Քաղաքական

10.03.2017 16:17


«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի նախընտրական հավաքն Աբովյանում (տեսանյութ)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի նախընտրական հավաքն Աբովյանում (տեսանյութ)

Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքից «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Աբովյան քաղաք։

Ավելի վաղ դաշինքը հանդիպումներ էր ունեցել Հրազդանի և Չարենցավանի բնակիչների հետ։

Աբովյանցիներին ուղղված իր խոսքում Վ. Օսկանյանը ներկայացրել է դաշինքի ծրագրային որոշ դրույթներ՝ շեշտելով, որ ապրիլի 2–ը ճակատագրական օր է լինելու։

—Դուք այդ օրը վճռական խոսք ունեք ասելու, քանի որ այդ օրը որոշվելու է մեր երկրի, մեր երեխաների ապագան հաջորդ տասնամյակների համար։ Իրոք որ քաղաքական ներկապնակը բավականին ճոխ է, իշխանությունները փորձում են այդ ամենը նսեմացնել՝ ասելով, որ ընդդիմություն չկա, ընդդիմությունը համախմբված չէ,–ասել է Վ. Օսկանյանը՝ հավելելով, որ հնարավոր է երկիրն արագ ոտքի կանգնեցնել համապատասխան քայլեր անելով, ժողովրդի կյանքում էական փոփոխություններ անել, թեթևացնել վարկի տակ գտնվող մարդկանց կյանքը, խթանել փոքր ու միջին բիզնեսը, բարձրացնել ժողովրդի կենսամակարդակը։

Աբովյանցիներին է ուղերձով դիմել նաև գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը.

–Երբևէ մեզ մոտ այսպիսի մասշտաբի ընտրություններ չեն եղել, դրա համար մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է խիստ վերլուծության ենթարկել իրավիճակը, բոլոր այն ուժերի կարողությունները, որոնք այսօր հանդես են գալիս մեր ժողովրդի ապագան կերտելու համար, որոշումներ են կայացնելու առաջիկա մի քանի տասնամյակների համար։ Մեր շարքում մարդիկ են, որոնք կառավարման համակարգում մեծ ճանապարհ են անցել։

Ս. Օհանյանն ընդգծել է՝ ժողովուրդն է ամենամեծ արժեքը բոլորիս համար։

–Մեզանից յուրաքանչյուրը եթե ինչ–որ բանի հասնում է, հասնում է շնորհիվ այն մարդկանց, որոնց հետ առօրյա կյանքում չարքաշ աշխատում է, մեծ մասամբ՝ մեր ժողովրդի։ Այսօր հերոս է մեր ժողովուրդը, որի համար հաղթական, հերոսական ապագա պիտի կերտենք։

Ս. Օհանյանի խոսքով՝ կա մի քանի սպառնալիք, որ թույլ չի տալիս մեզ արագ վերելք ապրել, արատավոր երևույթների պատճառով մի քայլ առաջ, 2 քայլ հետ ենք գնում։

–Արատավոր է կառավարման համակարգը, որի մեջ փոփոխություններ պիտի մտցվեն... Խնդիրների լուծման բոլոր բանալիները Հայաստանում են։ Մենք խոսք ենք տալիս հաղթանակից հետո հաշվետու լինել ժողովրդին... Կյանքս հայրենիքիս, պատիվս՝ ոչ մեկին– ասել է Ս. Օհանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը