Մեկնաբանություն

10.05.2017 10:00


Գաղջը խորանում է

Գաղջը խորանում է

Սերժ Սարգսյանը գաղջից էր բողոքում (որն ինքն է ձևավորել) ու հիմա էլ գոհ է, որ հաղթանակի օրը Եռաբլուրում, «Հաղթանակ» զբոսայգում, թե այլուր լրատվամիջոցների ներկայացուցիչները ոչ թե նշանակալի օրը կարևորող հարցեր են ուղղում տվյալ վայրերում հարգանքի տուրք մատուցող պաշտոնյաներին ու օրենսդիրներին, այլ ճղճիմ «մուտիլովկաներին» սովոր անկապ ու անիմաստ քչփորող հարցերի շարան են «դեմ տալիս»:

Հերոսները, նրանց սխրանքները զրոյական նշանակություն ունեն սրանց համար, կարևորը այս կամ այն պաշտոնյայի կամ պատգամավորի ապագային ու արած գործին վերաբերող հարցերն են: Դե, ՀՀԿ ղեկավարն էլ առանձնապես չի հիշատակում Մոնթեի, Դուշմանի, Պետոյի, Կրպեյանի և Եռաբլուրում վերջին հանգրվանը գտած մեր մյուս հերոսների, նաև՝ ապրող հերոսների անունները: Հետևաբար, Բ26-ին պատկանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին էլ պետք չէ հիշել ու հերոսների մասին հարցեր ուղղել հարգանքի տուրք մատուցողներին (ավելի ճիշտ՝ հարց տվողները մեր ազատագրական պայքարի հերոսներին էլ չգիտեն ու նրանց չեն էլ հետաքրքրում հայրենիքի համար նահատակված և ապրող հերոսները): Դրա համար էլ վազում ու Նաղդալյան Հերմինեին են «խոսեցնում» կամ էլ իրեն Տիգրան Մեծի կողքին պատկերացնող Մանվել Գրիգորյանին:

Գարշելի է այս ամենը: Հաղթանակը այսկերպ են մսխում, երբ տարին տարվա վրա առաջին դեմքից սկսած մինչև նրա լրագրողներ՝ «մտահան» են անում հերոսներին: Դիտում, լսում ու զարմանում ես՝ ախր, մեր հերոսների կատարած սխրանքը չլիներ, հիմա դո՛ւք, լրագրող կոչվածներ, այսպես անիմաստ չէիք «ճտպտա»: Բայց գոնե մի օր կարելի է չէ՞, փտած ներքաղաքական դաշտի «զարգացումներից» չխոսել ու միայն հարցերը ձևակերպել օրվա խորհրդին համապատասխան: Եվ ի՞նչ հարցեր են: Մահու չափ ձանձրալի՝ նույն կոտրած «պլաստինկայի» հանգույն հետաքրքրվում են սրա ու նրա քաղաքական ճակատագրով, լսում պատասխանը, մի կուշտ կչկչում ու այդ ամբողջ աղբը լցնում իրենց էջերը:

Գրողը տանի, միթե՞ չհոգնեցիք նույն հարցերը տալուց ու ոչ մի հոդաբաշխ պատասխան չստանալուց: Դե, բայց գաղջը պետք է լա՜վ թանձրացնեն՝ հանրությանը բթացնելու համար: Իսկական օփիում: Սա՛ է Սերժ Սարգսյանի ուզածը, ինչն էլ անում են նրա սղագրողները:

Այս ամբողջ «ըսի-ըսավ»-ների աղբակույտի գոյությունը խիստ անհրաժեշտ է ՀՀԿ ղեկավարին, որի տակ կամ որի միջոցով հեշտությամբ կարողանում է թաքցնել սեփական անգործությունը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը