Քաղաքական

14.03.2017 13:45


Վարդան Օսկանյան. «Այս իշխանությունները երկիրը տապալել են ամեն ինչով»

Վարդան Օսկանյան. «Այս իշխանությունները  երկիրը տապալել են ամեն ինչով»

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Վայոց ձորի մարզ։

Վայքում հավաքված ժողովրդին ուղղված իր ելույթում Վարդան Օսկանյանը նշել է, որ ընտրությունների նախաշեմին իրենք ստիպված են խոսել ոչ միայն իրենց անելիքների, այլ նաև այն մարդկանց մասին, ովքեր ոչինչ չեն արել այս տարիների ընթացքում, քանի որ նրանք նույնպես հայցում են ժողովրդի քվեն։

–Մենք բողոքականներ չենք, բայց զգում ենք, որ այս երկիրն իսկապես անդունդի եզրին է։ Դրա համար էլ որոշում ենք կայացրել մտնել քաղաքական պայքար։ Այս իշխանությունները երկիրը տապալել են ամեն ինչով։ Ես մեկ–մեկ մտածում եմ՝ եթե 8 տարի առաջ մի 10 հոգով հավաքվեին և որոշեին, թե ինչ քայլեր կարելի է անել ՀՀ–ին այսքան վնաս հասցելու համար, հավատացեք, որ չէին կարողանա այսքան հաջողություն ունենալ։ Դիտարկենք արտաքին քաղաքականությունը։ 2008թ. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման փաստաթուղթը ամրագրվել էր բանակցային փաստաթղթում։ Այսօր լսում ես, որ խոսվում է միայն տարածքների վերադարձից. փոխանակ կարողանային այդ իրավունքը բարձրացնել արդեն ճանաչման՝ մենք հետ ենք գնացել։ Այսօր մենք խոսում ենք ընդամենը տարածքների վերադարձից՝ ի դիմաց ոչնչի։

Խոսելով Հայաստանում առկա ժողովրդավարական գործընթացների մասին՝ Վ. Օսկանյան նկատել է՝ եթե նախկինում Հայաստանը որակավորվում էր որպես կիսաավտորիտար պետություն, այսօր միջազգային հանրության գնահատականներում մենք արդեն ավտորիտար պետություն ենք։

–Եթե մեր մամուլը միջազգային գնահատականներում նախկինում կիսաազատ էր, այսօր անազատ է, եթե կոռուպցիոն սանդղակում մենք 101–րդ, 102–րդն էինք, այսօր 120–րդն ենք, և այսպես շարունակ,–հավելել է ՀՀ նախկին արտգործնախարարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը