Մեկնաբանություն

08.03.2017 14:35


Համախմբման անհրաժեշտությունը

Համախմբման  անհրաժեշտությունը

Սիրելի՛ ընկերներ, հարազատներ, հայրենակիցներ

Երկար տարիներ զբաղվելով գիտակրթական գործունեությամբ՝ ես առաջին անգամ որոշեցի մաս կազմել որևէ կուսակցության և նույնիսկ առաջադրվել ԱԺ պատգամավորական ընտրություններում:

Իմ դիրքորոշումն է եղել հնարավորինս զերծ մնալ կուսակցական պատկանելիությունից: Սակայն, ինչպես հայտնի է, գիտելիքի, փորձի, գիտության օգտակարությունը թիմային աշխատանքի մեջ ավելի մեծ արդյունքների է հանգեցնում, քան անհատի փնտրտուքներն ինքնադրսևորման, արդարության հավերժ որոնման և համազգային խնդիրների լուծման համար:

Եվ այսպես ինչո՞ւ «Համախմբում» կուսակցություն, ապա նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք:

1.Միակ քաղաքական ուժն է, որ «չխնդրեց», «չստիպեց», «չառաջարկեց» ներգրավվել իր շարքերում: Ուստի դրանով իսկ դարձավ գրավիչ:

2.Քաղաքական ուժ, որն ունի ազգային-պետականամետ գաղափարախոսություն: Ցանկացած ոք, ով ունի վերլուծելու և փաստերով առաջնորդվելու կարողություն կարող է համոզվել դրանում:

Մակերեսային ու զգացմունքային եզրակացություններ անում են հիմնականում այն մարդիկ, որոնց վրա ներգործելը մեծ ջանքեր չի պահանջում՝ մի փոքր սև PR, մի ամպագորգոռ վերնագրով հոդված, կիսատ-պռատ անհիմն մեղադրանքներ և, ահա խնդրեմ, ուժի վրա «հարձակվող» կիսագրագետների ոհմակն արդեն պատրաստ է: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում ներգրավված մարդկանցից գրեթե յուրաքանչյուրը հանգիստ կարող էր իշխանության մաս կազմել, եթե կիսեր ներկայիս իշխանության «գաղափարախոսությունը» և քաղաքականությունը:

3.Քաղաքական ուժ, որը ղեկավարվում է ոչ միանձնյա, ինչը տվյալ իրավիճակում շատ կարևոր է: Երեք առաջնորդեր. որոնցից յուրաքանչյուրի դերակատարումը մեր երկրի զարգացման համար եղել է վճռորոշ:

Սեյրան Օհանյան՝ Արցախի հերոս, ով երկու հայկական պետությունների բանակաշինության մեջ ունի առանցքային դերակատարում ու նշանակություն: Քաղաքական գործչի խարիզմատիկ տեսակ, ով իր գիտելիքով, կեցվածքով, խոսքով, արժանապատվությամբ կարող է առաջնորդել:

Րաֆֆի Հովհաննիսյան՝ միջազգային, բարձրակարգ կրթություն ստացած քաղաքական գործիչ, ով իր մարդկային և մասնագիտական որակներով նոր մշակույթ ձևավորեց հայաստաբնակներիս մոտ: Հստակ տիրապետում է միջպետական, միջազգային հարաբերությունների ձևավորման և ամրապնդման մեխանիզմներին:

Վարդան Օսկանյան՝ ևս բարձրակարգ կրթություն ստացած քաղքական գործիչ, ով իր վարած արտաքին քաղաքականութամբ ապացուցեց, որ Հայաստանը կարող է միջազգային ասպարեզում հանդես գալ որպես լիիրավ անդամ բոլոր ոլորտներում:

Ներկայումս չկա որևէ այլ քաղաքական ուժ, որի առաջնորդներն այսքան հարուստ կառավարման փորձ ունենան, նույնքան կիրթ լինեն ու ամենակարևորը տիրապետեն երկրի առանցքային ճյուղերի զարգացման առանձնահատկություններին:

Ահա այն երեք հիմնական պատճառները, որոնք առանցքային դեր խաղացին իմ ընտրության հարցում:

–Դաշինքը քաղբանտարկյալների հարցի շուրջ ունի հստակ մոտեցում և դատապարտում է տվյալ երևույթը, իսկ ինձ համար քաղբանտարկյալների ազատությունը միշտ էլ եղել է առանցքային ու առաջնային խնդիր:

–Դաշինքի ծրագրերն իրատեսական են և ոչ թե վերացական: Ես որպես տնտեսագետ կարող եմ գնահատել ծրագրի արդյունավետությունը և կիրառական լինելու աստիճանը:

–Օրենքի գերակայությունը այն հենքն է, որի վրա կառուցվում է ժողովրդավար հասարակություն: Միայն իրավական պետություն կառուցելով, մենք կարող ենք հասնել հաջողության: Անհատի լիակատար ազատությունն է լինելու այն գրավականը, որը հնարավորություն կտա մեր երկիրը դուրս բերել այս անմխիթար վիճակից: Յուրաքանչյուր մարդ, ով իր ծնողներից ստացել է հայեցի դաստիարակություն, պետք է դառնա այն հիմնական ռեսուրսը, որի օգնությամբ մենք պետք է կառուցենք մեր պատկերացրած երկիրը: Իսկ այդ ռեսուրսը լիարժեք կբացահայտվի այն ժամանակ, երբ համատարած կվերանա միջակությունը, անորակությունը, անպատիժ մթնոլորտը:

–Հայաստանը պիտի լինի այն երկիրը, որի յուրաքանչյուր հայրենասեր քաղաքացի, անկախ իր ազգային պատկանելիությունից իրեն զգա պաշտպանված ու գնահատված:

–Հայաստանը կլինի այն ավանդական, էթնիկ հայկական ընտանիքը, ուր հեռու հեռվից կարող է վերադառնալ յուրաքանչյուր հայ զավակ:

Այսպիսով ես կատարել եմ ընտրությունը և մեր թիմին մաղթում եմ հաղթանակ:

Վահե Բուլանիկյան

Տնտեսագիտության թեկնածու,

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի կողմից

առաջադրված պատգամավորության թեկնածու

Երևանի թիվ 4 ընտրատարածքում

8–րդ քվեաթերթիկում համար՝ 3

Այս խորագրի վերջին նյութերը