Քաղաքական

20.03.2017 11:55


«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամներն Արագածոտնի մարզում էին (տեսանյութ, լուսանկարներ, լրացված)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամներն Արագածոտնի մարզում էին (տեսանյութ, լուսանկարներ, լրացված)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր հանդիպումներ են ունենալու Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքների բնակիչների հետ։

Հիշեցնենք՝ նախօրեին էլ դաշինքի անդամները Երևանի մի շարք վարչական շրջաններում էին, որոնց բնակիչներին ներկայացրեցին դաշինքի նախընտրական ծրագիրը։

***

Դաշինքի անդամներն Աշտարակ քաղաքում են։

Դաշինքի 2–րդ համար, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշել է՝ կարևոր առաքելություն ունենք անելու՝ մեր հայրենիքին պիտի վերադարձնենք արդարությունն ու ազատությունը, իսկ պայքարից հոգնելու, հիասթափվելու իրավունք չունենք։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն աշտարակցիներին ուղղված իր խոսքում նշել է.

–Իշխանափոխությունն իսկապես շատ ռեալ է։ Ես չգիտեմ՝ արդյոք այս 25 տարիների ընթացքում երբևիցե այսպիսի իրավիճակ ստեղծվե՞լ է, թե ոչ։ Ակնհայտ է, որ իշխող ուժը բավարար ձայներ չունի ոչ կոալիցիոն կառավարություն կազմելու, առավել ևս՝ ինքնուրույն շարունակել իշխելու համար։ Ես ներքին համոզմունք ունեմ, որ եթե իրոք ազատ, արդար ընտրություններ լինեն, փող չդրվի շրջանառության մեջ, մարդկանց չստիպեն, չվախեցնեն, կրկնակի քվեարկություն չանեն, ապա իշխող ուժը 5 տոկոսի շեմը չի հաղթահարի։ Բայց գիտենք, որ նրանք ամեն ինչ անելու են բարձր թիվ հավաքելու համար, սակայն նույնիսկ այդ դեպքում նրանք չեն կարողանալու 20–25, լավագույն դեմպքում՝ 30 տոկոս ձայն հավաքեն։ Այնտեղ դեռ 70 տոկոս է մնում, որը հնարավորություն կտա 2 կամ 3 քաղաքական ուժի միասին համախմբվել ընտրություններից հետո և Կառավարություն կազմել, իսկ իշխող ուժին ուղարկել արդեն ընդդիմություն։ Նոր Սահմանադրությունը մեզ այդ հնարավորությունը տալիս է։ Այն Սահմանադրությունը, որը նրանք գնացին ամեն գնով ընդունելու, եկեք հենց նրանց դեմ օգտագործենք՝ նրանց ձեռքից իշխանությունը վերցնելու համար։ Դա իսկապես շատ ռեալ է, և ես համոզված եմ, որ մեր դաշինքն այդ նոր Կառավարության մեջ իր ծանրակշիռ տեղն է ունենալու, և կարողանալու է այն ծրագիրը, որը ներկայացվել է հանրությանը, ի գործ դնել։

Դաշինքի առաջին համար, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանն իր ելույթում նշել է.

–Մենք եկել ենք այստեղ, որպեսզի ժողովրդին տանք իշխանությունը և ժողովրդի հետ միասին էլ ձևավորենք այդ իշխանությունը, որն այս դժվարին իրավիճակից պետք է հանի մեր ժողովրդին, երկարատև ժամանակահատվածում ապահովի ՀՀ զարգացումը։ Մենք եկել ենք այստեղ, որպեսզի ժողովրդի չափով հավասար զգանք բոլոր այն դժվարությունները, բոլոր այն դառնությունները, որ ժողովուրդն է տանում։ Երկարատև պաշտոնավարման տարիներին, գտնվելով թե՛ առաջին գծում, թե՛ սահմանամերձ բնակավայրերում, առաջինը ես ինքս եմ զգացել այդ բոլոր դժվարությունները և համապատասխան կերպով ներկայացրել, որպեսզի սահմանամերձ բնակավայրերում արտոնություններ ստեղծվեն։ Մենք գալով իշխանության նոր կառավարման մշակույթ ենք բերելու, որի հիմքում դրված է լինելու ոչ միայն հեռանկարային, ռազմավարական մտածելակերպը, պլանավորումը, ոչ միայն ժողովրդի հետ շփվելու ձևերը, մեթոդները, սկզբունքները, ոչ միայն գաղափարական աշխատանքը, այլ նաև հաշվետվությունը ժողովրդի առջև, քանի որ եթե հաշվետվության արդյունքում ժողովուրդը չվստահի մեզ, տեսնի, որ մենք ճիշտ չենք աշխատում, ապա մեզ տեղ չի լինելու կառավարման համակարգում։

Տեսանյութը՝ այս հղումով։

***

Արագածոտնի մարզում դաշինքի հաջորդ կայանն Ապարանն է։ Այստեղ դաշինքի անդամներին է միացել Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ժառանգությունը», հավատարիմ լինելով իր սկզբունքներին, դրել է ազգի շահը, ձեր յուրաքանչյուր քաղաքացու շահը իր կուսակցական դրոշից ավելի բարձր։ Մենք, միանալով փորձառու ռազմավարի, հմուտ դիվանագետի, որոշեցինք միացյալ այդ պատվանդանը ստեղծել, ուժերը հավաքել, ոչ թե տարանջատել՝ ի մի բերելով Հայաստանի և Արցախի, ինչպես նաև Սփյուռքի ողջ պաշարները՝ ազատվելու այս կուսակցապետությունից և, ի վերջո, Հայաստանը դարձնելու ռեգիոնալ համապարփակ լիդեր բոլոր առումներով՝ անվտանգություն, ազատություն, գիտություն, սպորտ, մշակույթ,–ընդգծել է Ր. Հովհաննիսյանը։

Տեսանյութը՝ այս հղումով

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը