Մեկնաբանություն

20.04.2017 10:30


Ինչ մնաց ապրիլի 2-ից հետո

Ինչ մնաց ապրիլի 2-ից հետո

2008-ի նախագահական ընտրություններից հետո Բ26-ը պատերազմ է հայտարարել «քաղաքականություն» երևույթին: Իշխանության կողմից վերահսկվող լրատվամիջոցները, խոսող գլուխներն ու «քաղաքացիականները» զբաղված են քաղաքականության վարկաբեկմամբ:

Իշխանության խոսնակների կողմից հնչեցվող «Քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները» թեզն իրականում նշանակում է «Հայաստանում քաղաքականությամբ պետք է զբաղվի միայն մեկ մարդ»: Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները հսկայական քայլ էին այդ թեզի կյանքի կոչման ուղղությամբ: Մինչ այդ փոխվել էր Սահմանադրությունը, որը հիմքեր դրեց քաղաքականության ապաքաղաքականացման համար:

Սերժսարգսյանական Սահմանադրությանն աջակցող կամ սահմանադրական փոփոխություններին չխանգարող ուժերն այժմ հայտնվել են խորհրդարանում: Մասնավորապես, «Ելք» դաշինքը գլխավորած հաճախորդական եռյակը պաշտպանում էր Սերժ Սարգսյանի «սահմանադրական» ծրագիրը «տակից». Մարուքյանը զբաղված էր Ս. Սարգսյանի հետ ֆոտոսեսիայով, Արամ Սարգսյանը ֆորմալ առումով «ոչ» էր ասում սահմանադրական փոփոխություններին ու միաժամանակ պայքարում էր ՀՀԿ ղեկավարի ընդդիմախոսների դեմ, Նիկոլ Փաշինյանն էլ սահմանադրական փոփոխությունները համարում էր կեղծ օրակարգ ու նույնպես պայքարում Սերժ Սարգսյանի ընդդիմախոսների դեմ:

Մեր երկրում առանց ցնցումների և ընտրությունների միջոցով փոփոխությունների հասնելու համար ապրիլի 2-ից հետո մնացել է շատ քիչ հնարավորություն: Համենայնդեպս, «ռեյտինգային» ընտրությունների միջոցով փոփոխությունները հնարավոր են միայն տեսականորեն, քանզի «ռեյտինգային» ընտրակարգը, հայաստանյան իրողությունները հաշվի առնելով, բացառում է քաղաքական ու գաղափարական ընտրությունների հնարավորությունը:

Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ գործնականում կա քաղաքական փոփոխությունների մի քանի սցենար՝

ա. պալատական հեղաշրջում,

բ. ներքին ծագման ֆորսմաժորային զարգացում,

գ. արտաքին ծագման ֆորսմաժորային զարգացում,

դ. հեղափոխական զարգացում,

ե. քաղաքական ու տնտեսական կյանքի շարունակական լճացում և հետընթաց:

Բոլոր սցենարներն էլ ենթադրում են մեծ կամ փոքր մասշտաբի ցնցումներ, կորուստներ և անկանխատեսելի զարգացումներ: Դա Սերժ Սարգսյանի ընտրած ճանապարհն է:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը