Քաղաքական

10.03.2017 16:35


Սեյրան Օհանյան. «Պատրաստ ենք իրական քայլերով ջախջախել հուսալքության մթնոլորտը»

Սեյրան Օհանյան. «Պատրաստ ենք իրական քայլերով ջախջախել հուսալքության մթնոլորտը»

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Նոր Հաճն։ Այցի ընթացքում Սեյրան Օհանյանն իր ուղերձն է ուղղել հավաքվածներին.

–Իմ պատանեկության տարիները ես Կոտայքի մարզում եմ անցկացրել՝ նախկին Նաիրիի շրջանում։ Այստեղ մեծամասնությունն իմ հարազատներն են, բարեկամները, դասընկերները, համերկրացիները, գյուղացիները, որոնց հետ ես ապրել եմ իմ կյանքը, որոնցից ինչ–որ բան սովորել եմ, այնուհետև իմ կյանքի այս մեծ փորձառնությունն եմ ձեռք բերել։ Մենք այստեղ ենք, որովհետև ուզում ենք ժողովրդի կողքին լինել։ Մենք առանց ձեզ չենք կարող հասնել հաջողությունների։ Մեր խնդիրը, ծրագրային դրույթներից բացի, արմատական բարեփոխումներ իրականացնելն է, որոնք առաջին հերթին ուղղված կլինեն կառավարման համակարգին։ Մեզ այնպիսի մարդիկ են պետք, ովքեր, ռազմավարական պլանավորումից զատ, կկարողանան աշխատել ժողովրդի հետ, նրա կողքին լինել, չխորշել անցնել ժողովրդի շարքերով, նրանց բարևել, գրկախառնվել և զգալ նրանց բոլոր հոգսերը։

Ս. Օհանյանի խոսքով՝ 25 տարի մեզ ՀՀ–ում չի փոխվել քաղաքական թիմը, իսկ եթե տարիներ շարունակ մարդիկ գտնվում են իշխանության ղեկին, լճանում են, թվում է՝ միայն իրենք են ճիշտ։

–Թվում է, թե թերություններ չկան, և չեն տեսնում այդ ամենը։ Ո՞վ պետք է բարեփոխումներ իրականացնի երկրում, եթե ոչ թարմ աչքը, եթե ոչ այն մարդիկ, ովքեր լավագույն դիվանագիտական փորձն ունեն։ Այս ամենը մեր գերխնդիրն է լինելու իշխանության գալու ժամանակ,–ասել է ՀՀ ՊՆ նախկին ղեկավարը՝ հավելելով,–տարբեր բնակավայրերում, սահմանամերձ բնակավայրերում մենք եղել ենք, և մեր գործողությունները ոչ միայն գործադիր համակարգում են երևացել, այլ նաև տարբեր տիպի աջակցություններով, որոնք իրականացրել ենք այս տարածաշրջանում։ Ես չեմ ասում՝ դա մենք լավության համար ենք կատարել, ընդհակառակը՝ եթե մի լավ բան անում եմ, անում եմ հենց այնպես։ Մենք վերականգնելու ենք Չարենցավանի, Հրազդանի, Նոր Հաճնի երբեմնի արդյունաբերական քաղաքներ հասկացությունը։ Մենք ստեղծելու ենք այն աշխատատեղերը, որոնք հենց այնպես չեն ստացվում։ Դրանք լինելու են տնտեսության ոլորտում արտաքին ներդրումների, լուրջ մտածելու, ռազմավարական վերանայումներ իրականացնելու հաշվին։ Մենք այսօր պատրաստ ենք իրական քայլերով ջախջախել այն հուսահատության, հուսալքության մթնոլորտը, որ գոյություն ունի ՀՀ–ում։ Մեր գործողության հիմքում ամենամեծ արժեքը մարդն է լինելու։ Չամաչել իջնել ներքև, նրան բարևել, նրա հետ կիսել դժվարությունները, հագնել հասարակ համազգեստը, կրկնակոշիկները, հագնել զինվորական դաշտային համազգեստը և լինել զինվորի կողքին և նրա հետ աշխատել։ Մենք եկել ենք ոչ թե իշխանության գալու, այլ իշխանությունը ձեզ տալու, ձեզ հետ միասին իշխանություն ձևավորելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը