Մեկնաբանություն

03.05.2017 13:11


ՀՀԿ-ական «սերնդափոխություն»

ՀՀԿ-ական «սերնդափոխություն»

Այս պահի դրությամբ՝ ԿԸՀ-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումներ է ներկայացրել ՀՀԿ-ից 9 թեկնածու: Նախընտրական քարոզարշավում ակտիվ դերակատարություն ունեցած Վիգեն Սարգսյանն ու Արմեն Ամիրյանը պարզ է, որ խորհրդարան չէին գնալու: Շեֆը համարել է, որ ՀՀ պաշտպանության և մշակույթի նախարարներն «իրենց ափսեի մեջ» են: Մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել նաև ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը, որի մասին ավելի վաղ գրվել էր, որ զբաղեցնելու է ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը: ՀՀԿ-ական Արտակ Դավթյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումի մասին խոսք չկա: Այս ՀՀԿ-ականի մասին էլ Շարմազանովն ասել էր, որ զբաղեցնելու է ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը:

Պարզվում է նաև, որ Արման Սահակյանը ևս շեֆի որոշմամբ Աժ չի մտնելու (հավանաբար, մնալու է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ. թեպետ, վարչապետ Կարապետյանը հաճախ է Սահակյանի գործունեության առնչությամբ նկատողություն անում): Ինչևէ, ենթադրելի է, որ շեֆը որոշել է Արման Սահակյանի հորը՝ Գալուստ Սահակյանին թողնել ԱԺ-ում, իսկ որդուն՝ իր պաշտոնում: Պարզ էր նաև, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ևս մնալու է մարզպետի պաշտոնում, որը նույնպես մանդատից հրաժարվող 9 թեկնածուներից մեկն է:

Բայց ապշեցուցիչն այն է, որ Տարոն Մարգարյանն է մանդատից հրաժարվել: Սա նշանակում է, որ նրա կուսակցության ղեկավարն իրեն արդեն «հաղթեցրել» է մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում: Այսպիսի բան կարող է լինել միայն տոտալիտար համակարգերում, երբ դեռ ընտրություններին երկու շաբաթ կա, բայց շեֆը վճռել է, որ Տարոնը պետք է մնա քաղաքապետի պաշտոնում (թե ասա՝ ինչո՞ւ եք փող ծախսում ու ընտրություններ կազմակերպում, հենա նշանակովի արեք ու պրծեք, էլի):

Օրենսդիր մարմնում «քաղաքական սերնդափոխությունը» շարունակվում է: Իսկ ընդհանրապես, եթե Սերժ Սարգսյանը անկեղծ լինի, ապա պետք է խոստովանի, որ ոչ մի ոլորտում էլ սերնդափոխություն չի լինելու:

«Հիմա մի բան էր, ասեցի, էլի...հո կրակը չընկա՞»: Սա՛ է Սերժ Սարգսյանի վարքագիծը: Բայց հո չի՞ խոստովանի այդ մասին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը