Կարծիք

16.04.2017 10:20


Մաեստրոն անձամբ է իջնում նկուղային հարկ, որ տպի իր նոտաները

Մաեստրոն անձամբ է իջնում նկուղային հարկ, որ տպի իր նոտաները

Ինձ համար Իսահակյան փողոցում քայլում էի, մեկ էլ տեսնեմ մի նկուղային տարածքից վեր է բարձրանում Մաեստրոն.
-Ի՞նչ գործ ունեք էս գետնատարածքում,- հարցրի Մաեստրոյին:
- Եկա նոտաներս տպելու,- մանսուրյանական անկրկնելի ժպիտով պատասխանեց նա:
Ապշեցի...Տաղանդավոր կոմպոզիտորն ի՞նքն է իր նոտաների տպագրության հոգսը քաշում, անձա՞մբ է իջնում նկուղային հարկ, որ տպի իր նոտաները...Հենց այդպես՝ անձամբ...
Օ՜հ...թե որքան եմ տեսել-հանդիպել նրան ու զրուցել հետը անցած 25 տարում...Մաեստրոյին տեսել եմ գրեթե բոլոր նշանակալի իրադարձությունների ժամանակ, նրան տեսել եմ Կոմպոզիտորների միության համագումարներում, մասնավորապես, հիշարժան էր այն համագումարը, որտեղ նա նախագահի թեկնածու էր առաջադրվել ու ելույթ ունեցավ: Այդ օրը դահլիճում լսում էի նրան ու մտածում՝ ախր, Դուք ի՞նչ գործ ունեք թայֆաբազությամբ գործող ստեղծագործական միության հետ (բոլոր ստեղծագործական միություններում էլ նույն թայֆաբազությունն է): Պարզ չէ՞ որ Ձեզ չեն ընտրելու ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ:
Չընտրեցի՛ն:
Ավելի ուշ՝ ՀՀ Օրհներգի մրցույթի թեժ քննարկումների ժամանակ որքա՜ն էի ուզում, որ օրհներգի նրա տարբերակն անցներ:
Տիգրան Մանսուրյանը Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հիման վրա էր երկնել իր երաժշտությունը...
Դա և՛ աղոթք է և՛ ընդվզում...Լսե՛ք, մանսուրյանական օրհներգը...
Էլի՛ չանցավ...
Այս ամենի մասին հոդվածաշար եմ գրել...
Ավաղ, երբե՛ք չեմ լուսանկարվել նրա հետ (ինչպես շատ անհատականությունների հետ, որոնց հետ հարցազրույցներ եմ արել):
Հիմա երբ ամիսը մեկ-երկու անգամ տնից դուրս եմ գալիս ու տեսնում եմ նրանց, «վռազ նկարվում եմ»՝ խնդրելով փողոցում անցնող ջահելներին մեզ նկարել...
Մեր էրեխեքն են, էլի, անմիջապես գործի են անցնում ու սկսում են նկարել...Հրաշք են, հրաշք մեր ջահելները...
էս անգամ էլ անծանոթ, բայց արդեն սիրելի Արմինեն մեզ նկարեց...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը