Մեկնաբանություն

09.04.2017 10:40


Դիվերսիոն գործողություն՝ ընդդեմ ժողովրդի

Դիվերսիոն գործողություն՝ ընդդեմ ժողովրդի

Երբ գործող իշխանությունը դառնում է անվերահսկելի, «ընտրություններ» կոչված միջոցառումը բառացիորեն փոխակերպվում է դիվերսիոն գործողության՝ ընդդեմ ժողովրդի:

Խորհրդարանական ընտրությունների օրը փոխելու ընդդիմության պահանջը մերժելուց մինչև քվեարկության ավարտը՝ նախընտրական և քվեարկության գործընթացը այլ բան չէր, քան դիվերսիա ժողովրդի դեմ, որի հեղինակները իշխանություններն էին: Ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանն իր ՀՀԿ-ով:

Նախ ոչ ոք չհավատաց ՀՀ ընտրողների թվի մասին հրապարակված տվյալներին (2,5 միլիոն): Ոչ ոք չհավատաց նաև ընտրություններին մասնակցածների վերաբերյալ հրապարակված թվին (1.577.323): Այս ամենը ֆանտաստիկայով հրապուրված ՀՀ ոստիկանության և ԿԸՀ-ի հեղինակային թվաբանություննն էր:

Նախընտրական քարոզարշավն անցավ հայկական սերիալներից հայտնի «գողական-տուրուդմփոց-կրակոցային» բանդիտիզմի, ամենաթողության, անպատժելիության մթնոլորտում: Սակայն, իշխող ուժի կարծիքով, ամեն ինչ անցավ «հանդուրժողական մթնոլորտում»:

Համատարած բաժանվող ընտրակաշառքները ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը անամոթաբար բնութագրեց որպես «նվիրատվություն»:

Իշխող ուժի օգտին քվեարկելու նպատակով դպրոցների և մանկապարտեզների տնօրենների ցուցակակազմության «ազգանվեր գործընթացը» ՀՀԿ կենտրոնական շտաբը ցինիկաբար համարեց «օրինական»:

Քվեարկության օրը «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից արձանագրված 3050 խախտումները բանի տեղ դնող չկա: Վարչական ռեսուրսների կազմակերպված և զանգվածային չարաշահումը՝ նույնպես: Կրկնաքվեարկությունները, կեղծ անձնագրերի առկայությունը, մատնահետքերի համընկնումների հնարավոր փաստերին ևս ուշադրություն դարձնող չկա: «Իշխանությունը մերն ա, ինչ ուզենք՝ կանենք»: Այս լպիրշ կեցվածքով ՀՀԿ-ն գործեց՝ հիասթափեցնելով և ավելի հուսահատեցնելով մարդկանց, ովքեր մի թեթև հույս էին փայփայում, թե այս երկրում հնարավոր է ինչ-որ բան փոխել: Ոչինչ էլ չի փոխվելու:

Պառլամենտական մոդելին անցումը տեղի ունեցավ բռնությունների, ու ճնշումների, հետապնդումների ու վախի մթնոլորտում: Ապրիլի 2-ով վերջնականապես և ամենաայլանդակ ձևերով այլասերվեց ընտրական համակարգը: Կարելի է ողջունել Սերժ Սարգսյանին նման «հաջողության» հասնելու համար: Ով հիմա հիացած է, որ նոր խորհրդարանում ընդդիմություն գոյություն չունի: Իզով-թոզով կորցրեց ընդդիմությանը սույն «պառլամենտարիզմի և ՀՀԿ-ի հայրը»: ՀՀԿ-ն իր «դամքաշներով» պառլամենտական մոդելն է «խորհրդանշելու»: Ջան են ասելու, ջան են լսելու, իսկ երկիրն էլ ավելի ցած է գլորվելու:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը