Մեկնաբանություն

06.04.2017 15:27


Նախընտրական փողեր. ով ինչքան է ծախսել

Նախընտրական փողեր. ով ինչքան է ծախսել

Ըստ ԿԲ–ից ստացած և Կենտրանական ընտրական հանձնաժողովի կայքի հրապարակած տվյալների՝ ԱԺ ընտրություններում կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները պաշտոնապես (հեռուստագովազդ, փողոցային վահանակներ, բուկլետներ և այլն) ծախսել են 861.501.642.3 դրամ կամ 1 միլիոն 780 հազար դոլարի կարգի գումար։ Իսկ թե որքան են կազմել քաղաքական ուժերի ոչ պաշտոնական ծախսերը, կարելի է միայն կռահել։

Ակնհայտ է, որ ոչ պաշտոնական ծախսերը շատ ավելին են, քան պաշտոնապես ներկայացվածները։ Միայն բաժանված ընտրակաշառքի համախառն գումարը մի քանի տասնյակ միլիոն դոլար (եթե ոչ ավելին) է կազմում ու եթե դրան գումարենք այլ տիպի ծախսերը, ապա այս ընտրությունները, թերևս, նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենաթանկն են նստել թե՛ պատգամավորության թեկնածուների, թե՛ ՀՀ քաղաքացիների վրա։

Ի դեպ ՀՀ քաղաքացիների վրա այս ընտրությունները շատ ավելի թանկ են նստելու հետագայում, քանզի բաժանված ընտրակաշառքների և հարկատուներիս հաշվին իրականացրած քարոզի գումարային վերադարձն իշխանությունները շատ արագ կկազմակերպեն ապրանքների ու ծառայությունների թանկացումների և այլ միջոցներով։

ՀՀ քաղաքացիները շատ թանկ են վճարելու նաև այն պատճառով, որ սերժսարգսյանական իշխանության վերարտադրությունը նշանակում է տնտեսության վիճակի հետագա վատացում, արտագաղթի աճ, ներդրումների է՛լ ավելի կրճատում և սպառնալիք ՀՀ ու ԼՂՀ անվտանգությանը։ Ինչևէ, վերադառնանք փողերի թեմային։

Ամենաշատը պաշտոնապես ծախսել է ՀՀԿ–ն՝ 379.974.072 դրամ կամ $785.070 (թե որտեղից այդքան գումար համեստ աշխատավարձով ապրող Սերժ Սարգսյանին ու իր պաշտոնավոր թիմակիցներին, հայտնի չէ. միամիտ հարցեր ենք բարձրացնում, բայց ամեն դեպքում):

Ինչպես պաշտոնապես հավաքած տոկոսների, այնպես էլ ծախսած գումարների առումով երկրորդը «Ծառուկյան» դաշինքն է՝ 155 միլիոն 209 հազար 690 դրամ կամ $320.681:

Ծախսած գումարի չափով երրորդը «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքն է, որը օբյեկտիվ հարցման արդյունքներով էլ երրորդն էր իր ձայների քանակով։ Դաշինքը ծախսել է 88.769.166 դրամ կամ $183.407։

«Ազատ դեմոկրատների» վրա այս ընտրությունը պաշտոնապես «նստել» է 9.487.188 դրամ կամ $19.601։

«Հայկական վերածննդի» վերածված «Օրինաց Երկիրը» նախընտրական փուլում ծախսել է 72.314.026 դրամ կամ $149.409։

«Կոնգրես–ՀԺԿ» դաշինքը «դուրս» է տվել 74.718.463.3 դրամ կամ $154.376 (վատ չէ, վատ չէ)։ Հետաքրքիր կլիներ պարզել, թե դարեր առաջ որքան էր «նստել» Եղիազար Այնթապցու վրա էջմիածնական միաբանների հետ համագործակցությունը։

«Հաճախորդաց բանակի առաջատարության» շրջանակներում է ծախսեր արել «Ելք» դաշինքը, որի խորհրդարան մուտքին օգնել են ոչ միայն Բ26–ի երիտթևն ու Սերժ Սարգսյանի «հանդուրժողականությունը», այլ նաև թատերականացված հանգանակություններից գոյացած միջոցները։ Դաշինքին հաջողվել է ծախսել 41.663.190 դրամ կամ $86.080։

Կոմունիստների արած ծախսերը գրեթե «Ազատ դեմոկրատների» չափ են՝ 9.302.952 դրամ կամ $19.220։

Սերժ Սարգսյանին կցված ՀՅԴ–ի ծախսը կազմել է 30.062.895 դրամ կամ $62.113։

Հիմա արդեն գալիս են հետընտրական «բազառների», «վազվռատների» ու նոր «տասովկեքի» ժամանակները։ ՀՀԿ–ականները փորձում են հետ ստանալ բաժանածի այն մասը, որը քվեի չի վերածվել։ Մյուսների մոտ էլ այլ տիպի «բազառներ» են։

Ահա այսպիսի բաներ։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը