Մեկնաբանություն

15.05.2017 08:25


Երևանցիների մեծ մասը բոյկոտեց

Երևանցիների մեծ մասը բոյկոտեց

Երևանի ավագանու ընտրություններին, նախնական տվյալներով, ընտրելու իրավունք ունեցող 842 147 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 345 226 ընտրող, որը կազմում է 40,99 տոկոսը: Դե, «հին հայկական ադաթով»՝ նախնական տվյալները վերջնականից տարբերվում են տասը ձայն այս կողմ-այն կողմ «հաշվարկով»:

Սակայն խնդիրը նախնականի ու վերջնականի տարբերությունը չէ, այլ այն հանգամանքը, որ երևանցիների շրջանում խոր հիասթափություն կա: Այլապես ընտրողների այսչափ պասիվ, ցածր մասնակցություն չէր արձանագրվի: Մայրաքաղաքային իշխանություն ընտրելու հարցում երևանցիների պասիվության ու անտարբերության պատճառը պետք է փնտրել ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն անպատկառորեն կեղծելու իշխանութան գործելաոճի մեջ:

Ապրիլի 2-ից հետո ժողովրդի շրջանում հիասթափության և հուսահատության զգացումն ավելի խորացավ: Հանրությունն այլևս չի հավատում ոչ մի բանի: Սա շատ վտանգավոր հոգեվիճակ է: Մարդիկ վերջնականապես կորցրել են հավատը «ընտրություն» կոչված միջոցառման նկատմամբ, քանի որ գործող իշխանությունը որդեգրել է զուտ ձևական կեցվածք, թե, իբր, «անբիծ» ընտրություններ են անելու: Ոչ մի նման բան չկա: Ուղղակի «պտիչկա» դնելու, միջազգային հանրությանը ցույց տալու համար ստիպված են այդ միջոցառումները 5 տարին մեկ անգամ անել՝ օգտագործելով վարչական ռեսուրսը, գործի դնելով ընտրակաշառքի, ընտրակեղծիքի, ընտրախախտումների մեխանիզմը: Բնականաբար, դրան զուգահեռ՝ դիմելով բռնություննների, հրազենի, ահաբեկման ծանոթ ու հարազատ մեթոդներին:

Այս առումով Երևանի ավագանու ընտրությունները գրեթե ոչնչով չտարբերվեցին ապրիլի 2-ի ընտրություններից: Դե, կազմակերպիչը նույն իշխանությունն էր՝ սեփական ոճի մեջ: Ամեն դեպքում, ապշեցուցիչն այն է, որ 500 հազար երևանցի, ըստ էության, ցանկություն չունեցավ սեփական քաղաքային իշխանությունը ձևավորելու հարցում իր մասնակցությունն ունենալ (աբսուրդ է. երկրի բնակչության մեծ մասը կենտրոնացված է Երևանում, սակայն 345 հազարի ձայնով է վճռվում մայրաքաղաքի ճակատագիրը): Սա նշանակում է, որ այդ մեծ զանգվածը լրիվ ապատիկ վիճակում է, ու նրա համար գերիշխողը մնում է այն մտայնությունը, որ «Էս իշխանության օրոք բան էլ չի փոխվի»:

Ինչ խոսք, անհուսությունից ձեռքը թափ տալն ու հետ քաշվելը, նման մտայնությամբ տարիներ գլորելը դեպի փակուղի տանող ճանապարհ է, ինչը ձեռնտու է միայն մշտապես վերարտադրվող իշխանությանը: Ավաղ, այս պահին հանրային տրամադրություններն այսպիսին են, ինչն, իհարկե, չի նշանակում, որ այդպիսին էլ պետք է մնան: Երկու ընտրություններին հաջորդած՝ մի մասի համար՝ շոկային, մյուս մասի համար՝ ապատիկ վիճակը հաղթահարելու համար փոքր-ինչ ժամանակ է պետք: Ինչից հետո միայն կարող ենք ենթադրել, թե ժողովուրդն ինչպիսի վարքագիծ կդրսևորի: Վաղ թե ուշ ստիպված է լինելու ուշքի գալ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը