Մեկնաբանություն

23.03.2017 16:10


Մարտի 22

Մարտի 22

Մարտի 22–ին բերման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը։

Մարտի 22–ը Բաբայանի հետ կապված դառնում է խորհրդանշական օր։ Բանն այն է, որ 2000թ. նույն օրը՝ մարտի 22–ին, նրան բերման էին ենթարկել այն կասկածանքով, թե, իբր, նա մահափորձ է կազմակերպել ԼՂՀ այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ։ Դա ԼՂՀ–ում սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ էր։ Պարզ էր, որ ընտրություններին պատրաստվող և հսկայական հեղինակություն ունեցող Բաբայանը վերցնելու էր ԼՂՀ ԱԺ մեծամասնությունը։ Պարզ էր նախ և առաջ ԼՂՀ իշխանությունների և ՀՀ–ում 1999թ. հոկտեմբերի 27–ի դեպքերից հետո իր կորցրած դիրքերը վերականգնել փորձող Սերժ Սարգսյանի համար։ Հենց դա էր պատճառը, որ Բաբայանի դեմ գործ սարքվեց, և Սովետական Ադրբեջանի օրենքներով նրան դատապարտեցին։

Հիմա էլ նույն բանն է տեղի ունենում։ Մեզանում սպասվող ԱԺ ընտրություններից առաջ շինծու մեղադրանքով (ձեռագիրը նույնն է) անազատության մեջ է հայտնվում Սամվել Բաբայանը, ով չի թաքցնում իր աջակցությունը «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքին։

Բաբայանին բերման ենթարկելով ու անհեթեթ մեղադրանք առաջադրելով՝ Սերժ Սարգսյանը փորձում է հարվածել դաշինքին ու երկրում վախի մթնոլորտ ձևավորել այնպես, ինչպես 2000թ. Ղարաբաղում։ Բայց Ղարաբաղում տեղի ունեցածի համեմատ՝ այժմ կա մեկ էական տարբերություն. Բաբայանը 2000թ. դեռ չէր հասցրել քաղաքական թիմ ձևավորել, և իր ձերբակալությունից հետո նրա հակառակորդների ծրագիրն աշխատեց, իսկ հիմա կա քաղաքական թիմ՝ ի դեմս «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի։

Դաշինքի ղեկավարների երեկ տարածած հայտարարությունից պարզ դարձավ, որ նախընտրական աշխատանքները շարունակվելու են, իսկ թիմն էլ աշխատելու է եռապատկված եռանդով։ Ասել է թե՝ երկրորդ «Մարտի 22»–ը չի կարող քաղաքական օգուտ բերել վերարտադրության ծրագրով առաջնորդվող Սերժ Սարգսյանին։ Ճիշտ հակառակը՝ Բաբայանի ձերբակալությունը բոլորի համար պարզ դարձրեց, թե ով ով է քաղաքական դաշտում։

Ինչ վերաբերում է «Իգլային», ապա քանի՞ մարդ կա Հայաստանում, որ կհավատա, թե Բաբայանն, իբր, պատրաստվում էր իշխանությունների դեմ զինված պայքար մղել ... զենիթահրթիռային համակարգով։ Ինչպիսի՜ վառ երևակայություն ունի Բ26–ը, և ինչքա՜ն վախեցած է Սերժ Սարգսյանը։ Վերջինիս աչքին բոլորն ահաբեկիչներ են թվում։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը