Քաղաքական

02.05.2017 10:15


Հայ և ադրբեջանցի գյուղապետերը հանդիպել են Թբիլիսիում

Հայ և ադրբեջանցի գյուղապետերը հանդիպել են Թբիլիսիում

Ապրիլի 26-ից 28-ը Թբիլիսիի «Աստորիա» հյուրանոցում կայացավ հայ-ադրբեջանական հանդիպում, որին մասնակցում էին հիմնականում Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի ու Թովուզի շրջանների գյուղապետեր և համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է «artsakhpress.am»–ը։

Նախաձեռնության կազմակերպիչն էր բրիտանական «Saferworld»-ը՝ Շվեյցարիայի արտգործնախարարության ֆինանսավորմամբ: Հայկական կողմը ներկայացնում էր Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (Երևան), ադրբեջանական կողմը՝ Հումանիտար հետազոտությունների ընկերությունը (Բաքու), երկուսն էլ՝ հասարակական կազմակերպություններ:

Հանդիպումն անցկացվում էր «Chatham House Rule» սկզբունքով, այսինքն՝ նախաձեռնության մասին կարելի է գրել, մեջբերել հնչած փաստեր ու տեսակետներ, սակայն չի կարելի նշել անուններ: Սա արվում է, որպեսզի հանդիպումն անցնի ավելի անկաշկանդ մթնոլորտում:

Թբիլիսյան եռօրյա հանդիպման կազմակերպիչները հրավիրել էին նաև տողերիս հեղինակին՝ որպես լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ: Հայաստանից հանդիպմանը մասնակցում էին Տավուշի մարզի հինգ գյուղապետեր, երկու համայնքային կառույցների ներկայացուցիչներ, երկու հոգի Քաղաքացիական հասարակության ինստիտուտից և մեկ լրագրող: Ադրբեջանական կողմից ևս մասնակիցների ընդհանուր թիվը տասն էր:

Անցնող տարիներին Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Հումանիտար հետազոտությունների ընկերությունը միջազգային դոնորների ֆինանսական օժանդակությամբ իրականացրել են համայնքային ծրագրեր պետական սահմանին մոտ գտնվող մի շարք հայկական և ադրբեջանական գյուղերում: Հայկական և ադրբեջանական կազմակերպությունների ղեկավարները հանդիպման երրորդ օրը, որին ներկա էին նաև Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական և միջազգային կառույցների անդամներ, հակիրճ ներկայացրին զեկույցներ սահմանային համայնքների հիմնախնդիրների մասին:

Հիմնախնդիրները գրեթե նույնն են՝ գյուղերը հակառակորդի դիպուկահարների և փոքր ու միջին տրամաչափի զենքերի կրակի տակ են, մարդիկ չեն կարողանում մշակել հողամասերը, կա խմելու և ոռոգման ջրի խնդիր, ճանապարհները վատ վիճակում են, գործազրկության և խաղաղության փաստացի բացակայության պատճառով մարդիկ արտագաղթում են: Սահմանի երկու կողմերում էլ կառուցվել են անվտանգության պատեր, որոնք խաղաղ բնակիչներին, առաջին հերթին՝ դպրոցականներին և երեխաներին, պաշտպանում են դիպուկահարներից:

Թբիլիսիի «Աստորիա» հյուրանոցի այն կոնֆերանս-դահլիճում, որտեղ կայանում էր հանդիպումը, կողմերը պատերին կախել էին լուսանկարներ, որոնց հեղինակները նաև սահմանային գյուղերի դպրոցականներն էին:

Չնայած արդեն ավելի քան 25 տարի Տավուշի մարզի և Ղազախի ու Թովուզի շրջանների միջև չկա որևէ շփում, հայ որոշ գյուղապետեր հիշում են ադրբեջաներենը և հակառակը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Այս խորագրի վերջին նյութերը