Մեկնաբանություն

10.03.2017 10:30


Պարոնա՛յք, բարոյական արգելակներ չունե՞ք (տեսանյութ)

Պարոնա՛յք, բարոյական արգելակներ չունե՞ք (տեսանյութ)

Այն, որ իշխող ուժն ու նրա ղեկավարն իրենց նախընտրական քարոզարշավի համար «մանրադրամ» էին սարքելու գիտական-ստեղծագործական-մարզական ոլորտների ներկայացուցիչներին, ինչ-որ տեղ սպասելի էր (թեև մարդը, որը չի ուզում փչանալ, նրան ոչ ոք չի կարող փչացնել): Այս օրերին տեսնում ենք, թե հայտնի ու հռչակավոր դեմքերի, շոՎու-բիզի «աստղերի» ու «դեՌասան-դեՌասանուհիների» ինչպիսի քանակություն են ասպարեզ նետել, որոնք հանուն փողի վերածվել են «վաքսի վրայի մեյմունների» ու ակտիվորեն քարոզում են ՀՀԿ-ի օգտին (կապ չունի` ինչ միջոցով. եթե երգում-պարում ու նկարվում են իշխող ուժի քարոզարշավի «բեմահարթակում» կամ տեսահոլովակներում, այդկերպ նրանք, ուղղակիորեն, գովազդում են ՀՀԿ-ին): Բայց զարհուրելին դեռ նոր է սկսվում:

Իշխանությունն այդպես էլ չփոխեց խորհրդարանական ընտությունների օրը, չնայած, Սերժ Սարգսյանը շատ էր ուզում ապրիլի 2-ին՝ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների տարելիցի օրը, «սգալ մեր հերոսների համար»: Օրը չփոխեցին և հիմա պարզվում է, զոհերի հարազատներին են ներգրավվել իրենց քարոզարշավում (այդպես են «սգում»): Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուն՝ ԴԱՀԿ նախկին պետ, օֆշորային սկանդալի «հերոս» համարված Միհրան Պողոսյանն իր նախընտրական քարոզարշավին մասնակցելու էր հրավիրել ապրիլյան պատերազմում զոհված երկու հերոսների՝ Բագրատ Ալեքսանյանի և Տիգրան Բերակչյանի մայրերին: Ավելի անբարոյական «մտահղացում», քան սա է, հնարավոր չէ պատկերացնել: Զոհված Բագրատ Ալեքսանյանի մայրը քարոզարշավային հարթակից ելույթ է ունենում և գովում է Միհրան Պողոսյանին, մի քանի անգամ շնորհակալություն է հայտնում թեկնածուին, որն իր ընտանիքին օգնել է: Առաջիկայում, հավանաբար, մնացյալ զոհերի ծնողներին էլ Հանրապետական այլ ռեյտինգայիններ «բեմ կհանեն»:

Դե, մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ՀՀԿ Կանանց խորհրդի համաժողովում արդեն տեսել ենք, թե ինչպես էին քառօրյա պատերազմի զոհերի մայրերին «տեղավորել» Սերժ Սարգսյանի կողքին: Սա քիչ համարելով՝ հիմա էլ նրանց ներգրավվում են իրենց քարոզարշավում: Լա՛վ, դուք ինչի՞ ծնունդ եք: Մի՞թե մանդատ կողոպտելու համար կարող եք անգամ «օգտագործել» սգավորներին: Հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր զինվորները երկնքից թքելու են ձեզ վրա: Աստծո՛ւց վախեցեք:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը