքի ճամփին հայ ընտրողից։

Տապալված 9-ամյա հանցավոր իշխանավարման ամփոփումը միայն ապաշխարությունը կարող է լինել։ Կուտակած մեղքերի, չարված ու ձախողած պարտավորությունների, ստանձնած ու չկատարված ծրագրերի, քայքայված տնտեսության և դատարկվող հայրենիքի, հրապարակներում հավաքվող և տներում մնացած մարդկանց խաբելու, հույսերն ու հույզերը անարդյունք և անխնա շահագործելու ու արհամարհելու, հայ քաղաքացուն անտարբեր դարձնելու, նրա` իր ուժերի և իրավունքի նկատմամբ վստահությունը կորցնելու, հավատն ու արժանապատվությունը սասանելու համար միայն մեկ ճանապարհ կա` ներողություն խնդրելն ու ապաշխարելը։ Դրանից հետո միայն կարելի է խնդրել հասարակության ողորմածությունը և… լուռ հեռանալ դեպի քաղաքական աղբանոց։ Անցած ժամանակաշրջանի ամփոփումը այդ ձևով գոնե կդադարի զավեշտալի, ծիծաղելի, իսկ իրականում անբարտավան ու ցինիզմով գերհագեցած լինելուց։

Բայց ներողություն խնդրելու համար համարձակություն, կրթվածություն, ինքնավստահություն, նամուս ու թասիբ է պետք։ Մի խոսքով` դաստիարակություն է հարկավոր ունենալ։ Ո՞վ և քանի՞սն ունեն դրանից...

Արտակ Բշտիկյան

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ

Այս խորագրի վերջին նյութերը