Հարցազրույց

04.05.2017 23:30


Ադրբեջանը ԵԱՀԿ-ում հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ

Ադրբեջանը ԵԱՀԿ-ում հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ

ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը News.am լրատվական գործակալության հարցին

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք այսօր ԵԱՀԿ Մշտական խորհրդում կազմակերպության երևանյան գրասենյակի շուրջ տեղի ունեցած զարգացումները։

Տիգրան Բալայան. Իր խիստ ապակառուցողական մոտեցումներով Ադրբեջանը ԵԱՀԿ-ում հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ: ԵԱՀԿ նախագահությունը, մասնակից երկրները, քարտուղարությունը` բոլորը սատարում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը, և միայն Ադրբեջանն է, որ, չարաշահելով կազմակերպության կոնսենսուսի սկզբունքը, որի համաձայն նույնիսկ մեկ երկիր կարող է խափանել որոշումների ընդունումը, դեմ է հանդես գալիս ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության շարունակմանը, դրանով իսկ հակադրվելով ամբողջ կազմակերպությանը:

Այսօր ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի ներկայացուցիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդում ելույթ է ունեցել` հայտարարելով, որ, չնայած իրենց ներդրած ջանքերին, անհնար է եղել համաձայնության հանգել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ: Ինչպես հունվար ամսին Մշտական խորհրդում կատարած հայտարարության մեջ, այնպես էլ այսօր ավստրիական նախագահությունը բարձր է գնահատել հարցին լուծում գտնելու ուղղությամբ Հայաստանի ներդրած կառուցողական ջանքերը: Հայաստանի մոտեցումներն ըստ արժանվույն են գնահատվել նաև այլ մասնակից երկրների կողմից:

ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակությունը հանդես է եկել ելույթով, որտեղ, մասնավորապես, անդրադարձ է կատարել այն բոլոր քայլերին, որոնք Հայաստանը ԵԱՀԿ նախորդ՝ գերմանական և ներկայիս՝ ավստրիական նախագահությունների հետ միասին իրականացրել է երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման նպատակով: Հայկական կողմը նաև ներկայացրել է գրասենյակի փակմանն ուղղված Ադրբեջանի նպատակաուղղված գործողությունները, որոնք գնալով ավելի լայն թափ են հավաքել նույնիսկ այն բանից հետո, երբ ԵԱՀԿ ավստրիական ու գերմանական նախագահությունները հստակորեն հերքել են գրասենյակի հասցեին ուղղված Բաքվի արհեստածին մեղադրանքները:

Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումից հետո, փաստացի արգելափակելով նաև երևանյան գրասենյակի գործունեությունը, Ադրբեջանը զրկում է ԵԱՀԿ-ին Հարավային Կովկասում լիարժեք առաքելության ներկայությունից, ինչը, բնականաբար, չի կարող բացասաբար չանդրադառնալ ոչ միայն մեր տարածաշրջանում ԵԱՀԿ գործունեության, այլև ընդհանրապես կազմակերպության և նրա կառույցների վրա:

ԵԱՀԿ ավստրիական նախագահության և մասնակից երկրների ջանքերը՝ Բաքվին կառուցողական դաշտ վերադարձնելու և Երևանում ԵԱՀԿ գրասենյակի բնականոն գործունեությանը չխոչընդոտելու ուղղությամբ, ապարդյուն անցան։

Ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ Ադրբեջանը ամենօրյա ռեժիմով ոտնահարում է ԵԱՀԿ սկզբունքներն ու հանձնառությունները, այդ թվում` հիմնարար ազատությունները, և այս առումով մշտապես գտնվում է միջազգային քննադատության թիրախում: Իսկ այժմ, խոչընդոտելով նաև ԵԱՀԿ գործունեությունը և հերթական անգամ մարտահրավեր նետելով միջազգային հանրությանը, Բաքուն արձանագրեց միջազգային ասպարեզում իր հերթական ձախողումը` խորացնելով անջրպետը իր և քաղաքակիրթ աշխարհի միջև:

Հայաստանը շարունակելու է գործել որպես ԵԱՀԿ ակտիվ և նախաձեռնող անդամ՝ իր նպաստը բերելով կազմակերպության նպատակների իրականացմանը։ Հայկական կողմը պատրաստ Է դիտարկել Հայաստանում ԵԱՀԿ-ի ծրագրերի իրականացման առաջարկները, որոնք, մասնավորապես, հնչեցվել են ԵԱՀԿ Մշտական խորհրդի ընթացքում:

Այս խորագրի վերջին նյութերը