Կարծիք

24.04.2017 22:36


Ջորջ Քլունին ավելի շատ բան է անում Ցեղասպանության ճանաչման համար, քան Հայաստանի իշխանությունները

Ջորջ Քլունին ավելի շատ բան է անում Ցեղասպանության ճանաչման համար, քան Հայաստանի իշխանությունները

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Ինքս էլ եղեռնից մազապուրծ եղած հայերի ժառանգ եմ։ Այս ողբերգությունը չի շրջանցել թերևս ոչ մի հայ ընտանիք և իր ծանր հետքն է թողել համաշխարհային պատմության մեջ։ Սա մեր պատմության որբերգական բայց կարևորագույն էջերից մեկն է։ Ցեղասպանության միջազգային ճանաչումն էլ հայկական պետության արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն է։

Համենայնդեպս, այդպիսին է հռչակված, սակայն, ինչպես և շատ այլ խնդիրներ, մոռացության է մատնված պետության կողմից։ Հայաստանում կար տեսակետ, որ ցեղասպանության ճանաչումը պետք է թողնել պատմաբաններին ու մշակութաբաններին։ Թեև այդ տեսակետն անընդունելի է և, ինչպես տեսանք, մերժելի հասարակության կողմից, այն գոյություն ուներ։ Սակայն մեր պետությունը չգնաց այդ ճանապարհով և ժամանակին մեր դիվանագիտական աշխատանքներն ուղղված էին այդ խնդրի լուծմանը։

Այսօր, սակայն, Ջորջ Քլունին ավելի շատ բան է անում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, քան Հայաստանի Հանրապետությունը։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին բացեիբաց հայտարարում էր, որ դա պետության գործը չէ, ապա Սերժ Սարգսյանն ընտրեց այլ ճանապարհ։ Ցեղասպանության միջազգային ճանաչումը մնաց Հայաստանի դիվանագիտության գերակայություններից մեկը, սակայն այդ ուղղությամբ գրեթե ոչինչ չի արվում։ Գործողություններն էլ սահմանափակվում են Ցեղասպանության ճանաչման համար պայքարով անհատների հետ լուսանկարներ անելով, կամ փակ դահլիճում կինո նայելով։

Սա խոսում է իշխանությունների մոտ պետական մտածողության իսպառ բացակայության մասին։ Գուցե ցինիզմ է, բայց Ցեղասպանության ճանաչման գործընթացը լուրջ դիվանագիտական գործիք է՝ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։ Հենց այս գործընթացն էր, որ ժամանակին զսպում էր Թուրքիային ու թույլ չէր տալիս նրան խառնվել, օրինակ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Սրանով մենք դառնում էինք մեծ տերությունների համար գործընկեր՝ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու գործում։ Բայց դա անցյալում է։

Ակնհայտ է, որ Թուրքիան գնալով հեռանում է համամարդկային արժեքներից, այնտեղ թափ է առնում իսլամիզմը և ագրեսիվ ազգայնականությունը։ Թուրքիան սատարում է ահաբեկչությանը և Արևմուտքում վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ գնալով վատթարանում է։ Բայց մեր իշխանություններն այս պայմաններում նույնիսկ չեն կարողանում մեր շահերն առաջ տանել։

Կամաց-կամաց Լևոն Տեր-Պետրոսյանի ասածն իրականություն է դառնում, սակայն դրանից Հայաստանը չի շահում։ Հայաստանի իշխանությունների պասիվությունը ոչ մի կերպ չի ազդում Թուրքիայի վերաբերմունքի վրա։ Թուրքիայում ոչ մեկ չի խոսում սահման բացելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին։ Այլ հարց է, թե դրանից մենք ինչ կշահենք։ Խնդիրն այն է, որ այսօր մեր քաղաքական էլիտան չունի որևէ դիրքորոշում այս հարցի շուրջ։ Դե, իհարկե, դրանից նրանք ոչ հարստանալու են, ոչ էլ աղքատանան, էլ ի՞նչ իմաստ ունի մտահոգվել։ Կինո են նայում․․․

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը