Մեկնաբանություն

29.04.2017 10:00


Ով ում հրաժարականին է սպասում

Ով ում հրաժարականին է սպասում

Մի քանի օր շարունակ ինձ բավական զվարճացրեց ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը, որը օրական մի քանի անգամ վստահ պնդում էր. «Բացառում եմ, որ ԵԽԽՎ Բյուրոյի նիստին Պեդրո Ագրամունտը հրաժարական չտա»:

Պարզվում է, Ֆարմանյանի բյուրեղյա երազանքը սա էր: Հայաստանցիների մեծամասությունը տարիներ շարունակ երազում է Ֆարմանյանի կուսակցական առաջնորդի հրաժարականը, իսկ ահա ՀՀԿ-ականը ամեն օր Ստրասբուգից (որտեղ մասնակցում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին) «աչքալուսանքի» պես ԶԼՄ-երին տեղեկացնում էր, թե շաբաթավերջին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ագրամունտին այլևս չենք տեսնի այդ պաշտոնում: Ինչի՞ վրա էր ուրախանում Ֆարմանյանը:

ԵԽԽՎ պատգամավորները պարզաբանում էին պահանջել (ոմանք էլ հրաժարական) Ագրամունտից՝ պնդելով, որ «Սիրիա այցելությամբ եվրոպացի քաղաքական գործիչը լեգիտիմացնում է Կրեմլի գործողություններն այդ երկրում»։ Վեհաժողովի նախագահը ներողություն էր խնդրել: Բայց ՀՀԿ-ականը երջանկությունից թռչկոտում էր՝ հուսալով, որ սա լավ առիթ կարող է լինել, որպեսզի Ալիևների բարեկամ ու պրոադրբեջանական գործիչ համարվող ԵԽԽՎ նախագահը վերջապես գահընկեց կարվի: Բա ո՞նց, ըստ Ֆարմանյանի, նա «Քադաֆի է, նա Սադամ է, թաղված է քաղաքական կոռուպցիայի մեջ»: Ոչինչ, որ նույնկերպ այստեղ բնորոշում են ՀՀԿ ղեկավարին: Մինչդեռ, նման բան տեղի չունեցավ: Ավելի ճիշտ, Պեդրո Ագրամունտը նույնիսկ Բյուրոյի նիստին չներկայացավ: Այսինքն՝ հրաժարական չտվեց:

Իսկապես, զավեշտալի էր Ֆարմանյանի խանդավառությունը (խեղճի «մուրազը փորում մնաց»):

ՀՀԿ-ականները ողջ տարվա ընթացքում Ստրասբուրգն են չափչփում, Վեհաժողովի դահլիճում ու միջանցքներում են նստած ու ճեմում, բայց զայրանում են, որ եվրոպացի այս կամ այն գործիչը պրոադրբեջանական է կամ Ադրբեջանի օգտին լոբբինգ է անում, նրանց «խավիարն է լափում»: Եվ նման բաներ: Է՛հ, դուք էլ ձեր երկիրը մի լափեք ու կարողացեք ԵԽԽՎ-ում ձեռքբերել պրոհայկական դեմքերի՝ Վեհաժողովի նախագահից մինչև «սովորական» պատգամավորներ: Թե չէ՝ Սիրիա այցելության առիթով վեր թռչել ու «բալետ անել», հրճվանքից ծափահարել ու սպասել, թե երբ հրաժարական կտա Ագրամունտը, այդ կրկեսային համարը Ստրասբուրգում ընդամենը կարող է քմծիծաղ առաջացնել: Հայրենիքը կրկեսի եք վերածել ու կարծում եք, թե ամենուր այդպե՞ս է: Ինչևէ, Ֆարմանյանի «չարչարանաց շաբաթն» ավարտվեց:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը