Քաղաքական

19.04.2017 15:13


«Ցանկալի է այն լուծումը, որով Ղարաբաղը կվերամիավորվի Հայաստանի հետ»

«Ցանկալի է այն լուծումը, որով Ղարաբաղը կվերամիավորվի Հայաստանի հետ»

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավարՄարին Լե Պենը հայտարարել է, Լեռնային Ղարաբաղի հարցում ցանկալի է այն լուծումը, որը հնարավորություն կտա Ղարաբաղին վերամիավորվել Հայաստանի հետ: Այս մասին նա ասել է Nouvelles d'Armenie-ին տված հարցազրույցում:

«ԽՍՀՄ փլուզումից հետո վարչական սահմաններն արագորեն և առանց վերաիմաստավորման դարձան միջազգային սահմաններ, սակայն, անկախությունից առավել ցանկալի կլիներ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեին այնպիսի համաձայնության, որը թույլ կտար Լեռնային Ղարաբաղին վերամիավորվել Հայաստանի հետ»,-ասել է նա։

«Ազգային ճակատի» առաջնորդը նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում Ֆրանսիան պետք է վերագտնի իր առաջնակարգ դերը՝ որպես Արևելքի քրիստոնյաների պաշտպան, ինչպիսին եղել է դեռևս Ֆրանսուա I-ի օրերից։

«Սակայն այդ դերն արհամարհվել է վերջին տասնամյակներին»,-հավելել է նա։

Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում էլ Մարին Լե Պենը շարունակելու է հիշատակել 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

«Ավելին, 1915թ. բազմաթիվ հայերի ժամանումը Ֆրանսիա կարևոր իրադարձություն էր մեր երկրի պատմության մեջ, քանի որ նրանք մեծ ներդրում ունեցան նաև Առաջին աշխարհամարտից հետո մեր երկրի վերակառուցման գործում և կատարյալ կերպով ասիմիլացվեցին»,-ընդգծել է նա՝ միաժամանակ, սակայն, հավելելով, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը չպետք է ընդգրկվի Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնական օրացույցում, քանի որ նման օրերը պետք է առնչվեն միայն ֆրանսիացիների կոլեկտիվ հիշողությանը:

«Կարևոր է, որ 1915թ. ցեղասպանությունը լայնորեն ճանաչվի աշխարհի բոլոր երկրների կողմից, իսկ Թուրքիան ի վերջո պետք է սկսի լրջորեն վերանայել իր պատմության այդ ահավոր էջը: Ֆրանսիան պետք է անպայման աջակցություն ցուցաբերի ճանաչման այս պայքարում ինչպես մարդու իրավունքների հայրենիքի իր կարգավիճակի պատճառով, այնպես էլ հանուն այն մեծաթիվ հայերի, ովքեր ապաստան գտան այստեղ և հաջողությամբ ինտեգրվեցին»,-ավելացրել է Լե Պենը:

Խոսելով Ֆրանսիայի հայ համայնքի դերի մասին՝ նա ողջունել է բոլոր այն ֆրանսիացիներին, ովքեր այսդան լավ ասիմիլացվում են և իրենց ներդրումն են ունենում ամենատարբեր ոլորտներում, ինչպես օրինակ մշակույթը, գիտությունը և նույնիսկ քաղաքականությունը.

«Նրանք ինձ համար կատարյալ օրինակն են նրա, ինչի մասին ես բազմիցս խոսել եմ՝ ֆրանսիացի ազգությունը ժառանգում են կամ դրան արժանանում»:

Մարին Լե Պենը նաև ընդգծել է, որ դեմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը և Ֆրանսիայի նախագահական ընտրապայքարում ինքը միակ թեկնածուն է, ով այս հարցում ունի հստակ և անփոփոխ դիրքորոշում:

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի են ունենալու 2017 թվականի ապրիլի 23-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը