Կարծիք

15.03.2009 17:54


ՆՈՐ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ՆՈՐ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Էս իմ առաջին տեքստն ա էս նոր կայքի համար:  Նոր կայք, այսինքն' խոսելու նոր տարածություն: Ու էդ տարածության լանդշաֆտը դեռ չկա, դեռ նոր ա սարքվելու: Ուրախ գործ ա' խոսքի միջոցով սարքել նոր լանդշաֆտ: Ուրախ ա, դրա համար էլ ընտրեցի իմ էս զբաղմունքը, որի ճշգրիտ անունը չկա: Ինձ ասում են հրապարակախոս, չնայած հրապարակներում խոսողը ես չեմ, ուրիշներն են: Տանը գրում են իրանց տեքստը, հետո գալիս՝ կարդում են հրապարակներում: Իսկ ես իմ գրածը բարձրաձայն չեմ կարդում, սպասում եմ, որ կարդան ուրիշները: Իմ գրած տեքստերը սենյակում են կարդում, առանձին: Բայց դրանք անձնական նամակներ չեն, հրապարակային տեքստեր են: Կարդացողը գիտի, որ իրա կարդացած էս տեքստը, էս նույն պահին, ուրիշ սենյակում նստած, կարդում են նաև ուրիշները: Առանձին են կարդում, բայց նաև միասին են: Միասին են էն հրապարակում, որ նյութապես գոյություն չունի, բայց փաստացի կա, ստեղծվել ա խոսքի միջոցով: Էդ իմ հրապարակն ա, ես եմ սարքել: Ազատության հրապարակ եկողների մեծ մասը իմ հրապարակն էլ ա գալիս: Բայց իմ հրապարակ են մտնում նաև նրանք, ովքեր ոչ Օպերայի շուրջը, ոչ Մատենադարանի շուրջը երբեք չեն կանգնել, Հյուսիսային պողոտայում երբեք չեն զբոսնել: Էս իմաստով իմ հրապարակը գուցե նույնիսկ Ազատության հրապարակից ավելի մեծ լինի: Որովհետև բաց ա բոլորի առաջ: Անխտիր բոլորի: Առանց բառացության: Նաև նրանց առաջ, ում դեմ ուղղված ա խոսքը: Հետաքրքիր բառ ա, չէ՞' «խոսք ուղղել»:  «Ուղիղ» բառից ա: Խոսքը «ուղղվում ա», ճանապարհ ա ընկնում, տեղ ա հասնում, եթե ուղիղ ա: Գտա: Փնտրում էի հրապարակիս անունը ու վերջապես գտա' «Ուղիղ խոսքի հրապարակ»: Ես իմ հրապարակը շատ գովեցի, իսկ հիմա ուզում եմ ասել դրա հիմնական ու խոշոր թերությունը' շուրջս լիքը մարդ կա, բայց խոսում եմ մենակ ես: Երկու տարի առաջ, երբ որ «Հայկական ժամանակում» դեռ նոր էի սկսել կանոնավոր գրել, ակնկալում էի, որ խոսքս չի մնա մենախոսության ժանրում, կվերաճի բազմախոսության: Բայց անցած ավելի քան երկու տարվա ընթացքում երբեմն-երբեմն արձագանքեց մենակ Հրանտ Տեր-Աբրահամյանը: Սկզբում չէի ուզում հաշտվել սրա հետ, մարդկանց առաջարկում էի, որ արձագանքեն, նույնիսկ արձագանք հրահրել էի փորձում: Հետո տեսա' բան չի ստացվում: Փաստորեն ասում էին' քո հրապարակն ա, դու էլ խոսի: Գուցե ճի՞շտ էին ասում: Չգիտեմ: Ամեն դեպքում, էս սկզբունքը Հայաստանում գործող հիմնական սկզբունքն ա էսօրվա վիճակով. ամեն հրապարակում' մեկ խոսացող: Լանդշաֆտ որ ասում էի' էս նկատի ունեի: Հնարավո՞ր ա Հայաստանում ուրիշ լանդշաֆտ: Չգիտեմ, բայց պետք ա փորձել: Ու էս կայքը լավ հնարավորություն ա' բազմախոսությունը փորձելու: Եթե հանկարծ ու ստացվեց' շատ բան կարող ա փոխվել մեր շուրջը: Հայաստանը ծավալներով փոքր երկիր ա, բավականաչափ ռեսուրսներ չունի, որ ասպարեզում անընդհատ նոր մարդիկ հայտնվեն: Ուրեմն պետք ա ստեղծել նոր տարածություն, էն տեսակ տարածություն, որտեղ նույնիսկ «հին» մարդիկ կսկսեին խոսել նոր ձևով: Ես, համենայնդեպս, էս ակնկալիքն ունեմ նորաստեղծ «7 օր» կայքից:

Մարինե Պետրոսյան

Այս խորագրի վերջին նյութերը