Քաղաքական

27.03.2017 11:40


«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքն Արարատի մարզում էր (տեսանյութ, ֆոտոշարք, լրացված)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքն Արարատի մարզում էր (տեսանյութ, ֆոտոշարք, լրացված)

Շարունակվում են «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի մարզային հանդիպումները։ Նախընտրական քարոզարշավի շրջանակներում դաշինքի անդամներն այցելել են Արարատի մարզի Վեդի քաղաք։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Վեդիի բնակիչների առաջ իր ելույթում հիշեցրել է վերջերս «Իրազեկ քաղաքացի» ՀԿ–ի կողմից կատարված բացահայտումները՝ համապետական մակարդակով ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը, երբ պարզվել է, որ մանկապարտեզներից, դպրոցներից տարբեր հիմնարկներից տվյալները գնացել են մարզպետարաններ, քաղաքապետարաններ, ՀՀԿ թեկնածուների գրասենյակներ։

–Սա ազգային անվտանգության խնդիր է, իշխանությանն ապօրինի տիրանալու խնդիր, ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը նախօրոք պիտի սա բացահայտեին,–ընդծել է Ա. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ոստիկանությունն ու ԱԱԾ–ն ոչինչ չեն արել և կոծկում են հանցագործությունը։

Մանրամասն՝ տեսանյութում

***

Դաշինքի անդամներն Արարատում են։

Ելույթներով են հանդես եկել Արմեն Մարտիրոսյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը, դաշինքի այլ անդամներ, արարատցիներին են ներկայացվել դաշինքի նախընտրական ծրագրի որոշ դրույթներ։

Տեսանյութը՝ այս հղումով

***

Արարատից դաշինքի անդամները մեկնել են Արտաշատ։

Սեյրան Օհանյանն արտաշատցիներին ուղղված իր խոսքում նշել է՝ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը բանակային կարգուկանոն է հաստատելու երկրում, բարձրացնելու է ժողովրդի արժանապատվությունը, պայքարելու է արատավոր երևույթների դեմ։

–Նախագահները գալիս են ու գնում, մնում են ժողովուրդը, պետությունը Հայաստանի ապագան։ Մեր դաշինքն առաջարկում է ամբողջական այլընտրանք այս կուսակցապետությանը թե՛ իր ծրագրով, թե՛ իր կազմով,– արտաշատցիներին է դիմել Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դաշինքը թույլ չի տալու, որ արտաշատցին արտագաղթի Ռուսաստաններ, Ամերիկաներ, աշխարհով մեկ։

–Մեր երկրին, շարքային քաղաքացուն աղքատությունից, արտագաղթից փրկելու համար պետք չեն ո՛չ փրկարար թագավորներ, ո՛չ միահեծան կուսակցապետեր, այլ պետք է մի թիմ ու հավաքական, որ հաշվետու է ժողովրդին։ Մենք ապրիլի 2–ին պիտի ընտրություն կատարենք այս կուսակցապետության հարատևման և Հայաստանի Հանրապետության վերածննդի միջև,–հավելել է Ր. Հովհաննիսյանը՝ հորդորելով չընկճվել սոցհարցումների արդյունքներից, նախընտրական հավաքներին ժողովրդի քանակից։

Մանրամասն՝ տեսանյութում

***

Արարատի մարզում դաշինքի հաջորդ կայանը Մասիս քաղաքն էր։

–Իշխանությունները «Բետեռները» բերել են, որովհետև զրո հեղինակություն ունեն, վախից են բերել, արջը ահից է գոռում, հայտնի ասացվածք է, –մասիսցիների հետ հանդիպմանն ասել է Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այն, ինչ անում է Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության հետ, պետության կործանում է՝ քաղբանտարկյալների թվի աճ, աղքատության աճ, բյուջեի կրճատում, ՀՆԱ–ի կրճատում, արտաքին պարտքի ավելացում մինչև անթույլատրելի սահման, 10 մլրդ և ավելի գումարներ ապօրինի ճանապարհով տանելով դեպի օֆշորային հաշիվներ. սա՛ է նրանց արած գործը.

–«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքն ունի պայքարի հետագիծ, կամք, գիտելիքներ, տեսլական, փորձառություն, խորհրդանշում է Հայաստան, Սփյուռք, Արցախ եռամիասնությունը։ Սա՛ է մեր փրկության, զարգացման բանաձևը, այստեղ ներառված են հասարակության բոլոր շերտերը։

Իրավունքի գերակայություն, պաշտպանված սահման և զինվոր, այլևս ոչ մի կորուստ, ոչ մի թիզ հայրենիքի զիջում, այլ միայն ազատագրում հայ մարդու և հայոց հողի, առանց ձեզ ոչ մի բան, ձեզ հետ միասին՝ հաղթանակ,– մասիսցիներին ուղղված իր խոսքում ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ կոչ անելով ապրիլի 2–ին գնալ ընտրատեղամասեր և քվեարկել սեփական խղճի մտոք։

Տեսանյութը՝ այս հղումով

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը